Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն կաշկանդված չէ ՀԽՍՀ սահմաններով. Լևոն Գրիգորյան

Սեպտեմբեր 17,2021 14:29

Իրավաբան Լևոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ պետության գլխի շուրթերով կրկին հնչեցին հայտարարություններ, որոնց համաձայն Հայաստանը կաշկանդված է ՀԽՍՀ վարչական սահմաններով․ հասարակությանն այս սահմանները հրամցվում են որպես մի բան, որը իբրև թե բխում է միջազգային իրավունքից, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը։

Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած վարչական սահմանը վերածվել է հետագայում արդեն պետական սահմանի, ինչպես նաև շեշտեց, որ Էյվազլի և Չայզամի տեղանունները հաղորդագրություններում հիշատակվել են «որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս»։

Այս կապակցությամբ թերևս մեկ վերջին անգամ այս հարթակը կօգտագործեմ խորհրդային վարչական սահմանների շարունակականության հարցին կրկին անդրադառնալու համար։ Քանի որ ասելիքը շատ է, այն բաժանել եմ հատվածների, որոնք կներկայացնեմ թեզերի տեսքով՝ ամեն թեզին նվիրելով մեկ գրառում։

Այդ թեզերն են․

1.ՀՀ-ն կաշկանդված չէ ՀԽՍՀ սահմաններով (այնպես ինչպես դրանք կային ԽՍՀՄ փլուզման պահին)

2.Վարչական սահմանների շարունակականության սկզբունքը չի տարածվում ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված պետությունների վրա և չի կարող պարտադրվել նրանց՝ առանց իրենց համաձայնության

3.ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով Հայաստանը չի ընդունել ՀԽՍՀ սահմանները

4.ՀՀ անդամակցությունը որևէ միջազգային կառույցի չի ենթադրում ՀՀ սահմանների ճանաչում

5.«Միջազգայնորեն ճանաչված սահման» եզրույթը զուրկ է իրավական արժեքից և բովանդակությունից

6.ՀՀ պետական պաշտոնատար անձանց շարունակական անպատասխանատու հայտարարությունների արդյունքում ՀՀ-ն իրոք կարող է կաշկանդվել (եթե արդեն չի կաշկանդվել) ԽՍՀՄ վարչական սահմաններով

7.Սահմանադրական իրավունքի տեսանկյունից նման հայտարարությունները, որոնք հանգեցնեն ՀՀ տիտղոսային տարածքների զիջման, պաշտոնական լիազորությունների սահմանազանցում են, քանի որ հակասում են սահմանների փոփոխման Սահմանադրական ռեժիմին, ուստի համապատասխան դիտավորության առկայության դեպքում պարունակում են հանցակազմ։

Հաշվի առնելով, որ գրառման նպատակը հարցի վերաբերյալ իմացության տարածումն է, խնդրում եմ մեկնաբանություններում զերծ մնալ որևէ պաշտոնատար անձանց ուղղված վիրավորական խոսքից։

Եվ այսպես (գրառում առաջին)․

ՀՀ-Ն ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԷ ՀԽՍՀ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ (ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ԴՐԱՆՔ ԿԱՅԻՆ ԽՍՀՄ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՀԻՆ)

Նախքան հարցի խորքային քննարկումը, ընթերցողը պետք է հասկանա, թե ինչպես է ձևավորվում միջազգային իրավունքը (իսկ միջազգային իրավունքն իրականում պետությունների ազատության նկատմամբ տարածվող արգելքների կամ ինքնիշխանության սահմանափակումների ամբողջություն է)։ Միջազգային իրավունքի ձևավորման միակ ձևաչափը պետությունների կամարտահայտությունն է։ Այսինքն` պետությունները սեփական ցանկությամբ որոշում են ստանձնել պարտավորություններ և կաշկանդել իրենց իսկ ազատությունը կամ ինքնիշխանությունը որոշակի վարքագծի կանոններով։ Կամարտահայտությունը կարող է արտահայտվել երկու ձևով՝ միջազգային պայմանագրեր կամ սովորույթ։ Սովորույթը այն կանոնն է, որը պետությունը ստանձնում է որոշակի վարքագծի պարբերական կրկնությամբ, երբ պարբերական կրկնությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ վարքագծից հնարավոր լինի ենթադրել, որ պետությունը ինքն իրեն պարտավոր էր զգում դրսևորել նման վարքագիծ։

Դատական գործերը կամ առանձին մասնագետների հեղինակած ձեռնարկները միջազգային իրավունք չեն ստեղծում, թեև կարող են վկայակոչվել մեկնաբանելու համար, թե արդյոք ինչ է գրված պայմանագրում կամ թե արդյոք ձևավորվել է սովորույթ, թե ոչ։

Հիմա անդրադառնանք խոշոր տերությունների փլուզման համատեքստում դրանց ներքին վարչական սահմանները միջազգային սահմանների վերածվելու ենթադրյալ կանոնին։ Հաշվի առնելով, որ նման կանոն որևէ միջազգային պայմանագրում արձանագրված չէ, ենթադրվում է, որ այն պետք է փնտրել պետությունների պրակտիկայում, ապացուցելու համար կանոնի սովորութային բնույթը։

