Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական հարցը վերածեցին կուսակցական գզվռտոցի»․ «Մարտական եղբայրություն» նախաձեռնությունը մտադիր է համախմբել հանրությանը

Սեպտեմբեր 03,2021 14:49

Ինչպես հայտնել էինք, օրերս հայտարարվեց «Մարտական եղբայրություն» նախաձեռնության ստեղծման մասին։ Նախաձեռնության անդամների ճնշող մեծամասնությունը 2020թ․-ի պատերազմի մասնակիցներն են։ Aravot.am-ը զրուցել է նախաձեռնության անդամ, քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ։

-Պարոն Տեր-Աբրահամյան, ինչի՞ց է ծագել նման նախաձեռնություն ստեղծելու անհրաժեշտությունը։
-Նախ, ինձ համար, եւ, կարծում եմ, շատերի համար շատ մտահոգիչ է, որ պատերազմից մեկ տարի անց որեւէ նորմալ, բանական, իրատեսական ծրագիր, իրավիճակից ելքի մասին թեկուզ կարծիք չենք լսել։ Իմ գնահատմամբ՝ ոչ քաղաքական ուժերն են դա տվել, ոչ հանրային խմբերը, ոչ փորձագիտական համայնքը։ Ինձ համար այդ խնդիրն ակնհայտ է, ընդ որում՝ ավելի վատ․ կարողացան այս պետական հարցը վերածել կուսակցական գզվռտոցի թեմայի՝ մեկը մյուսի վրա մեղքը գցելով։

Իսկ ավելի մասնավոր մակարդակում խնդիր կա, որ պատերազմի մասնակիցների ձայնը լսելի չէ, այն պետք է լսելի լինի նման թեմաների մեջ։ Պատերազմի մասին բոլորն են խոսում, այդ թվում իշխանությունն ու ընդդիմությունը, փորձագետները, բայց պատերազմի մասնակիցների ձայնը լսելի չէ։ Գուցե լսելի է անհատների մակարդակում, բայց խմբային մակարդակում լսելի եւ հասանելի չէ։ Առանձին հրապարակումներ կան իհարկե, բայց մեծ օրակարգում այն քիչ տեղ է զբաղեցնում։ Շատ ճիշտ կլինի, եթե լսելի լինի պատերազմի մասնակիցների տեսակետը՝ պատերազմի, խաղաղության, անվտանգության եւ այլ հարցերի մասին։ Առհասարակ, ինքնակազմակերպման մակարդակը հասարակությունում շատ թույլ է։ Մենք ունենք կուսակցություններ, հ/կ-ներ, որոնց մեծ մասը դրսից են ֆինանսավորվում (այդպես է ստացվել օբյեկտիվորեն) եւ ունենք հասարակության մեծ հատված, որը որեւէ կերպ ինքնակազմակերպված չի։ Դա շատ է թուլացնում հասարակությանը եւ հարցերը տեղ հասցնելու մեխանիզմը։ Ուստի նման բջիջներ պետք է ձեւավորվեն։ Սա իմ պատկերացրած բջիջներից մեկն է, բայց ճիշտ կլինի, որ հանրության ինքնակազմակերպումը նաեւ այլ մակարդակներում դրսեւորվի։

Նախաձեռնության հայտարարությունում ասվում է․ «Պետք է ձևավորվի և ամրանա դիմադրության կորիզը, որը կմարմնավորի Հայաստանի վերածնունդը, և որի դավանանքը կլինի՝ հավատ և հենք սեփական ուժերին և հրաժարում հայկական վերնախավերի օտարամոլ, քաղքենի էությունից»: Հետաքրքիր է, դիմադրության կորիզն ինչպե՞ս է համախմբվելու եւ հասնելու Հայաստանի վերածննդին։

-Վերածնունդն, իհարկե, հեռանկարային եւ ռազմավարական խնդիր է։ Հիմա ավելի տարրական խնդիրներ կան լուծելու։ Ինչ վերաբերում է համախմբմանը, ապա մարդկությանը հայտնի պարզ միջոց կա՝ կազմակերպումը։ Եթե մարդիկ համախմբվեն այս գաղափարի շուրջ, դա կիրագործվի։ Կազմակերպումը մարդկության ստեղծած ամենամեծ ուժերից է։ Ինձ հարցնում են՝ ի՞նչ նկատի ունեմ, երբ «ուժային» բառն եմ օգտագործում։ Նկատի ունեմ մարդկության ուժը՝ կազմակերպումն ու ինքնակազմակերպումը։ Նախնական խնդիր է դրված կազմակերպվել եւ համախմբվել։

