Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները Արցախը Երեւանից Բաքվին հանձնող-ընդունող հանձնաժողովն են նախագահում»

Հոկտեմբեր 02,2021 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանը:

-ԵԽԽՎ-ն օրերս ընդունեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ բանաձեւը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ եւ ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է այս բանաձեւը:

-Ոչինչի մասին էլ չէ։ Գուցե միայն հիշեցման իմաստ ունի, որ Մինսկի խումբ գոյություն ուներ մի ժամանակ։ ԱՄՆ֊ն եւ հատկապես Ֆրանսիան դեռ փորձում են այդ ձեւաչափը օգտագործել մեր տարածաշրջանում թուրք-֊ռուսական ազդեցությունը գոնե չնչին չափով հակակշռելու համար։ Նրանց կոչն, իհարկե, Ադրբեջանին է ուղղված, որը բացարձակ չի թաքցնում Մինսկի խմբի վրա թքած ունենալու իր կեցվածքը։ Բաքվին Մինսկի խումբը անհրաժեշտ էր նախքան պատերազմն ավարտելը՝ երկու տասնամյակ այդ հարթակում նա հիմնավորում էր իր արդար լինելը, իր տարածքային իրավունքները, ուժով հարցը լուծելու իրավունքը։ Արցախը գրավելուց հետո նա այլեւս մերժելու է իր տարածքի մասին որեւէ քննարկում միջազգային հարթակներում՝ լինի դա ԵԱՀԿ-ն կամ այլ հարթակ։ Իսկ հայերս այդպես էլ չհասկացանք, թե ինչ էր Մինսկի խումբը։ Մենք շարունակում ենք այն ընկալել, որպես մերօրյա պոլիտբյուրո, որը պետք է մեր փոխարեն լուծի մեր հարցերը. առաջ հույս ունեինք, որ կարգավիճակ կնվիրի տարածքների դիմաց, Բաքվին կպատժի, եթե նա չարություն անի, իսկ հիմա հույս ունենք, որ Հադրութն ու Շուշին կվերադարձնի առանց կրակոցի։ Մեր այս բթամտության արդյունքում ինքներս էլ երկուսուկես տասնամյակ զբաղվել ենք Ադրբեջանի՝ զենքով Արցախը գրավելու իրավունքը հիմնավորելով։ Հիմա նույն համառ բթամտությամբ հիմնավորում ենք, որ Արեւմտյան Հայաստանը, Արցախն ու Նախիջեւանը թուրքերինն են ու շտապում ենք այդ պայմանով հաշտվել նրանց հետ ընդհուպ մինչեւ դեմարկացիա։

– Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը օրերս կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները վատթարացել էին 1992-ին, «Ղարաբաղի օկուպացիայի» արդյունքում, այժմ, «երբ այդ խնդիրը արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլեւս չկա»։ Սակայն, ըստ նրա, Արցախի հարցում դեռ լուծում պահանջող հարցեր կան եւ դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Հայտնի է, որ ՀՀ իշխանությունը խոսում է Թուրքիայից եկող դրական ազդակների մասին: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն, եթե նկատի առնենք նաեւ տարածաշրջանի մյուս երկրների՝ Վրաստանի՝ հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությունը եւ Իրանի շուրջ ստեղծվող լարվածությունը:

-Հայտարարված սցենարը երբեմնի Հայաստանի ներկայիս աննպատակ ու անիմաստ մնացորդի արագ ինտեգրումն է թուրքական աշխարհին։ Հայաստանի՝ իրեն լեգիտիմ համարող խելագար կառավարությունը ոչ միայն համաձայնվել է այդ սցենարին, այլեւ փորձում է այն մատուցել, որպես Հայաստանի փրկության, հավերժական խաղաղության եւ տնտեսական զարգացման երաշխիք։ Այս քարոզչական բլեֆը ազգային ինքնությունից կտրված անգրագետ ժողովրդական զանգվածի համար է։ Բայց, իհարկե, այդ սցենարը որոշ հուսահատ դիմադրության կհանդիպի Հայ ազգի ինքնագիտակից հատվածի կողմից՝ գուցե հաջողվի տապալել այն, գուցե արդեն ուշ է։ Ինչ վերաբերում է Արցախում դեռեւս չլուծված հարցերին, ապա կարեւոր բառը «դեռեւսն» է։ Դեռեւս հայկական բանակի անձնակազմը ամբողջությամբ չի հանվել այնտեղից, դեռեւս գործում են հայկական մարմիններ, դեռեւս այնտեղ հայեր են ապրում։ Երբ այդ ամենը վերջապես դուրս բերվի, այլեւս ռուսների ներկայությունն էլ ավելորդ կդառնա եւ հարցը վերջնական կփակվի թուրքական պատկերացմամբ։

