Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ չեն բողոքում, որ Ալեն Սիմոնյանը անձնական վարորդ ունի, կարող էր ինքն էլ նստել ղեկին եւ գնար, չէ՞». Հրաչյա Հակոբյան

Սեպտեմբեր 14,2021 15:47

«Նախագիծը վստահ եմ, որ հավելյալ բեռ չի բյուջեի վրա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսպես պատասխանեց հարցին, թե ինչքանո՞վ է առաջնահերթ այսօր ԱԺ նախագահի անձնական բժշկի հարց լուծել, երբ հետպատերազմական վիճակում ենք գտնվում, երկրում բազմաթիվ խնդիրներ կան:

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու բուժսպասարկումը: Նախագծով ԱԺ նախագահին մտադիր են հատկացնել անձնական բժիշկ՝ դարձյալ բյուջեի հաշվին:

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ զուգահեռ տանել, թե հետպատերազմյան շրջան է, բազմաթիվ վիրավորներ ունենք, սխալ է. «Բազմաթիվ վիրավորներին նույնպես տրվում է պատշաճ բժշկական օգնություն, բժշկական զննություն: Պարզապես ավելորդ աղմուկ է բարձրանում այս թեմայից: Վստահ եմ, որ հավելյալ բեռ չի բյուջեի վրա եւ մեր վիրավոր զինծառայողները, միեւնույն է, ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ»:

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը բարձր աշխատավարձ է ստանում ու կարող է իր բուժսպասարկման ծախսերը հոգալ աշխատավարձով, բացի այդ, խորհրդարանական երկրում ենք, նույն պահանջը կարող են դնել նաեւ պատգամավորները ու հետայսու կարող եք պահանջել անձնական վարսահարդար, անձնական ոճաբան էլ՝ Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Օրինակ, ԱԺ նախագահն ունի նաեւ անձնական վարորդ, չէ՞, անվտանգության աշխատակիցներ, ովքեր ամենօրյա ռեժիմով իր հետ շփվում են: Անձնական բժիշկը հիվանդանոցում զբաղվելու է իր առօրյա աշխատանքով եւ Աստված մի արասցե, թող ընդհանրապես պետք չգա բժշկի օգնությունը ԱԺ նախագահին եւ մնացած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ում հատկացվում է անձնական բժիշկ: Մի փոքր տրամաբանությունից զուրկ եմ համարում ասել, որ ա՛յ ունի անձնական բժիշկ: Անձնական բժիշկ ունի, որը գտնվում է իր հիվանդանոցում, աշխատավայրում եւ Աստված ոչ անի, միգուցե տարին մեկ անգամ լինի նրա կարիքը: Ես որեւէ բան այդտեղ չեմ տեսնում»:

Հարցին՝ այսինքն, եթե ԱԺ նախագահը անձնական վարորդ ունի, կարող է նաեւ անձնական բժի՞շկ էլ ունենալ՝ Հակոբյանը պատասխանեց. «Ինչի՞ օրինակ չեն բողոքում, որ անձնական վարորդ ունի, կարող էր ինքն էլ գնար, չէ՞: Կարող էր ԱԺ նախագահը ինքն էլ նստել ղեկին եւ գնար: Կարող էր, չէ՞»: Երբ արձագանքեցինք, որ միանշանակ նորմալ կլիներ նաեւ դա, շատ երկրներում պաշտոնյաները հեծանիվով են գնում աշխատանքի՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Երկար տարիներ աղմուկ չի բարձրացել, թե ինչու օրինակ մեր բարձրաստիճան պաշտոնյաները օգտվում են ծառայողական մեքենաներից: Դեռ նախկինում շատ ավելի շատերն էին օգտվում, ԱԺ հանձնաժողովների փոխնախագահները նույնպես օգտվում էին ծառայողական մեքենաներից: Մենք եկանք եւ կրճատեցինք: Հիմա՝ անձնական բժիշկ…երեւի այդ բառն է բորբոքում մարդկանց՝ անձնական բժիշկ»:

Դիտարկմանը, որ առանց այդ էլ այս խորհրդարանի պատգամավորների համար ձեռքի ծախսի գումարը ավելացվեց՝ դառնալով 250 հազար դրամ, դա նույնպես անհասկանալի էր՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Դրա բացատրությունը տրվեց. մենք ունենք բազմաթիվ պատգամավորներ, ովքեր մարզերից են ընտրված: Եվ ինչո՞ւ միայն մարզերից ընտրված պատգամավորները, մենք նույնպես՝ Երեւան քաղաքից ընտրված պատգամավորներս, հաճախ հանդիպումներ ենք ունենում մեր ընտրողների հետ եւ կարիք է լինում այսպես կոչված մեր հավելյալ ծախսերի հետ կապված ունենալ մի քիչ ավելի միջամտություն կառավարության կողմից»:

Զարմանքին, որ դուք բարձր աշխատավարձ եք ստանում, այդ աշխատավարձ ինչի՞ համար է, որ ընտրողների հետ հանդիպման համար ծախսի փող եք վերցնում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Բարձր աշխատավարձը մի փոքր հարաբերական է: Բարձր աշխատավարձը՝ կապված պատասխանատվության եւ կատարած աշխատանքի հետ, մի փոքր ըստ իս հարաբերական երեւույթ է, որովհետեւ մարդ կարող է շատ բարձր պատասխանատվությամբ աշխատանք իրականացնել եւ ստանալ X գումար, որը չի արդարացնում այն ամենը, ինչի պատասխանատվության տակ գտնվում է»:

Հիշեցրինք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ցույց տվեց, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն իսկի տեղյակ էլ չէր դրանից, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, ձեր պատասխանատվությունը այդտեղ էլ չկար՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Եղել են պատգամավորներ, ովքեր եղել են վարչության անդամ եւ տեղեկացված եղել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930