Զոհված Արթուր Ասրյանի հայր, Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների միության նախագահ Արմեն Ասրյանը հույս ունի, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբ ձևավորվի՝ կկատարի ազնիվ հետաքննություն: Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց. «Հանձնաժողովը պիտի ուշադրություն դարձնի դավաճանության առկայության փաստերի վրա. կա՞ միտումնավոր հրաման նահանջելու, այս ուղղությամբ պետք է խորանալ: Եթե չկա դավաճանություն, հաջորդ քայլով պետք է ուշադրություն լինի՝ արդյոք հմո՞ւտ է ղեկավարվել, արդյոք ընդհանրապես ղեկավարվե՞լ է տվյալ զորամասի տվյալ ստորաբաժանումը»:
Լրագրողները խնդրեցին արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է գունագեղ տոնակատարություն, որը նվիրված է լինելու նաև զոհված տղաների հիշատակին: Արմեն Ասրյանը հիշեցրեց, որ երգիչ Անդրեն երբ ուզում էր Արցախում համերգ տալ, նրան թույլ չտվեցին, քանի որ ԱՀ իշխանությունները որոշեցին, որ Արցախում որևէ մասշտաբային միջոցառում չի լինելու, մինչև չանցնի զոհերի մահվան առաջին տարելիցը:
Երևանում կազմակերպվելիք միջոցառման նպատակադրման մասին էլ ասաց. «Այստեղ իրենք են որոշողը, և դուք՝ ժողովուրդն է գնահատական տվողը: Եթե ուզում եք ուրախանաք, գնացեք, ուրախացեք, եթե համարում եք, որ արդեն ուրախանալու տեղ ունենք, գնացեք, ուրախացեք: Իսկ եթե ուզում եք զոհվածներին հարգել, այդքանը կազմակերպեք Եռաբլուրում. թող գան, կտեսնեն: Իսկ որ հրապարակում հրճվելու եք, եթե ժողովուրդն ուզում է, թող գնան, ուղղակի մի պահ իմանան, որ հազարավոր ընտանիքներ լացելու են այդ օրը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