Երբ Փաշինյանի կառավարությունը երկրի կործանարար պարտությունը հաղթանակ է համարում ու երազում է Երկիրը Վրաստանի նման վերածել թուրքական տրանզիտ տարածքի, վերջինիս միջնորդությունը տրամաբանական է դառնում։ Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծվող լարվածությանը, պետք է կոնկրետացնենք, որ դա լարվածություն է իրանական Ադրբեջանի շուրջ։ Ինչո՞ւ ոչ։ Երբ Հայաստանի հարցը լուծված է եւ Կովկասից մինչեւ Արաքս տարածքն արդեն իրենց գրպանում է, միթե՞ ժամանակը չէ մտածել Իրանից թրքախոս շրջանները խլելու մասին։

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս խոսեց հայերի եւ ադրբեջանցիների համակեցության մասին:

– Հայաստանում դեռ շատերին է թվում, թե ռուսները եկել են, որ էլ երբեք չգնան։ Որ Արցախը նրանք դարձնելու են Հարավային Օսեթիայի նման մի բան։ Սակայն իրականությունն այն է, որ ռուսները Արցախը Երեւանից Բաքվին հանձնող-ընդունող հանձնաժողովն են նախագահում։ Նրանց պետք է, որ Արցախում մնան միայն այն հայերը, ովքեր ընդունակ կլինեն ապրել թուրքերի հետ։ Լավագույն դեպքը կլիներ, որ բոլոր հայերը վերադաստիարակվեին ու զգային թուրքերի հետ ապրելու օգուտները։ Սա ռուսներին պետք է մեկ բանի համար՝ որպեսզի երբ իրենց Արցախից հեռանալու պահը գա, չստացվի, որ նրանք դավաճանեցին հայերին, որ երեւա, թե արցախցիները այդքան էլ դեմ չեն Բաքվի իշխանության ներքո ապրելուն։ Կամ, որ ռուսները արդարանան ու մեղքը դարձյալ մեզ վրա գցեն, թե իբր իրենք պատրաստ էին մեզ պաշտպանել, բայց մենք չուզեցինք խաղաղ ապրել թուրք եղբայրների հետ եւ ինքնակամ հեռացանք Արցախից, որտեղ նրանք մեզ թույլ էին տվել ահռելի ներդրումներ կատարել ու իրենք էլ օգնում էին կողքից։

– Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւն էլ հայտարարել է Զանգեզուր վերադառնալու մասին՝ հավելելով, որ այնտեղ տանկերով չեն գալու, այլ խաղաղության պայմանագրի ստորագրման արդյունքում: Ի դեպ, իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը նույնպես օրերս Սյունիքի մասին խոսելով այն անվանել էր Զանգեզուր:Կայացավ նաեւ Էրդողան-Պուտին հանդիպումը, որի առանցքում Արցախի հարցն էր. հայկական տարածքների հաշվին նոր աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների ականատե՞սը կլինենք, հերթական անգամ, նկատի ունենալով, որ ՀՀ իշխանությունն այս բանակցություններում միայն կատարողի դերում է:

– Զանգեզուր անունը ինձ համար նույնքան հայկական է, ինչ Սյունիքը։ Այն Սյունիքի մի մասն է, լեռնաշղթա է։ Անդրանիկ Քոչարյանը կարող է դա չիմանալ ու օգտագործել այն համատեքստում, ինչ համատեքստում իր շեֆը օգտագործում էր հանձնված կամ հանձնվելիք հայկական բնակավայրերի թուրքական անունները։