Դիմադրության առնչությամբ․ այսօր ակնհայտ է, որ հանրությունն անպաշտպան լինելու հոգեբանական եւ օբյեկտիվ զգացողություն ունի։ Տարիներ շարունակ ապրել ենք այն համոզմամբ, որ ունենք ինքնապաշտպանության համակարգ։ Շատ բաներից ենք դժգոհ եղել, բայց վստահել ենք։ Հիմա այնպիսի փուլում ենք, որ կարծես բանակի ստեղծմանը նախորդող փուլը լինի, երբ սեփական ինքնապաշտպանության հանդեպ վստահությունը կորել է․ մարդիկ չեն հասկանում՝ ի՞նչ անել, եթե, օրինակ, մեր սահմանների վրա հարձակվում են։ Գոնե հոգեբանական մակարդակում մթնոլորտը կոտրել է պետք։ Նորից պետք է վերականգնենք գաղափարը, որ ամեն ինչով հանդերձ՝ ինքնապաշտպանության խնդիրն առաջնային է։ Քանի որ նախաձեռնության անդամների ճնշող մեծամասնությունը պատերազմի մասնակիցներ են, նախաձեռնությունը հույս ունի, որ մեր գաղափարն ուղերձ կլինի հասարակության համար առ այն, որ ՀՀ դիմադրողականության ներուժը լիովին կոտրված չի։

-Ձեր հիշատակած օրինակի հետքերով․ եթե ՀՀ սահմաններին էսկալացիա լինի, «Մարտական եղբայրությունն» ինչպե՞ս է պատկերացնում ինքնապաշտպանությունը․ գործելու եք անջա՞տ, թե պետության կազմակերպմամբ։

-Պատերազմի մասնակիցներն անգամ պատերազմից հետո, երբ սահմանային լարվածություններ եղան, մասնակցեցին։ Այդ մեխանիզմն այսպես թե այնպես կա։ Մյուս բանը, որն առաջիկայի համար մտածում ենք, կազմակերպել երիտասարդների համար մարզումներ եւ ճամբարներ։ Դա հիմա մասամբ արվում է այլ կազմակերպությունների միջոցով, բայց մենք էլ կփորձենք մեր կարողությունների չափով, որովհետեւ տղաները պատրաստված են։ Մեկ այլ խնդիր էլ կա, որին անպայման ուզում ենք հասնել։ Դա ծրագրային լուրջ առաջարկների ներկայացումն է՝ ինքնապաշտպանության, անվտանգության ոլորտներում։ Առաջարկներ կմշակենք եւ կներկայացնենք հանրային քննարկման։ Իհարկե, կան ինչ-որ բաներ, բայց իրավիճակի հետ համեմատած՝ դրանք շատ քիչ են։ Հանրային հնչեղ առաջարկները շատ քիչ են։

-Եվ, Արցախի հարցի հետ կապված նախաձեռնությունն ունի՞ միասնական դիրքորոշում։ Ձեր հայտարարության մեջ որեւէ խոսք չկար Արցախի մասին։

-Այս պահին հենց այդ հարցում մեր դիրքորոշումը հատուկ չենք քննարկել, բայց քննարկումներ ունեցել ենք ամիսներ շարունակ։ Հիմա կայացման փուլում ենք, բայց ակնհայտ է, որ Արցախի հարցում ունենք միասնական կողմնորոշում։ Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք չենք մտցնում Արցախ-ՀՀ բաժանում։ Այդ բաժանումը, որը ժամանակին իբր ձեւական մտցվել է, կարծում եմ, մեծ դեր է խաղացել պարտության մեջ․ պատերազմն անվանելով «Արցախյան պատերազմ»՝ դրանով արդեն իսկ պարտության հիմքեր ենք դնում։ Չպետք է առանձին լինեն «Արցախյան պատերազմ» կամ «Սյունիքի պատերազմ»․ կա՛ Հայաստան երկիր։ Իսկ թե իրավական բաժանումներն ինչի՞ ենք արել, դա այլ հարց է, իսկ բնական ընկալման մեջ կա Հայաստան երկիր, որի մասն է Արցախը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930