Առաջին անգամ գաղութային ժամանակաշրջանի սահմանների շարունակականությունը որպես քաղաքական (ոչ թե իրավական) սկզբունք (uti possidetis juris) կիրառվել է Լատինական Ամերիկայում։ Այս պետությունները, Իսպանիայի և Պորտուգալիայի դեմ վարած ազատագրական պայքարի ընթացքում, կայացնում են փոխադարձորեն համաձայնեցված որոշում՝ սառեցնել գաղութային սահմանները՝ արտաքին վտանգի վրա կենտրոնանալու նպատակով (տե՛ս Lalond S. Determining Boundaries in a Conflicted World: The Role of Uti Possidetis (2002) p. 28)։

Այնուհետև 20-րդ դարի կեսերին սկզբունքը կիրառվում է Աֆրիկյան մայրցամաքում՝ կրկին մասնակից պետությունների փոխադարձ համաձայնությամբ (տե՛ս Աֆրիկյան Միության Կազմակերպության 1964թ․ բանաձևը, Border Disputes among African States, AHG/Res. 16(1) (1964), para. 2): Այս անգամ սակայն սկզբունքի կիրառման տրամաբանությունն այլ էր․ բացառել էթնիկ կոնֆլիկտները և կենտրոնանալ համա-աֆրիկյան սոցիալական խնդիրների լուծման վրա (տե՛ս Edward McWhinney, Self-Determination of Peoples and Plural-Ethnic States: Secession and State Succession and the Alternative, Federal Option, Recueil des Cours. Vol. 294 (2002). P. 231):

Նույն Աֆրիկյան մայրցամաքում սկզբունքի կիրառումն ունեցել է բազմաթիվ բացառություններ, որոնց հիմքում կարելի է տեսնել երկու հիմնական տրամաբանական ուղղվածություն։ Գաղութային սահմանները չէին պարտադրվում այն դեպքերում, երբ մինչև Եվրոպական գաղութարարների ժամանումը տարածքը ճանաչել է պետականություն կամ երբ այդ սահմանների պահպանումը կարող էր ավելի ապակայունացնել տարածաշրջանն էթնիկ կոնֆլիկտների պատճառով։

Նման բացառությունների թվին են դասվում՝

(1) Եթովպիան և Էրիթրեան. Եթովպիան դարեր շարունակ գոյություն է ունեցել որպես պետություն, իսկ Էրիթրեան որպես տարածաշրջան գաղութացվել է Իտալիայի կողմից 1890թ-ին: Երբ Եթովպիան նվաճվում է Իտալիայի կողմից 1936-ին, տարածքները միացվում են իրար։ Ապագաղութացման գործընթացի սկզբի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախ որոշում է, որ այս սուբյեկտները պետք է կայանան որպես մեկ պետություն՝ Էրիթրեան լինի ինքնավար միավոր Եթովպիայի կազմում (GA Res. 390 (V) (2 December 1950), para. 1): Չնայած միջազգային հանրության ծրագրերին 1960-ականների սկսված քաղաքացիական պատերազմը հանգեցնում է Էրիթրեայի կայացմանը որպես անկախ պետություն։

(2) Իֆնի՝ միջերկրական ծովի ափին գտնվող այս տարածքը, որը միջին դարերի ընթացքում պատկանել է Մարոկկոյի Թագավորությանը, սակայն գաղութացվում է Իսպանիայի կողմից 1860թ․-ին, կրկին զիջվում է Մարոկկոյին ապագաղութացման ընթացքում, այլ ոչ թե դառնում է առանձին պետություն։

(3) Ռուանդան և Բուրունդին, որոնք մեկ գաղութ էին Բելգիայի տիրապետության ներքո, վերածվում են առանձին պետությունների՝ կրկին հակառակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախնական փորձերի (GA Res. 1579 (XV), 20 December 1960, para 11):

(4) Բրիտանական Կամերուններ կոչվող գաղութը տրոհվում է երկու մասի, որոնցից մեկը միանում է Նիգերիային, իսկ մյուսը՝ Կամերունին։

Վերջապես՝ գաղութային սահմանների շարունակականության սկզբունքը չի գործել Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի տարածաշրջաններից դուրս՝ անգամ գաղութային համատեքստում։ Այսպես՝ Բրիտանական Հնդկաստան գաղութի տարածքում այսօր գոյություն ունի չորս պետություն՝ Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Բիրմա։ Ուսի որևէ պնդում, թե գաղութային սահմանների շարունակականության սկզբունքը պարտադիր է բոլոր պետությունների համար զուրկ է որևէ հիմնավորումից․ այն եղել է բացառապես տարածաշրջանային պայմանավորվածությունների արդյունք։

