Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի դրվում Փաշինյանի արձանը

Հոկտեմբեր 02,2021 10:00

Կա պատմական այսպիսի մի անեկդոտ (կամ, ով գիտի, գուցե իրական դեպք): Ստալինի որդին՝ Վասիլին, թերանում է իր ծառայության մեջ, եւ հայրը նրան աշխատասենյակ է կանչում: «Դու կարծում ես, եթե դու Ստալինի որդին ես, քեզ ամեն ինչ կարելի՞ է, – խրատում է խորհրդային բռնապետը եւ հետո ավելացնում, – նույնիսկ ես չեմ կարող անել այն, ինչ ուզում եմ: Այ, նրան, – ցույց տալով պատին կախած իր իսկ նկարը, – նրան ամեն ինչ կարելի է»:

Ինչի՞ մասին է այդ պատմությունը: Հենց որ կենդանի, գործող առաջին դեմքի նկարը հայտնվում է պատին, նա դադարում է կենդանի մարդ լինելուց՝ իր բոլոր թերություններով ու սահմանափակումներով: Նա դառնում է իր սեփական արձանը՝ սրբապատկեր, որին կարելի է միայն երկրպագել: Դուք երբեւէ տեսե՞լ եք սրբապատկերը սխալվի, քննադատվի, որ նրա գործողությունները կասկածի տակ դրվեն:

Ընթերցողը, հավանաբար, հիշում է, թե ինչ աղմուկ էր բարձրացնում այն ժամանակվա ընդդիմությունն ու քաղհասարակությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ պաշտոնյաները երրորդ նախագահի նկարը կախում էին իրենց աշխատասենյակների պատերին: Դա իրավացիորեն համարվում էր անձի պաշտամունքի, քծնանքի, շողոքորթության, հյուսիսկորեական մշակույթի դրսեւորում: (Գիտեմ, որ Արեւմուտքում նույնպես դա որոշ տեղերում ընդունված է. ես խոսում եմ մեր՝ հայաստանցիներիս, ընկալումների մասին):

Իսկ երբ հիմա պաշտոնյաներն իրենց պատերը զարդարում են Նիկոլ Փաշինյանի նկարով, դա ինչի՞ դրսեւորում է: Այդ հարցի պատասխանը վերջերս տվել է արդարադատության նախարար Կարեն Անդրիասյանը: Ըստ նրա՝ «լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»:

Այսինքն՝ Փաշինյանի նկարը նախարարի համար ուղղորդող նշանակություն ունի. երբ նա զգում է, որ գնում է սխալ ճանապարհով, նայում է նկարին, եւ վերջինս նրան ոգեշնչում է՝ գործել արդար եւ ազնիվ: Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ քրիստոնյաներս, նման ոգեշնչման աղբյուր ենք փնտրում Աստվածաշնչում:

Կարծում եմ, եթե Փաշինյանի պատկերն իսկապես այդպիսի մաքրագործող ազդեցություն է թողնում, ապա միայն նախարարներով պետք չէ սահմանափակվել: Փաշինյանի արձանը պետք է դնել Մոնումենտում՝ Մայր Հայաստանի փոխարեն, որպեսզի մենք էլ ներքեւից վերեւ նայելով, սովորենք, թե ինչպես պետք է լինել անաչառ եւ ազնիվ: Եվ ամենակարեւորը՝ ինչպես է պետք ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը: Ի դեպ, Ստալինը, որին ես, բնականաբար, ակնարկում եմ եւ որի արձանը Երեւանում դրվել էր 1950 թվականին, իր երկիրը տարել էր դեպի հաղթանակ: Ի տարբերություն ոմանց:

…Եթե անպայման պետք լիներ ինչ-որ մի նկար կախել առանձնասենյակում, ես այսօր կկախեի Պլատոնի նկարը, որը Ք.ա. 360 թվականին գրում էր. «Լավ մարդիկ հենց դրա համար էլ չեն ուզում իշխել՝ ոչ փողի, ոչ էլ փառքի դիմաց: Նրանք չեն ուզում վարձկան կոչվել՝ բացահայտորեն պարգեւատրում ստանալով իշխելու համար, չեն ցանկանում նաեւ գող հռչակվել՝ թաքուն օգտվելով իշխելու առավելություններից: Միաժամանակ նրանց չի գայթակղում նաեւ փառքը, չէ՞ որ նրանք փառամոլ չեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ֆոււււ, եթե մեջները հայության կաթիլ կա, մենակ դրա համար ուշադրության արժանի են: Հիշում եմ Ղարաբաղ կոմիտեին ինչ որ կապ ունեցողների խոսակցություններից երեսուն տարի առաջ. ա. Լեւոնը հեչ էլ խելոք չի, բայց խարիզմա ունի ժողովրդի մեջ, դրա համար ենք նրան ղեկավար նշանակել, բ էս հիմար ադրբեջանցիներին թուրքերը հասկացնել են տալիս՝ հայերին զենքով չես հաղթի, բայց կաշառքով՝ խնդիր չկա: Էլի բաներ կան, եթե հիշեմ, կգրեմ: ) Հայաստան կոչված պետությունը վարի տվեց ոչ միայն մեր արեւմտահայերի հայրենիքի խնդիրը միջազգային դիվանագիտական հարթակներում, իբր միջազգայնորեն ճանաչված երկիր, այլեւ արցախցիների հայրենիքի խնդիրը, որի երաշխավորն էր իբր թե, մեր հերոսներին փառք, նրանք իրենց արիությամբ հավատ են տալիս են մեզ, որ մեր արյունը ջուր չի, մեզ ընդամենը Կառավարություն ու Ընդդիմություն է պետք, որոնք արժանի լինեն մեր հերոսներին եւ նրանց ընտանիքներին եւ նրանց ազգին:

  2. Armen says:

    Իմ համոզմամբ, այն անձը, անկախ թե ինչ անուն ազգանուն կունենա, որի մասին պատմությունը կասի, որ նա վերից վար կոռուպցիայի մեջ թաթախված մեր պետական համակարգից իսպառ վերացրել է այդ ախտը, արժանի կլինի հուշարձան կանգնեցնելու: Շատ ցանկալի է, որ որևէ մեկին նման գնահատական տրվի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031