Կարճաժամկետ հեռանկարում, եթե Հայաստանում ազգային կառավարություն չձեւավորվի, առնվազն Արաքսի ափով թուրքերը շուտով երթեւեկելու են։ Հենց ռուսներն են պահպանելու նրանց անվտանգությունը՝ այդ պատրվակով սահմանափակելով հայերիս տեղաշարժը սահմանամերձ գոտում։ Սակայն, երկարաժամկետ հեռանկարում Ալիեւի երազանքը իրականանալու է Հայաստանի ու հատկապես Սյունիքի մարզի ժողովրդագրական աղետի արդյունքում։ Թուրքական աշխարհին սպասարկող տարածքում այսքան հայի կարիք չկա՝ սրա կեսի կեսն էլ բավարար է։ Իսկ թուրքերի համար նման Հայաստանը ցանկալի ապրուստի վայր է լինելու։ Այնպես որ, հարցը Սյունիքով չի սահմանափակվելու։ Ադրբեջանցի փախստականների Սյունիք վերադառնալու պահանջը կարող է ներառվել խաղաղության պայմանագրում։ Եթե Հայաստանը չկատարի, Բաքուն միշտ կարող է գրավել ադրբեջանցիներով նախկինում բնակեցված որոշ սահմանամերձ բնակավայրեր, օրինակ Գեղարքունիքում, պահել որոշ ժամանակ, բնակեցնել, հետո, խաղաղության պայմանագիր ստորագրելով, ձեւականորեն հանձնել Հայաստանին՝ պայմանով, որ Երեւանը նրանց խաթրին չի կպնի։

– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ալիեւի ելույթի, դրա շեշտադրումների, Նիկոլ Փաշինյանին շատ չստորացնելու՝ ՌԴ նախագահի հորդորի մասին ի՞նչ կասեք: Համարժե՞ք էր այլոց կոշիկները լպստելու մեջ ՀՀ այլ ղեկավարներին մեղադրող Նիկոլ Փաշինյանի ելույթը Ալիեւի ելույթին:

– Այո, համարժեք էր։ Այդ ելույթները, յուրաքանչյուրը իր դիրքից, արտահայտում էին ներկա իրողությունը. տարածաշրջանում Ադրբեջանի հաղթանակը եւ այն մինչեւ վերջ իրացնելու ձգտումը, Հայաստանի խայտառակ պարտությունը եւ նրա ղեկավարի ողորմելիությունը, ինչպես նաեւ ռուսների կապիկությունը, որպես այս գործընթացի քավորի։ Փաշինյանի ելույթը համարժեք չէր հայերիս ազգային ձգտումներին։ Նրա դեռեւս պաշտոնավարելու փաստն ընդհանրապես համատեղելի չէ Հայոց պետության հետագա գոյության հետ։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ակտիվանում, տարածաշրջանային այցեր, նրանց հովանու ներքո հանդիպումներ են նախատեսվում: Ի՞նչ օրակարգ է պետք, որ Հայաստանն առաջ տանի կամ Արցախում կարո՞ղ են շարունակել ՀՀ-ին իրենց շահերի պաշտպանությունը վստահել:

– Հայաստանը, որպես պետություն, նախ պետք է լինի, որ օրակարգ առաջ տանի։ Ինքնիշխանության վերականգնումից հետո կարելի է մտածել դիմադրության կամ ռեւանշի եղանակների մասին, եւ դրանից բխող արտաքին հարաբերություններ կառուցել։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա ես այն երբեք առանձին, ընդհանուր հայությունից տարբերվող առանձին շահ ունեցող միավոր չեմ համարել, որն ընդունակ է Երեւանից տարբերվող քաղաքական որոշումներ կայացնել։ Հայաստանից առանձին Արցախը կարող էր լինել միայն այսպիսին, ինչպիսին, որ հիմա կա եւ շուտով ավելի ակնառու կլինի։ Հիմա արցախցիներին ոչ ոք չի հարցնում, թե ում, ինչ կարող են վստահել։ Արցախցիները, ընդհանրապես հայությունը, բայց հատկապես արցախցիները պետք է ծանր որոշում կայացնեն՝ պատրա՞ստ են զրոյից սկսել պայքարը հանուն միացման, թե՞ նախընտրում են վերանալ որպես հայության հատված՝ սկիզբ դնելով ամբողջ հայության վերացման վերջին փուլին։ Դեռ Մոնթեն էր ասել. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ Սա շատերն էին կրկնում թութակի նման, առանց հասկանալու, էլ չեմ խոսում լսողների մասին։

– Իսկ Հայաստանի ներքաղաքական բանավեճը, խորհրդարանական անցուդարձը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տեղավորվո՞ւմ է:

– Տեղավորվում է այնքանով, որ ամեն օր փաստում է իրական հայկական պետականության չգոյությունը։ Խորհրդարանում նստած են նախկին ու ներկա դավաճանները, որոնք միասնաբար կործանեցին Երրորդ հանրապետությունը ու հիմա վիճում են, թե ո՞րն էր դրա գլխավոր պատճառը՝ նախկինների թալանը՞, թե՞ ներկաների առանց կրակոցի տարածքներ հանձնելը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031