Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Չարչյանը՝ մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ լինելու, «ադամանդե» հատկությունների ու երջանկության մասին

Հուլիս 28,2021 13:00

«Առավոտը» վերսկսել է «առանց փողկապի» ձեւաչափով «Հաջողության պատմություն» հաղորդաշարը` արդեն նոր տաղավարում:

Այս անգամ հյուրընկալել ենք «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր, ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների դեմք, ոսկե մեդալակիր Նարինե Չարչյանին: Տիկին  Չարչյանի հետ զրույցը թեթեւ էր, բայց բավականին բովանդակալից եւ հետաքրքիր:
Պատասխանելով մանկության վերաբերյալ «Հաջողության պատմություն» շարքի ավանդական հարցին՝ Նարինե Չարչյանն ասաց, որ բավականին ակտիվ երեխա է եղել, իսկ 8  տարեկանից հետո իրեն հասուն աղջիկ է համարել: Ապա մի հետաքրքիր դրվագ հիշեց մանկությունից. «Քանի որ շատ լավ երգում, պարում, նվագում էի, տարբեր առիթների ժամանակ ծնողներս  ասում էին՝ հիմա իմ աղջիկը կերգի: Հերթական անգամ, երբ հյուր էինք, ես երգեցի, պարեցի, եթե չեմ սխալվում՝ այդ ժամանակ վեց տարեկան էի: Հյուրերից մեկը ոգեւորված ասաց. «Վայ, ինչ լավ աղջիկ ես, ես քեզ իմ տղային հարս եմ տանելու»: Այդ պահին ես կանգնած տեղից ասացի. «Դուք շատ ուշացել եք, ես արդեն ամուսին ունեմ»… Բնականաբար, բոլորը սկսեցին ծիծաղել իմ «մեծ-մեծ» խոսքերի համար:  Ավելի ուշ, ծնողներս, երբ հարցրին, թե ինչու եմ այդպես պատասխանել, «արդարացա», որ ստիպված էի «խաբել»՝ բա որ հանկարծ ինձ հարս տանեին…»:

Մեր դիտարկմանը, որ հաջողակ գործարար կին է՝ կառավարչական հմտություններով օժտված, միաժամանակ կանացի ու գեղեցիկ, հետեւաբար կանացիության եւ ուժի ներդաշնակությունը որքանո՞վ է օգնում բիզնեսում, տիկին Չարչյանը՝ վկայակոչելով Չեխովին, այսպես պատասխանեց. «Ընդհանրապես մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ մտքերը, արտաքին տեսքը, ամեն ինչը…Մարդ արարածը պարտավոր է աշխատել իր վրա եւ լինել գեղեցիկ: Գեղեցիկ լինելը լայն հասկացություն է՝ գեղեցիկ խոսք, գեղեցիկ պահվածք, հագուստ, արտաքին եւ այլն»:

Հարցին`  իր ռեստորանային համալիրը կրում է «Դայմոնդ» անունը՝ իբրեւ շքեղության ու փայլի խորհրդանիշ, ադամանդին բնորոշ ի՞նչ հատկանիշներ կան, որ իր բնավորության, խառնվածքի հետ ընդհանրություններ ունեն, մեր հյուրը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես այդ քարը նախընտրում եմ բոլոր մնացած քարերից, քանի որ այն ամուր է, կարծր, ինչն ինձ  եւս բնորոշում է: Բացի այդ, դայմոնդը՝ ադամանդը, չի սիրում ավելորդություններ, «բռնվում» է մեկ պատյանի մեջ…Այնպես որ, պատահական չի ընտրված իմ բիզնեսների անունը»:

Քանի որ  մեր նախորդ հյուրին եւս  նման հարց էինք ուղղել, խնդրեցինք, որ Նարինե Չարչյանը եւս պատասխանի, թե ինչ է մտածում «Մարդուն հագուստով ընդունում են, խելքով ճանապարհում» ձեակերպման վերաբերյալ: «Համամիտ եմ, իրոք այդպես է…Մարդը պետք է առաջին տպավորությամբ ներկայանալի տեսք ունենա: Պարտադիր չէ, որ  ամեն ինչ ճոխ լինի, բայց ներկայանալի պետք է լինի: Մյուս կողմից՝ ոչ մի ճոխություն քեզ չի փրկի, եթե չունես գիտելիքի պաշար, չես կարող գեղեցիկ ու կապակցած խոսել…Այսինքն՝ հագուստը կարեւոր է առաջին տպավորության համար, բայց վերջնարդյունքում միտքն ու խելքն են էական»,-ասաց տիկին Չարչյանը:

