Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Եթե ձեզ օգնության ձեռք է պետք, ապա իմացեք, որ դա ձեր ձեռքերն են…»

Օգոստոս 27,2021 12:30

«Եթե ձեզ օգնության ձեռք է պետք, ապա իմացեք, որ դա ձերն է, որ դուք ունեք երկու ձեռք՝ մեկը ինքներդ ձեզ օգնելու, մյուսը՝ ուրիշներին օգնելու համար»,- ասել է  բրիտանացի եւ ամերիկացի դերասանուհի, հումանիստ, նորաձեւության աստղ Օրդի Հեփըրնը: Ժողովրդական իմաստությունն էլ փաստում է, որ միայն երկու ուս կա, որոնց վրա կարող ես ամուր հույս դնել … Բայց ամեն անգամ համոզվելով, որ այդ ուսերը քո սեփականն են: Մինչդեռ Հայաստանի իշխանություններն ու մեր ժողովրդի մի զգալի հատվածը անհասկանալիորեն ոգեւորված են ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ վերջերս Հայաստան այցով ու առաջիկա տարիներին Հայաստանին Եվրամիության խոստացած 2.6 միլիարդ եվրո օգնությամբ, որի գերակշիռ մասը, սակայն, որպես վարկ է ձեւակերպվելու, իսկ մյուս մասն էլ, որպես կանոն, ծախսվելու է իրենց առաջադրած պայմաններով: Բայց ինչպես 19-րդ դարի գերմանացի հրապարակախոս, գրող Կառլ Բեռնեն է ասել. «Ստրկությունը մարդուն միայն դժբախտ է դարձնում, բայց չի զրկում արժանապատվությունից, մինչդեռ ստրկամտությունը նվաստացնում է նրան»:

Ինչպես ասում են, ողորմություն խնդրողը արժանի չէ Աստծո ողորմության: Իսկ Աստված մեզ յուրահատուկ շնորհներով՝ տաղանդով, աշխատասիրությամբ, խիզախությամբ, ձեռներեցությամբ, ազնվական ծագումով է օժտել, սակայն մենք լավ չենք օգտագործում մեր աստվածատուր շնորհները: Եվ անգամ օտարների կարծիքով, տաղանդավոր, ձեռներեց, խիզախ եւ քաղաքակրթությանն ու մարդկությանն ահռելի ժառանգություն թողած այս ազգը, ցավոք, գավառական մակարդակից ավելի չի բարձրանում, իսկ այսօր զարմանալիորեն տեղ է զբաղեցնում աշխարհի հետամնացների, թույլերի ու թշվառների շարքում եւ անհասկանալիորեն առանց վատ զգալու ձեռք է պարզում  տարբեր երկրների օգնության համար, դրա դիմաց թույլ տալով, որ իր հետ վարվեն ինչպես կուզեն:

Մենք շատ լավ տեսնում ենք, որ Արեւմուտքը ժողովրդավարության, գլոբալացման, մարդու իրավունքների ու «բարեփոխումների» անվան տակ քայքայիչ գործողություններ է իրականացնում տարբեր երկրներում եւ արդյունքում լինում են տարածքային կորուստներ, ավերածություններ, զոհեր ու գաղթականներ: Մենք մոռացե՞լ ենք արդյոք, թե ինչպես Իսրայել Օրին 19-րդ դարի սկզբներին հայ ժողովրդի համար փրկություն որոնելով՝ շուրջ 20 տարի Եվրոպայում դեգերելուց հետո, վերջապես հայացքն ուղղեց դեպի Հյուսիս: Մենք չտեսա՞նք արդյոք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ հույսներն Արեւմուտքի հետ կապելու դեպքում: Մեզ համար բավարար չէ,՞ արդյոք, Մերձավոր Արեւելքի փորձը, որ Արեւմուտքը որտեղ միջամտում է, այնտեղ քայքայիչ գործողություններ են իրականացվում, հիմա էլ որպես թիրախ Հայաստանն է ընտրվել, իսկ մենք Արեւմուտքի «բարեփոխումների» ու տարբեր ծրագրերի ֆինանսավորման արդյունքում ունեցանք տարածքային, մարդկային, ազգային արժանապատվության, անկախության ու միջազգային հեղինակության ահռելի կորուստ, կրթական ու գիտական փլուզված համակարգ, ցածրաճաշակ մշակույթ, բարոյազուրկ ժողովուրդ, կեղծված, սակայն Արեւմուտքի կողմից միջազգային չափանիշներին համապատասխան ճանաչված բազմաթիվ ընտրություններ, քայքայված տնտեսություն, կազմաքանդված անվտանգային համակարգ, ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսի հասնող արտաքին պարտք եւ 30 տոկոսից ավելի աղքատության մակարդակ:

Միաժամանակ Արեւմուտքի աջակցած «բարեփոխումների» շնորհիվ կանգնած ենք ազգային սովորութային-մշակութային նորմերի խեղաթյուրման, ազգային արմատներից հեռացման, ազգային  ինքնության եւ ինքնագիտակցության թուլացման, հայկական ավանդական ընտանիքի խարխլման, հասարակության պառակտման, մայրենիի, ազգային կրթության, եկեղեցու, հեղինակությունների, հերոսների, հաղթանակների եւ պետության ու նրա ինստիտուտների արժեզրկման ու կազմաքանդման իրականության առջեւ: Եվ սա է այն օգնության գինը, սիրելի հայրենակիցներ, որ տրամադրում է Արեւմուտքը մեզ տարբեր հիմնադրամների միջոցով: Գաղտնիք չէ, որ Արեւմուտքում դեռ 20-րդ դարի սկզբից հստակ դիրքորոշում է ձեւավորվել եւ քաղաքականություն է տարվում, որ հայը, այս համարյա ամենակատարյալ ազգը, չպետք է ունենա իր հայրենիքն ու պետությունը, որովհետեւ ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Բոլորովին վերջերս էլ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին եւ իր աջակցությունը հայտնել Հայաստանում իրականացվող «բարեփոխումներին»: Ջոնսոնը կարող է շնորհավորել իրենց սրտի վարչապետին, բայց պետք չէ աջակցել բարեփոխումներին, այդ աջակցության արդյունքում է պարոն Ջոնսոն, որ մեր երկիրը կանգնած է կործանման եզրին, իսկ 2020թ. Անվտանգության խորհրդում Ձեր երկրի հակահայկական քվեարկության արդյունքում մենք հազարավոր երիտասարդներ կորցրեցինք: Էլ չեմ ասում, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Անգլիայի լուռ համաձայնության արդյունքում նաեւ: Այս ամենը անշուշտ չէր կարող տեղի ունենալ առանց մեր թողտվության:

Վերջապես մեզ եւս ինչքա՞ն ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայինք, որ Թուրքիան ու նրա մտադրությունները երբեւէ չեն փոխվելու, որ Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը եւ մեր էթնոսին, որ Արեւմուտքի հետ ազգի փրկության հույսեր պետք չէ կապել, ինչի վառ ապացույցը՝ 1915թ. նրանց գաղտնի հանցավոր համաձայնությունը՝ Թուրքիայի հետ եւ 1923թ. Լոզանի կոնֆերանսը: Հայերի մեծ բարեկամ Նանսենը Արեւմուտքից  հիասթափված գրել է. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, նրա համար ավելի լավ կլիներ, որ նրա անունը ոչ մի եվրոպական դիվանագետ երբեք արտասանած չլիներ: Իսկ Եվրոպայի, արեւմտյան  տերությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչեցին  միայն խոսքեր…»: Գործնական քայլեր ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից չարվեցին նաեւ Սեւրի պայմանագիրը կյանքի կոչելու համար: 1945թ. էլ ԱՄՆ-ը խափանեց Ղարսի ու Արդահանի հայկական նահանգներն ազատագրելու ԽՍՀՄ-ի ծրագիրը: Եվ պատահական չէ նաեւ, որ Թումանյանն առաջին Համաշխարհային պատերազմի ազդեցության տակ, Արեւմուտքից հիասթափված, հակվում է դեպի Արեւելք՝ իր ժողովրդի եւ ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արեւելքում:

«Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արեւմուտքի ստրուկները մեքենայի եւ ոսկու,
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արեւելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…». 1921 թ. մայիսի 1-ին գրել է Թումանյանը:

Ինչպես տեսնում ենք՝ 1915թ.-ից այս կողմ Արեւմուտքի փիլիսոփայության մեջ ոչինչ չի փոխվել՝ որպես ապացույց՝ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններին նրանց անտարբեր կեցվացքն ու ՄԱԿ- անվտանգության խորհրդում Անգլիայի ոչ հայանպաստ դիրքորոշումը: Իսկ ԱՄՆ-ը 2020թ. արցախյան պատերազմից մեկ ամիս անց միայն Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի բերանով, հավանաբար ձեւի համար հայտարարում է, թե. «Միացյալ Նահանգները ծայրաստիճան մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում»:

21-րդ դարում այդ նույն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Թուրքիան ահաբեկիչներ էր տեղափոխում Ադրբեջան՝ հային սպանելու համար եւ հայը նորից Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ենթարկվեց ագրեսիայի ու ցեղասպանության սպառնալիքի առաջ կանգնեց մի ժողովուրդ, ով իր մեծագույն ավանդն է բերել քաղաքակրթությանը եւ ընդհանրապես մարդկությանը: Եթե գերտերությունները որոշել էին, որ պետք է վերադարձվեն, այսպես կոչված, գրավյալ տարածքները, ապա ինչու դա չպարտադրվեց Հայաստանին խաղաղ ճանապարհով, ինչու դա արվեց մի ամբողջ երիտասարդ սերնդի կոտորելու գնով: Իսկ Արցախում Ադրբեջանի կողմից չթույլատրված զենքերի օգտագործման մասին ոչ ոք ոչ մի ակնարկ անգամ չարեց: Այդ՝ իրեն ժողովրդավարության ու արդարության օրրան համարող ԱՄՆ-ը արդեն 105 տարի չէր ճանաչում Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը:

