Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել». Այլընտրանքային նախագծեր խումբ

Սեպտեմբեր 09,2021 12:12 Share

Հարգանք՝ գունագեղ միջոցառումների փոխարեն

Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։

Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։

Իհարկե, մենք պետք է նշենք այդ տոնը։ Բայց ժամանակն է, որպեսզի մենք՝ որպես պետություն, իշխանություն և հասարակություն, հասկանանք, որ տոնը կարելի է նշել՝ համեստ, զուսպ, առանց ավելորդ գունագեղության։ Դիմում ենք  կառավարությանը՝ վերանայելու այս ոչ պատեհ՝ «մասշտաբային և գունագեղ տոնակատարության» որոշումը. սա բերելու է հասարակության նոր պառակտման և նոր լարվածության։

Կոչ ենք անում ԱԺ երեք խմբակցություններին՝ձևակերպել հստակ դիրքորոշում կառավարության որոշման վերաբերյալ՝ պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից։

Հարցն ունի բազմաշերտ բարոյական և ռացիոնալ կողմ։

Երբ երկրում սպառված է առողջապահության պետպատվերի բյուջեն, և օգոստոսի 1-ից պետությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել նույնիսկ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, անընդունելի է մեծ գումարներ շռայլել տոնակատարությունների վրա։ Մարդկանց առողջությունը,  հանրային համերաշխությունը ավելի թանկ ու կարևոր գաղափարներ են, քան՝ իշխանության PR-ը։ Ստացվում է՝ բուժման համար գումար չունենք, իսկ մասշտաբային և գունագեղ տոնակատարության համար, պարզվում է, ունենք։

Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել. դա կարելի է անել շատ զուսպ, առանց ավելորդությունների, փոխարենը ցույց տալ, որ պետությունը հարգում է անկախության գլխավոր սիմվոլին և կրողին՝ ՀՀ քաղաքացուն։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930