Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցունակ «պրոդուկտ» ստանալու հակոբյանական բանաձեւը

Օգոստոս 28,2021 13:00

Հարցազրույց ճանաչված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի հետ

– «Առավոտի» հանդիպումը ձեզ հետ, հյուրախաղային խիտ գրաֆիկի պատճառով, հաճախ չի ստացվում։ Վերջինը 2020թ. ապրիլին էր, համավարակի բուռն շրջանում։ Գիտենք, որ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնները չեն փակվել, լավագույն արտիստներն էլ տարկետում են ստացել։ Դա արվել է, որպեսզի թատրոնը չկորցնի դերասանական լավագույն ուժերը։ Այսօր աշխարհում ստեղծված իրավիճակը չենք համեմատի այն ժամանակվա հետ։ Ու թեեւ աշխարհում դեռ մոլեգնում է քովիդը, կարծես համակերպվել ենք դրա հետ զուգահեռ ապրելուն։ Մինչ համավարակը՝ 2019թ., գլխավոր դերերգերով հանդես եք եկել հեղինակավոր թատրոններում, այդ թվում՝ «Բոլշոյ», «Կարլո Ֆելիչե», Թուրինի… Հավատացնում ենք՝ ոչ միայն դուք, այլեւ ձեր արվեստի երկրպագուները շատ են ափսոսում, որ քովիդը անորոշ ժամանակով հետաձգեց հատկապես 2020թ. գարնանը «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում գլխավոր դերերգով ձեր բեմելը Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում։ Ի դեպ, լուր ունե՞ք թատրոնից։

– Որքանով ես եմ տեղյակ, «Մետրոպոլիտեն օպերան» ամբողջովին հովանավորվում է բարեգործների կողմից, մինչ օրս էլ՝ քովիդի հետ կապված, այն դեռ դռները չի բացել հանդիսատեսի առջեւ։ Բայց արդեն ամիսներ շարունակ պարբերաբար նամակներ եմ ստանում թատրոնից, ընդ որում՝ վերնագրված «Մետրոպոլիտեն օպերա» ընտանիքի անդամին, հետեւյալ բովանդակությամբ՝ հույս ունենք, որ թատրոնի բացվելուն պես ձեր ձայնը կհնչի մեր բեմում։

– «Բոլշոյ» թատրոնի կայքէջից տեղեկացել ենք, որ դուք գլխավոր դերերգերով ընդգրկված եք այդ թատրոնի խաղացանկային միանգամից չորս ներկայացումում…

– Այո, դրանք են՝ «Թագավորի հարսնացուն», «Մազեպա», «Պիկովայա դամա» եւ «Իոլանտա» ներկայացումները։ Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 20-ը հանդես կգամ «Բոլշոյում»՝ «Պիկովայա դամա», «Թագավորի հարսնացուն» եւ Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացումներում։

– Գիտե՞ք, մենք էլ մեծ ցանկություն ունենք ձեզ հաճախ տեսնելու Երեւանի թատրոնում։ «Պիկովայա դամա», «Թագավորի հարսնացուն» եւ արտասահմանում ձեր մասնակցությամբ համաշխարհային օպերային գրականության այլ ներկայացումներ մեր թատրոնում չկան, բայց մեկ-երկուսը հո կա՞ն, օրինակ՝ «Տոսկան»։

– Մեր թատրոնի խաղացանկը շատ աղքատ է։ Ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացվում «Աիդան», «Ալեկոն»… Ցանկը կարելի է շարունակել…

– Հանդիսատեսին չի հետաքրքրում, թե ինչ պատճառներով են խաղացանկից դուրս մնում ներկայացումները, բայց շատերը դա կապում են ֆինանսի եւ մեծ հաշվով՝ հովանավորների բացակայության հետ։ Կարելի է ենթադրել, որ տարիներ շարունակ որոշ ներկայացումների դեկորներ, հագուստներ մաշվում են եւ վերականգնելու համար գումար է անհրաժեշտ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը աշխարհի այլ երկրների համեմատությամբ ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի նկատմամբ, ինչի արդյունքում թեեւ դասական արվեստն իր տեղը զիջում է շոու-բիզնեսին, բայց արի ու տես, որ այդ երկիրն ունի «Մետրոպոլիտեն» թատրոնի նման բարձրակարգ մշակութային օջախ, որի գործունեությունը պայմանավորված է մեծահարուստների հովանավորությամբ։ ԱՄՆ-ից վերադառնանք Հայաստան. ձեր կարծիքով՝ մեր թատրոնին առաջնահերթ ի՞նչ է անհրաժեշտ։