Ներկայումս էլ, պատերազմից 7-8 ամիս անց, քար լռություն է նույն քաղաքակիրթ աշխարհի կողմից, երբ ամեն Աստծո օր Հայաստանի սուվերեն տարածքը ենթարկվում է ահաբեկչության, հայ զինվորներ են զոհվում ու պատանդ վերցվում: «… եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի դեմ, ուրեմն մենք անձնատուր ենք լինում նրանց…: Թուրքական չարիքի դեմ արմատական պայքարի անհաջողություններ նշանակում է, որ ապագա աշխարհում խոսել ապագա խաղաղության մասին՝ անհեթեթություն է»,- 1918թ. գրել է ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը: Իսկ թուրքական հրեշը ծնվել  ու թռիչքներ է ապրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակամարտության ու նրանց աջակցության արդյունքում, հենց Արեւմուտքն ու Ռուսաստանն են մի քանի անգամ Թուրքիային փրկել անվերահաս կործանումից, չիմանալով, որ Թուրքիան ինչպիսի վտանգ է, թե իրենց ազգային պետությունների, թե քաղաքակրթության համար: Իսկ  Թուրքիան Արեւմուտքի ձեռքում մշտապես պատժիչ ու սադրիչ գործիք է եղել՝ օգտագործելով թուրքերի անմարդկային որակները: Իսկ հայերը մշտապես տուժել են Արեւմուտքի ու Ռուսաստանի հակամարտության արդյունքում:  2020թ. արցախյան պատերազմն էլ եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք մնացել ենք միայնակ եւ առանց Ռուսաստանի հովանավորության ցանկացած պահի կարող ենք նորից ենթարկվել ցեղասպանության ու հայրենիք կորցնել: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչը այս իշխանություններին ստիպեց Հայաստանում մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ հակառուսական արշավ ծավալել: «Երբ թվում է, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, հիշեք, որ ինքնաթիռը ոչ թե քամու ուղղությամբ է թռչում, այլ դրան հակառակ»,- ասել է ճանաչված  ամերիկյան գործարար Հենրի Ֆորդը:

Օտարապաշտությունը այն աստիճան է կուրացրել մեր հոգիները, որ չգիտես ինչու, այսպես կոչված, եվրոպական արժեքները սուրբ գրքից վեր ենք դասում, իսկ անգլերեն լեզուն աստվածային լեզու ենք ընդունում: Մինչդեռ 19-րդ դարի գերմանացի գործարար եւ հնագետ Հենրիխ Շլիմանը գրել է, որ «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, եւ ոչ Հայաստանը», իսկ նույն օտարների բնորոշմամբ՝ հայերենը աստվածների հետ խոսելու լեզու է: Ամենեւին այն կարծիքին չեմ, թե չպետք է հարգել այլ ազգերի արժեհամակարգերը, մշակույթը, լեզուն, որ որեւէ երկրի հետ պետք է ունենանք թշնամական հարաբերություններ, կամ չի կարելի որեւէ երկրից աջակցություն ընդունել: Սակայն ինչ էլ որ անում ենք, պետք է հիմքում դրվեն մեր ազգային արժանապատվությունն ու պետական շահը: Բոլոր պետությունների հետ անհրաժեշտ է կառուցել բարիդրացիական ու փոխշահավետ, այլ ոչ թե միակողմանի շահ հետապնդող հարաբերություններ: Մինչդեռ մեր դիվանագիտության անգործունակության արդյունքում նաեւ ունեցանք այս պատերազմն ու  պարտությունը:

«Աջակցություն վայելող կաբինետը դա այն կաբինետն է, որ ահա ուր որ է կընկնի»,- ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ դիվանագետ (1754-1838) Շառլ Մորիս դե Թալեյրան-Պերիգորդը: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմանա մի հանրահայտ չգրված օրենք, որ բոլոր մակարդակներում ու հարաբերություններում հարգում ու հաշվի են նստում ուժեղների ու հպարտների հետ, որ գոյատեւում են ոչ միայն խելացիներն ու ուժեղները, այլ առաջին հերթին նրանք, ովքեր նաեւ խելամիտ են եւ ողջախոհ, շրջահայաց են եւ ճիշտ են կողմնորոշվում ու արձագանքում ժամանակի մարտահրավերներին: Մինչդեռ բոլորը խաբում, օգտագործում են մեզ ու մեր հաշվին իրենց հարցերն են լուծում, իրենց ծրագրերն են առաջ տանում: Իսկ մենք մեր ունեցած տաղանդի հետ միասին պետք է նաեւ ողջամիտ լինենք, եթե ուզում ենք ազգ եւ պետություն դառնալ: «Երկու հարեւան ժողովուրդներից ավելի ողջամտություն ունեցող մեկը միշտ վաղ թե ուշ  գերակշռելու է նրա նկատմամբ, ում  մոտ միայն միտքն է»,- ասել է ֆրանսիացի տաղանդավոր գրող Պիեռ Բուաստը: Եվ պետք է լավ իմանանք, որ ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
26.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031