Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին Արծրունի տոնայնությունի՞ց պետք է որոշեր՝ գնա՞ երկիրը պաշտպանելու, թե ոչ»․ Մհեր Հակոբյանի խոսքով՝ «բոլոր պոպոքներն Արծրունի գլխին կոտրին»

Օգոստոս 08,2021 15:30

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ, 2020 թ․-ի  պատերազմի ընթացքում «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում» ՀՀ ՊՆ ներկայացուցիչ հանդիսացած Արծրուն Հովհաննիսյանը հաղորդումների շարք է սկսել, որում ի թիվս այլ հարցերի երեկ նա բացատրեց, թե ինչու չի կարելի պատերազմական քարոզչության ժամանակ հայտարարել, թե ամեն ինչ վատ է, թե հույս չկա, թե պարտվելու ենք։

Aravot.am-ը ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանին խնդրեց գնահատել՝ արդյոք չափից դուրս էյֆորի՞կ չէր պատերազմական քարոզչությունը, եւ դրա հետեւանքով ի՞նչ իրավիճակ ունեցանք։

Մհեր Հակոբյանը նշեց․ «Բնականաբար, նոյեմբերի տասից հետո որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի եւ ռազմաքաղաքական վերլուծաբան, որն այս աղետը ծանր ապրեց, ես շատ եմ մտածել այդ ամենի մասին եւ ունեմ իմ վստահ ձեւավորված կարծիքը։ Միանգամից նշեմ, որ՝ ոչ։ Եթե հետ նայեմ, կարծում եմ՝ մենք քարոզն իր հիմնական գծերով արել ենք այնպես, ինչպես պետք է անեինք։ Գուցե բացթողումներ եղան, բայց դրանք ոչ թե ի սկզբանե էին, այլ ընթացքում պետք է դրանց արձագանքվեր։ Օրինակ, ի սկզբանե մենք հարձակման ողջ լրջությունն ինչ-որ տեղ չէինք գիտակցում․ հիշո՞ւմ եք, որ պատերազմից նույնիսկ տասը օր հետո ասում էինք, որ հեսա մի շաբաթից կվերջանա։ Նման տրամադրվածություններ ունեինք ի սկզբանե։

Պատերազմի բնույթի ողջ խորությունը մենք ընթացքում գիտակցեցինք։ Եթե կհիշեք, առաջին մինչեւ տասը օրը թշնամին, մեծ հաշվով, լուրջ հաջողություններ չուներ։ Քարոզի էությունը գուցե այն էր, որ ընթացքում ինչ-որ բաներ պետք է ուղղվեին։ Օրինակ՝ մեր քարոզչամեքենան ավելի ուշ էր արձագանքում որոշ փաստերի, որոնք մեր հասարակությունն իմանում էր ադրբեջանական աղբյուրներից։ Պատերազմը հետո ցույց տվեց, որ թշնամին քարոզին որպես մի ամբողջ համակարգ էր մոտեցել։ Օրինակ՝ նախապես պատրաստված էին յութուբյան ալիքներ, որոնք սկսեցին գործել։ Նախապես իրենք ունեին վարձված բլոգերներ եւ մեկնաբաններ, որոնք սկսեցին գործել։ Այսինքն, մեր վրա նաեւ տեղեկատվական հարձակում եղավ, ինչին մենք պատասխանեցինք, ըստ էության, չհամակարգված, բայց եւ՝ առանձին անձանց եռանդով։ Այդ անձանցից մեկն Արծրուն Հովհաննիսյանն էր, նրա շուրջ հավաքված ընկերները, գործընկերները, այդ թվում՝ ես։ Բայց որտեղ կա եռանդ, բայց կա պետականորեն չհամակարգված գործունեություն․․․ մեր վրա համակարգված քարոզ էր։ Պատերազմի կեսից, երբ մեր վիճակը սկսեց ծանրանալ, այդ տարբերությունն ավելի շատ զգացվեց։ Թերությունն այ այս մակարդակի վրա է։ Իսկ Արծրուն Հովհաննիսյանի պատերազմական խոսքը (քարոզ բառը չեմ ուզում կիրառել, որովհետեւ այն հաճախ բացասական ենթատեքստով է ընկալվում) շատ տեղին էր։