– Մենք առաջին հերթին պետք է ունենանք կրթված, բանիմաց մենեջմենթ եւ միանշանակ՝ կրթված հարուստներ, որոնք պետք է վստահեն թատրոնի ղեկավարությանը։ Չէ՞ որ նրանք ֆինանս են ներդնում եւ, ինչպես արտասահմանում է, պետք է տեղյակ լինեն, թե յուրաքանչյուր լուման որտեղ եւ ինչ նպատակով է ծախսվում։

– Ինչ վերաբերում է ձեր թատրոնի ղեկավարությանը, ապա վերջին շրջանում ու մանավանդ այսօր, դեռեւս թափուր տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնների առիթով տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ձեր անունը։

– Միանգամից ասեմ, որ ես ոչ մի առաջարկ չեմ ստացել եւ իմ կողմից անազնիվ կլինի թատրոնում որեւէ պաշտոն ստանձնելը, որովհետեւ ունեմ ոչ թե 1, 2, 3, 4, այլ բազմաթիվ կնքած պայմանագրեր։ Իմ խորին համոզմամբ՝ թատրոնում պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ պետք է գոնե հնարավորինս քիչ բացակայի, լինի իր տեղում եւ առավոտից երեկո զբաղվի թատրոնի հոգսերով։ Վերադառնամ հովանավորների խնդրին։ Մենք հրաշալի, տաղանդավոր երգիչներ ունենք, ովքեր իսկապես զարդարում են աշխահի լավագույն թատրոնների բեմերը։ Նույնիսկ մեր աղքատ խաղացանկի դեպքում, եթե ունենանք բարձրակարգ ներկայացումներ, ապա կարող ենք հովանավորների ուշադրությունը սեւեռել դեպի օպերային թատրոն։ Անկասկած, անհրաժեշտ է նաեւ պետական ծրագիր։ Այս մասին բազմիցս բարձրաձայնել եմ «Առավոտի» հետ։ Հիմա էլ չեմ զլանա կրկնել. այն գործարարները, ովքեր, ասենք՝ տարեկան իքս գումար կտրամադրեն մշակույթին, միանշանակ պետք է ունենան արտոնություններ հարկային դաշտում։ Այս կարգը գործում է աշխարհի հեղինակավոր թատրոններում, ինչը, եթե կուզեք իմանալ, ազգապահպան լուրջ հարց է, իհարկե՝ մշակույթի մասով։ Տեսեք՝ նոր եմ վերադարձել Մադրիդից, որտեղ թագավորական թատրոնի խաղաշրջանի փակմանը Պուչինիի «Տոսկա» օպերայում մարմնավորեցի Սկարպիայի դերերգը։ Մի կարեւոր հանգամանք. ներկայացմանը հրավիրված էին մեծագույն աստղեր՝ սոպրանոներ Սոնդրա Ռադվանովսկին, Աննա Նետրեբկոն, Մարիա Ագրեստան, տենորներ Յոհանս Կաուֆմանը, Միքայել Ֆաբիանոն, բարիտոն Կարլոս Ալվարեսը։ Դիրիժորն էր Նիկոլ Լուիզոտին, ռեժիսորը՝ Պակո Աձորին։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ Մադրիդի թագավորական թատրոնը 2020-21թթ. արժանացել է «Աշխարհի լավագույն օպերային թատրոն» տիտղոսին։ Մի պահ էլ անդրադառնամ հովանավորներին. եթե այցելեք այդ թատրոնի պաշտոնական կայք, այնտեղ կկարդաք առանց չափազանցության հովանավորների անհամար անուններ։ Մի բան էլ կրկնեմ՝ դրա պատճառը նաեւ պետական ծրագիրն է։ Խոսեցինք, որ մեր թատրոնի իմ գործընկերներից նույնպես զարդարում են աշխարհի լավագոյն թատրոնների բեմերը։ Ունենք, իհարկե, հիանալի երիտասարդ ձայներ, բայց, գիտե՞ք, մի ցանկություն ունեմ. որ այս ամենը ամբողջացնելու համար, իհարկե՝ չմոռանամ նշել երգչախումբ, նվագախումբ, անհրաժեշտ է ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ սրտացավ դիրիժոր, ով բացի ցանկությունից, նաեւ գիտենա, թե ինչպես պետք է աշխատել եւ ստանալ մրցունակ «պրոդուկտ»։

