«Էկոնոմիկայի փոխնախարարը հրավիրեց իր մոտ ժողովի: Առաջարկեց ոչ լեգիտիմ լուծումներ, որը չի կարող մեր խնդրանքը բավարարել: Այսինքն, մարզում կա մոտ 30 հազար տոննա խաղող, ինքը հաստատեց մոտ ութ հազար տոննայի հնարավոր մթերման մասին, ոչ կոնկրետ գնի, որը չի կարող խնդրի լուծում լինել»,- կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմավիրի մարզի խաղողագործներից մեկը:
Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր կառավարության շենքի մոտ ցույց էին անում: Խաղողի մթերումների խնդիր է առաջացել: Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի եւ գինու գործարանում հրաժարվում են բերքը մթերել: Խաղողագործները ենթադրում են, որ «նրան նեղացրել են. ինչի՞ չեն ուզում պարոն Ծառուկյանի գործարանը բացվի»:



Կարդացեք նաև
Գյուղացիները դեմ են նաեւ, որ իրենց բերքն այլ գործարաններ մթերեն. խնդիրն այս պարագայում հեռավորությունն է, լրացուցիչ մեքենաների ծախսը եւ այն, որ մյուս գործարաններն ավելի ուշ են վճարում գումարը, իսկ իրենք վարկեր ունեն մարելու՝ ուշացնելու դեպքում տույժ ու տուգանքներն են ավելանում:
«Խաղողագործը դեռ մարտ-ապրիլ ամսին պետք է իմանա, թե ինչ ծավալի խաղող է հանձնելու, որ գործարանին է հանձնելու եւ ինչ գնով։ Այս տարի փոթորիկի նախանշան չկար, ամեն ինչ նորմալ էր։ Ապրիլին կոնյակի գործարանը հայտարարեց մթերման ծավալները, գինն էլ հայտարարեց ցածր՝ 115 դրամ, բայց դրանից հետո խաղողի գինը պետք է աճեր՝ հաշվի առնելով պետական ինֆլյացիան պետության վիճակագրական վարչության կողմից ընդունված։ Ինֆլյացիան երեք տարիների ընթացքում կազմել է 5-6 տոկոս։ Եթե 2018 թվականին խաղողն ընդունվել է 140 դրամով, ապա հիմա պետք է ընդունվեր 170-ից 180 դրամով»,-ասաց մեկ այլ ցուցարար:
Ցուցարարները հորդորում են՝ իրենց պահանջը չքաղաքականացնել. «Մի քանի օր առաջ գործարանի մոտ կանգնել էինք, մի շքեղ ջիպից շատ շքեղ հագնված տղամարդ իջավ՝ ասաց՝ ինչո՞ւ եք սուսուփուս կանգնել, գործարանը վառեք, դռները ջարդեք։ Մենք չենք ուզում քաղաքական շահարկման առարկա դառնանք։ Գյուղ չկա, որ զոհ տված չլինի, գյուղացին, որն այսքան զոհ է տվել՝ իրավունք ունի՞ արժանապատիվ ապրելու, թե՞ ոչ: Այդ արժանապատիվ ապրելու հարցում կառավարությունը դեր ունի՞, թե՞ չունի։ Մարզպետ ունենք, որն արդեն երկու տարի է՝ մարզպետ է ու իմ գյուղի՝ Շենավանի ճանապարհը չգիտի։ Այդ մարդը չգիտի՝ խաղողը վազի՞ վրա է աճում, թե՞ ձմերուկի նման ցանում են։ Բա երկու տարի ժամանակ ուներ, մի օր չմտներ մարզ մեր դարդերն իմանա»:
Խնդիրը խաղողագործները քննարկել են մարզպետարանում, նրանց այնտեղ ասել են, որ չեն կարող որեւէ տնտեսվարողի ստիպել, որպեսզի բերքը մթերեն: Հանդիպումից հետո, մարզպետարանի կայքում տեղեկություն է հրապարակվել, որ խաղողի մթերման հարցերը կարգավորված են: Մինչդեռ, ցուցարարները պնդում են, որ բերքի 80 տոկոսը դեռ դաշտում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


























