Ադրբեջանը՝ սկսած 2008-ից անդադար պնդել է, որ uti possidetis juris սկզբունքը պարտադիր է նաև ապագաղութացման համատեքստից դուրս և պետք է կիրառվի նաև ԽՍՀՄ փլուզման համատեքստում։ Սկզբունքը նախ և առաջ վկայակոչվել է Արցախի նկատմամբ ադրբեջանական տիտղոսի հիմնավորման նպատակով (տե՛ս այս թեմայով Ադրբեջանական հուշագիրը՝ հեղինակած բրիտանացի մասնագետ Մելքոլմ Շոուի կողմից)։

Թե ինչու է Հայաստանը տասնամյակներ շարունակ ձախողել Ադրբեջանի վարած նարրատիվների պատերազմի դեմ պայքարը, այլ պատմություն է։

Ադրբեջանական դիրքորոշումը հիմնված է մի քանի փաստարկների վրա, որոնց անդրադառնանք ստորև։ Առաջին՝ 1992թ․ ստեղծվում է Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային համաժողովի արբիտրաժային հանձնաժողով կոչվող կառույցը («Բադինտերի» հանձնաժողով)։ Այս մարմինը, չնայած անվանման, իրականում արբիտրաժային ատյան չէր, այլ Եվրոպական մի շարք երկրների սահմանադրական դատարանների նախագահներից կազմված խորհրդատվական մարմին, որը պետք է խորհրդատվություն տար Եվրոպական պետություններին Հարավսլավիայի տրոհման արդյունքում առաջացած պետությունների ճանաչման գործընթացում։

Այս մարմինը 1992թ․ տալիս է կարծիք առ այն, որ գաղութային սահմանների շարունակականության սկզբունքն իբրև թե ընդհանուր միջազգային իրավունքի մաս է և կաշկանդում է պետություններին՝ անկախ նրանից թե այդ պետություններն առաջանում են ապագաղութացման համատեքստում, թե դաշնային պետությունների տրոհման արդյունքում՝ իր կարծիքը հիմնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի Բուրկինա-Ֆասո / Մալի սահմանային վեճի վերաբերյալ 1986թ․ վճռի վրա։ Այն որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանն իրականում երբեք չի խոսել սկզբունքի ունիվերսալության (ապագաղութացման համատեքստից դուրս դրա կիրառման) մասին տե՛ս Thomas D. Musgrave, Self-Determination and National Minorities (Clarendon Press, Oxford, 1997). p. 234: Բացի այդ Բադինտեր հանձնաժողովի կազմը, ինչպես նշվեց վերը, կապ չուներ միջազգային իրավունքի հետ, իսկ թե ինչպես է ձևավորվում միջազգային իրավունքը, նշվել է այս գրառման սկզբում։ Վերջապես՝ Բադինտեր հանձնաժողովի կարծիքի անկենսունակության առհավատչյան Կոսովո պետության գոյությունն է, և դրա ճանաչումը բազմաթիվ Եվրոպական պետությունների կողմից։

Մյուս ադրբեջանական փաստարկն է՝ Հայաստանն ընդունել է խորհրդային սահմանների շարունակականությունը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի` 1991 դեկտեմբերի 8-ի ԱՊՀ Հիմնադիր Պայմանագրի և դեկտեմբերի 12-ի Ալմա Աթայի հռչակագրի միջոցով։ Այս երկու գործիքն էլ սակայն խոսում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ոչ թե խորհրդային սահմանների շարունակականության, որոնք հիմնովին տարբեր երևույթներ են։ Տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է այն պահից, երբ պետությունների տիտղոսային իրավունքները տարածքների նկատմամբ հաստատված են, այն է` տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանում է А պետության տարածքը B-ի նկրտումներից, սակայն այն չի որոշում, թե որ տարածքն է A-ինը, իսկ որը՝ B-ինը։

Այն մասին, որ պետությունների անդամակցությունը միջազգային կառույցներին որևէ կերպ չի ենթադրում այդ պետությունների սահմանների ճանաչում, արդեն գրել եմ անցյալում։ Այստեղ միայն կրկին վերաշարադրում եմ անցյալում նշած մտքերը։

Միջազգային իրավունքին հայտնի չէ որևէ «միջազգային կադաստր»։ Հայաստանը, ինչպես և ցանկացած այլ պետություն, ՄԱԿ-ին անդամակցելիս կամ ճանաչվելիս չի ճանաչվում որոշակի սահմաններով։ Դա չի բխում ո՛չ ՀՀ-ի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևից , ոչ էլ ՀՀ-ի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ խորհրդատվական եզրակացությունից ():

Իսրայել պետությունը, մասնավորապես, անդամակցել է ՄԱԿ-ին՝ ունենալով վեճեր իր բոլոր սահմանների առնչությամբ։ Այս կապակցությամբ տե՛ս ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաջին ներկայացուցիչ, իսկ այնուհետև նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի հանրահայտ ելույթը (սկսած 8-րդ էջից)։

ՀԳ Այս գրառումների շարքն անելիս փորձելու եմ մաքսիմալ ձեռնպահ մնալ արժեքային գնահատականներից։ Ուստի սահմանափակվում եմ այսքանով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930