– Եթե ոչ դիրիժորներ, այլ դիրիժոր, ենթադրում ենք, որ խոսքը գլխավոր դիրիժորի մասին է։ Բայց մեզ հետ զրույցներում մեր անվանի երաժիշտները միաբերան հավաստիացնում են, որ պարզապես չունենք երիտասարդ դիրիժորներ։ Հետաքրքիր է ձեր կարծիքը այդ մասին։

– Այդ մասին պետք է հոգ տանի պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։ Պարզապես անհրաժեշտ է ընտրել երկու կամ երեք տաղանդավոր երիտասարդ դիրիժոր եւ հովանավորել նրանց վերապատրաստումը արտերկրում։ Շատ կարեւոր է, որ նրանք ծանոթանան այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում։

– Ձեր հայտնի գործընկերներից ոմանք վաղուց ապրում եւ ստեղծագործում են արտասահմանում, բայց կան այնպիսիները, այդ թվում՝ դուք, որ ունենալով, ինչո՞ւ ոչ՝ շահավետ հրավերներ, չեք հեռացել երկրից…

– «Շահավետ» որակման առիթով այս պահին մի բան մտաբերեցի. վերջերս ԿԳՄՍ նախարարությունը կառավարություն էր ներկայացրել նախագիծ, որ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնները ցմահ թոշակ ստանան պետությունից, ինչը հաստատվեց։ Այս փաստը մեծ աշխուժություն մտցրեց երիտասարդ սպորտսմենների շրջանում։ Հասկանալի է՝ մեր դեպքում չկա օլիմպիական կամ աշխարհի չեմպիոն։ Բայց չէ՞ որ մեր մասնագիտության մեջ համազոր հաղթանակներ ենք գրանցում՝ ելույթ ունենալով աշխարհի լավագույն համերգասրահներում, թատրոններում… Հույս ունեմ, որ պատկան մարմինները կմտածեն այս ուղղությամբ, ինչը, վստահ եմ, խթան կհանդիսանա, որպեսզի տաղանդավոր երիտասարդները չհեռանան երկրից եւ հետագայում ունենան ապահով ծերություն։

– Իհարկե, հույս չունենք, որ կբարձրաձայնեք անուններ, բայց ձեր կողմից «սրտացավ» արտիստ, դիրիժոր արտահայտությունը հնչեց, ինչի առիթով, կրկնենք՝ թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար շրջանառվում է մեկ-երկու անուն։ Ձեր իրավունքն է՝ կարող եք չբարձրաձայնել անուններ, բայց դուք էլ՝ որպես սրտացավ արտիստ, անհամբեր սպասում եք, չէ՞, նրանց գալստյանը։

– Ես լիահույս եմ, որ ճիշտ որոշում կկայացվի եւ կնշանակվեն պրոֆեսիոնալներ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամեն ինչի հետ համաձայն եմ ՝ ճիշ՛տ է, լա՛վ է, բայց չի խոսվում ազգային օպերայի զարգացման մասին: Ի՞նչ է ուզում մեր հասարակությունը … Հասարակությանը պետք է ազգային – գրավիչ ներկայացումներ, որպեսզի մարդիկ գան, տոմսեր գնեն, թատրոնը բարգավաճի: Այդ դեպքում հովանավորներ կհայտնվեն: Այսօր, մեր թատրոնին պետք է ազգային մտածողության, հայի հոգեբանությանը, ավանդույթները կրող, գիտակցող գեղ . ղեկավար: Այսօր, մեր հասարակությանը պետք է նո՛ր ,,Անուշ,, նո՛ր ,,Արշակ Բ,, …( Եվրոպական օպերաները լավ երգելը քիչ է մեր հասարակության համար) …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031