Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ. հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տրվում է հարց՝ հայ գերիների մասին

Հոկտեմբեր 11,2021 12:00

Ի՞նչ էր տեղի ունենում 2020թ. հոկտեմբերի 1-10-ը, արդյոք, ով ի՞նչ դեր է խաղացել: Մեջբերումները, հղումներն արվել են բացառապես aravot.am կայքից:

2020թ. հոկտեմբերի 1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ի որոշման պահանջով, ինչպես նաեւ ի լրումն ՀՀ կառավարության կողմից Եվրոպական դատարան ներկայացված նախորդ տեղեկությունների՝ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն վերջին զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես, ՄԻԵԴ -ին է ներկայացվել սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ եւ Մարտակերտ քաղաքների խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ փաստեր: Նույն օրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրառում է կատարում, որն ամբողջությամբ տարածում են մի շարք լրատվականներ. «Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բախումների հետ, համոզվում եմ, որ սա ՊԱՏԵՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ: … Պատերազմի հինգերորդ օրը շատ վաղ է կանխատեսումների համար, բայց կան արդեն ՓԱՍՏԵՐ, որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ, ինչպես 2016-ին, չորրորդ օրը հրադադար կլինի՝ Ռուսաստանի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: ՌԴ նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիեւի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին: Բայց իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետեւանք է: Նոր իրավիճակն այն է, որ. 1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում: 2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով հանդիպումը: 3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել»: Հաղթանակի ո՞ր որակների մասին էր խոսում, չնայած նրա գրառումը՝ «Հաղթանակի նոր որակներ»-ի մասին էր:

Այդ նույն օրը թուրքական կործանիչը Հայաստանի Հանրապետության երկնքում ինքնաթիռ է խոցում: Իսկ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարում է. «Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ահաբեկչական խմբերին՝ իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանն սպառնացող տարածքների… Կովկաս տեղափոխելով որոշ հակամարտություններ՝ պետք է սպասել ավելի մեծ ողբերգությունների, քան ղարաբաղյան հակամարտությունն է»: Նա ճիշտ էր։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՖԲ էջում հայտնում է. «Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին՝ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ»:

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում, թե՝ բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք: Որոշ ժամանակ հետո էլ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում՝ «Հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից եւ հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց»: «Արցախի տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաեւ Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային»:

Հոկտեմբերի 2. Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրել է, որ այս գիշեր Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում ՀՀ ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացված բոլոր չորս անօդաչու թռչող սարքերն էլ հետախուզական են եղել: Նույն օրը ՀՀ կառավարությունը որոշում է. Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու եւ ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց եւ փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի եւ Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաեւ բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Միջազգային եւ տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից»: Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունենում, կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ռուսական կողմը կարեւորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը եւ խաղաղ գործընթացի վերսկսումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության»: Ռազմական գործողությունների դադարեցում չի լինում:

Հոկտեմբերի 3. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»: Իսկ որոշ ժամանակ հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակում՝ մեկնաբանելով. «Թուրքական արկը՝ Վարդենիսի Կութ գյուղում»։ Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաեւ ԱՀ եւ ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Տղաները փայլուն են կատարում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»։ Փաշինյանը դիմում է ժողովրդին. «Ուզում եմ ասել, որ հիմա այլեւս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դերզորի ճամփորդը չէ։ Այսօր ավելի քան երբեւէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ։ Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է ավարտը, որ մենք ակնկալում ենք այս պայքարի վերջում»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում է:

Հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տրվում է հարց՝ հայ ռազմագերիների մասին: Լրագրողի հարցին, որ թշնամին լուսանկար է հրապարակել, իբր գերիներ ունենք իրենց մոտ՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է. «Շուշանն (ՊՆ մամլո խոսնակին նկատի ունի-Ռ.Մ.) այս հարցին անդրադարձել է: Ես ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել: Գիտեք իրականում թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծերի փոփոխություն, ներգրաված միջոցների ահռելի մեծ քանակ… ոչինչ չենք կարող հերքել, չնայած կոնկրետ այդ նկարը ինքը բավականին լավ քողարկված կեղծիք էր: Նկարը՝ կոնկրետ, բայց իրողությունն ինչպիսին է եղել՝ չեմ կարող ասել»:

Հոկտեմբերի 4. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»: «Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարություն է տարածում զինադադար հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչին եւ պետք է հետեւի բանակցությունների վերսկսումը»,-տեղեկացնում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Atameken Business News» հեռուստատեսությանը: Իսկ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Սփեփանյանը գրում է. «Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի (Մեխակավան) ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է»։ Պաշտպանության բանակի էջից տեղեկանում ենք. «Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային եւ հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյութում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»: Չի հանգստանում նաեւ Արծրուն Հովհաննիսյանը. «Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները»: Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում եւ Շուշիում կային մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