Հարցին՝ համամի՞տ է տարածված այն կարծիքի հետ, թե տղամարդիկ հիմնականում կոմպլեքսավորվում են ուժեղ կանանց ներկայությունից, Նարինե Չարչյանը պատասխանեց, որ սովորաբար տղամարդիկ ուժեղ, գեղեցիկ, խելացի եւ կայացած կանանցից փախչում են. «Չնայած իր բոլոր առավելություններին՝ տղամարդն ուզում է կողքին տեսնել ավելի թույլ կնոջ, փիսիկի: Մյուս կողմից, ուժեղ կինն այնքան խելացի է, որ հասկանում է, որ եթե իր կողքին կա տղամարդ, ուրեմն նա այնքան ուժեղ է, որ հանդուրժում է ուժեղ կնոջը: Ինքս էլ այդպիսին եմ: Ի դեպ, ուժեղ կնոջ պարագայում տղամարդը միշտ շահում է, կյանքն էլ առաջ է գնում կարգավորված, ես դա ասում եմ եւ տակն էլ դնում եմ իմ ստորագրությունը»:

Նարինե Չարչյանը համամիտ չէ տարածված  ասույթի հետ, թե «ճանապարհը դեպի տղամարդու սիրտ անցնում է նրա ստամոքսի միջով»: Նա չի կարծում, որ տղամարդիկ այնքան պարզունակ են, որ ստամոքսին են առաջնահերթությունը տալիս: Համարելով, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհը տղամարդու աչքերն ու ականջներն են, տիկին Չարչյանը միաժամանակ ընդգծում է. «Լիարժեք ներդաշնակության համար կինը պարտավոր է համեղ եւ նախընտրելի կերակուրներ պատրաստել սիրելի տղամարդու համար, որպեսզի քիմքն էլ շոյի»:
Նրա ձեւակերպմամբ, յուրաքանչյուր կին պարտավոր է լինել նաեւ լավ տանտիկին, օրինակ, ինքը սիրում է պատրաստել, ավելին՝ հոգի է դնում իր պատրաստած ուտելիքի մեջ: Ասում է նաեւ, որ քիչ է քնում, եւ համոզված է, որ շատ քնող ու այդ պատճառով ժամանակն անտեղի ծախսող կանայք կարող են ավելի պակաս կայացած լլինել:
Իսկ ի՞նչը կարող է իրեն ոգեւորել եւ ինչը՝  խոցել, հիասթափեցնել: Դա կախված է նրանից, թե ով է խոցողը: Նարինե Չարչյանը վստահ է, որ հարազատ մարդիկ չեն խոցում, իսկ կոպիտ խոսքերը, խոցելը եւ վիրավորելը համարում է ցածր մարդկանց մենաշնորհը: Նաեւ ասում է, որ եթե իրեն հարցնեն՝ արդյոք Նարինե Չարչյանը լիարժեք ճանաչո՞ւմ է Նարինե Չարչյանին, բացասական պատասխան կտա: Դրանում վերջերս է համոզվել:

Մեր հարցին՝ երբեւէ  կոմպրոմիսի կգնա՞ իր սկզբունքների հաշվին՝  կայացած եւ տեսակով ուժեղ մեր հյուրը պատասխանում է, որ տարբեր իրավիճակներով պայմանավորված՝  մարդ կարող է զարմանալի թվացող արձագանք ունենալ. «Երբ ինչ-որ իրավիճակ գալիս-կանգնում է դիմացդ, դու այդ պահին ես հասկանում, թե ինչքան ուժեղ ես, որ կարողանում ես յուրաքանչյուր  իրավիճակ ընդունել այնպես, ինչպես այն կա, ու դրանից խնդիր չես ստեղծում»:

Մեր հյուրն ասում է, որ անչափ խստապահանջ է իր եւ ուրիշների հանդեպ, ատում է սուտը, ընկերներին բծախնդրորեն է ընտրում: Իրեն համարում է երջանիկ եւ ինքնաբավ. «Երջանկությունը շատ կարեւոր մանրուքների հավաքածու է, որը տեղավորվում է մի մեծ սկուտեղում, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է… Դու երջանիկ ես, երբ առավոտյան արթնանում ես, երջանիկ ես, երբ վայելում ես քո սուրճը, երջանիկ ես, երբ աշխատավայրում հարգալից եւ ժպտադեմ մարդիկ են դիմավորում, երջանիկ ես, երբ քեզ սիրում ու հարգում են, երբ դու ինչ-որ մեկի համար լավ բան ես անում…Երջանկության մեջ կարեւոր է նաեւ տղամարդու գործոնը»:

Նարինե Չարչյանն ասում է, որ անչափ սիրում է Երեւանը, ամբողջ Հայաստանը, «դրսում» լավ է զգում Մոսկվայում, Լոնդոնում ու Վենետիկում:

Հավելենք, որ Նարինե Չարչյանի մասնակցությամբ հաղորդումը վարել են Գոհար Հակոբյանն ու Էդգար Այվազյանը, իսկ մեր հաղորդման գործընկերներն են «Պարկ» եւ Terrazza ռեստորանները:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031