Այո, ոչ մեկ այդ իրավիճակում չէր կարող ասել, որ մենք պարտվելու ենք։ Օրինակ բերեմ։ Աբսուրդի ժանրից է, բայց, այնուամենայնիվ, Բաղդադի անկումից մեկ օր առաջ 2003թ․-ին Սադդամ Հուսեյնի տեղեկատվական նախարարը դեռեւս ասում էր, որ թշնամին ջախջախվում է։ Հաջորդ օրն ամերիկյան ուժերը Բաղդադը գրավեցին, այդ նախարարը՝ կորավ․․․ Հայրենական մեծ պատերազմի ամենածանր տարիներին, ճիշտ է, ասվում էր, որ մենք կորցրինք Սմոլենսկը, Կիեւը, բայց Լեւիտանի ձայնը միշտ ասում էր, որ մենք հաղթելու ենք։ Իսկ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր «հաղթելու ենք», չէր ասում «հաղթում ենք»։ Դա շատ կարեւոր է, նա չէր խաբում։ Ավելին, այնքան նուրբ էր այդ սահմանը դրվում։ Նա, այդուհանդերձ, վատն էլ էր ասում։ Ասում էր, որ ծանր մարտեր են ընթանում, օրինակ, Շուշիի մատույցներում։ Դրանով հանդերձ նա տալիս էր դրականը՝ ասելով, որ «հաղթելու ենք»։ Բայց լավ, տրամաբանություն ունեցող մարդը կհասկանա, որ եթե ծանր մարտերը հասել են Շուշիի մատույցներ կամ Հադրութի մատույցներ, ուրեմն՝ նահանջել ենք, որ հասել են։ Այսինքն, Արծրուն Հովհաննիսյանը միջնորդավորված ասում էր այդ մասին, նա չէր խաբում։ Նման պայմաներում նա կարող էր առհասարակ խաբել, բայց չէ՞ որ չէր խաբում, տալիս էր այդ միջնորդավորված տեղեկատվությունը։ Միաժամանակ տալիս էր նաեւ դրական ուղերձներ, տրամադրություն։ Մեղադրում են իրեն զոհերի թվի հետ կապված։ Մեղադրողները թող նայեն իր մեկնաբանությունը եւ այդ օրը ՊՆ-ի հրապարակած զոհերի թիվը։ Նա ասում է՝ «երդվում եմ, որ զոհերի թիվը 2000-ից ավելի չէ»։ Ինքը սուտ չի խոսել, եւ մեղադրելն էլ ճիշտ չի, որովհետեւ պատերազմական պայմաններում պետք է կանգներ ասեր՝ զոհերը շատ են, հազարներով կոտորվե՞լ են, եւ ի՞նչ։ Մեղադրողների օգուտն այստեղից ո՞րն է։ Շատերն ասում են՝ «եթե մեզ ճիշտն ասեիք․․․» եւ՞, ի՞նչ կանեին։ Անողն անում էր։ Անողն առանց Արծրուն Հովհաննիսյանին լսելու՝ գնում էր կռվելու, կամ էլ չէր գնում։ Հետին թվով հիմա բոլորը հրեշտականում ենք, թե՝ «եթե ճիշտն իմանայինք»․․․ի՞նչ էիք անելու, եթե իմանայիք»։

Նկատեցինք՝ նշյալի համատեքստում գնահատականներ են հնչում, որ անընդհատ «հաղթելու ենք» լսող քաղաքացիները դրա ազդեցության տակ կարծում էին, թե իրենց կարիքը չկա, թե սահման գնալու կարիքը չկա։

Մհեր Հակոբյանի խոսքով՝ այստեղ եւ քաղաքացու մեղքը կա, եւ պետության․ «Նախ, այդ քարոզչությունն, այո, քաղաքացու համար է։ Այսինքն, պետությունը, որը գիտի, որ իրավիճակն այնքան էլ մոտ չի հաղթելուն, պետք է պետական համակարգը ծառայեցնի հստակ մոբիլիզացիա կազմակերպելուն, ոչ թե թողնի քաղաքացու հույսին։ Այսինքն, քաղաքացին Արծրունի ձայնի տոնայնությունի՞ց պետք է որոշեր՝ գնա՞ երկիրը պաշտպանելու, թե ոչ։ ՄՈԲ համակարգի գեներալներն ու գնդապետները վճռական պահին իրենց գործառույթը չկատարեցին։ Հարգելի ՄՈԲ-ի ի պատասխանատուներ, որ քսան տարի զեկուցել եք ՄՈԲ-ի մասին, «Շանթ» զորավարժությունների մասին ու կոչումներ-պարգեւներ եք ստացել, ամենավճռական պահին ձեր գործառույթը չկատարեցիք։ Ընդ որում, ոչ թե վատ կատարեցին, այլ, կարելի է ասել, չկատարեցին։ Այսինքն, այս հարցը խորն է եւ գալիս է պետական ապարատի վատ գործելուց, ընդհուպ հասնում մինչեւ պետության ղեկավարի կողմից իրավիճակի լրջությունը չգիտակցելուն։ Պատերազմի ժամանակ վարչապետն ասում էր՝ ջոկատ կազմեք, զրահաբաճկոն վերցրեք ու գնացեք․․․

Կներեք, էլի, այսպես չի լինում։ Բոլոր պոպոքներն Արծրունի գլխին կոտրելն արդար չի։ Նա իր կարեւոր գործառույթը, թեեւ սահմանափակ, բայց արել է։ ՄՈԴ-ի ձախողումը բռնում-գցում են Արծրունի գրպանը, ինչ է թե ասել է՝ «հաղթելու ենք»։ Որ ասեր՝ «պարտվելու ենք», ՄՈԲ-ն ավելի լավ էր հավաքվելո՞ւ։ Դա կեղծավորություն է։ Պատերազմ գնացողը կգնար, չգնացողն էլ չէր գնա։ Գանձակի օդանավակայանի փաստն էլ Արցախի պաշտոնյաները ներկայացրին, բայց էլի կոտրվեց Արծրունի վրա։ Մի խոսքով, Արծրունի հեղինակությունը զոհ գնաց այս պատերազմին։ Ես սա ասել եմ դեռեւս նախորդ տարվանից։ Մտածողը հասկանում է, չմտածողն էլ չի հասկանա ու միայն կմեղադրի։ Հասկանան էլ, ցույց չեն տա, որ իրականում հասկանում են»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031