Հոկտեմբերի 5. Արցախի նախագահ. «Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թեւում (Ջաբրայիլում): Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են»: «Միասնական տեղեկատվական կենտրոնում» ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»: Կյանքը ցույց է տալիս, որ զորքերի որոշակի տեղաշարժերը շատ բան որոշեցին:

Հետեւում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նույնպես տարածվում է լրատվամիջոցներում. «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, եւ հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։ Հաղթելու ենք»:

Հոկտեմբերի 6. Մարզպետարանները կոչ են անում. եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է. «Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը»: Շենգավիթի նստավայրում դատական նիստը հետաձգվում է, պարզվում է՝ Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը նույնպես Արցախում են:

Առաջին անգամ խոսվում է զինադադարի մասին: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ասում է. «Հիմա Արցախում ընթանում են գլոբալ պրոցեսներ, քանի որ Արցախը կռվում է համաշխարհային ահաբեկչության դեմ, ինքը կռիվ է տալիս մարդկության համար: Մենք արցախյան դեպքերի այդ մասշտաբները կարգին չենք պատկերացնում… Մենք պետք է շեշտադրումը կատարենք Արցախի ժողովրդի արդեն ճանաչված ինքնորոշման իրավունքը հարգելու վրա… Մենք անընդհատ խոսում ենք, թե պայքարում ենք, որ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սխալ բանաձեւ է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մի քանի անգամ ճանաչվել է: Մենք նորից ենք դա ասում. փոխանակ ասենք՝ հարգեք արդեն ճանաչված իրավունքը: Մենք, փաստորեն, ջնջում ենք այն, ինչ ձեռք է բերվել: 1920-ի դեկտեմբերի 2-ին Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է ԼՂ ինքնորոշման իրավունքը… Ասում են, որ յոթ շրջանները անվտանգության գոտի է: Մենք այնտեղ անվտանգության գոտի չունենք: Լեռնային Ղարաբաղի շուրջ արտահայտությունը գցել են մեր բերանը, մենք կրկնում ենք դա, եւ այն միանգամայն մեր դեմ է: 30 տարի չենք հասկանում, որ դա սխալ է: Էս ի՛նչ քաղաքական մտածողություն է: Մենք աշխարհագրորեն ԼՂ-ից դուրս չենք եկել: Որտեղ կանք, դա Լեռնային Ղարաբաղն է: Կեղծ բանաձեւը բերում են: Լեռնային Ղարաբաղի շուրջ կլինի, եթե հասնենք Բաքու: Նույն սխալը մենք որերորդ տարին է՝ կրկնում ենք: Պետք է շտկել: Եթե հրադադար լինի, նույն բանն է կրկնվելու, թուրքը ուժ է հավաքում, նորից հարձակվում, քանի անգամ կարելի է թույլ տալ, մանավանդ այս պատերազմից հետո, երբ այն հանգամանքն է շեշտվում, որ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ»: Հարցին՝ ո՞ր պարագայում հնարավոր է հրադադարի հասնել այս պատերազմում, Ալեքսանդր Մանասյանը պատասխանել է. «Կարող է մի քանի պարագայում հրադադար կնքվել, եթե լինեն Ադրբեջանի վրա արտաքին ճնշումներ, եթե Ադրբեջանն այնքան հյուծվի, որ չկարողանա, եթե Ադրբեջանում բողոքի այնպիսի ալիք լինի, որ ազդի որոշումների վրա»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ՖԲ էջում գրում է. «Համախմբումը չի կարող լինել միայն մի կողմի նախաձեռնությամբ։ Ա՜յ մանկամիտ անմեղսունակներ, գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՜ք։ Բոլորին՝ ովքեր դեռ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում»: ՌԴ նախագահը տեղեկացնում է. «Ինչպես գիտեք, ես մշտական կենդանի աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի՝ իր միութենական պարտավորությունները կատարելու որակի հետ կապված որեւէ հարց չի առաջանում»: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից թիրախավորվում է Շուշին։ Հասկացեք, ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն»:

Հոկտեմբերի 8. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տեղադրում իր ՖԲ էջում. «Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ»: ՀՀ նախագահի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը ազատվել է ԱԱԾ պետի պաշտոնից: Հետեւում է հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ենթադրությունը. «ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է պատերազմական իրավիճակով, առավելապես թիկունքին վերաբերող հարցերով»: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում Շուշիի՝ կրոնական պաշտամունքի վայրերի եւ մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ. «Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ»։

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվում է նոր կետերով, որոնք սահմանում են. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Հոկտեմբերի 9. ՀԺՄ նախագահը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին. «ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե ներգործության տվյալ միջոցները ո՞ր իրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, եւ դրանց բողոքարկման ի՞նչ ընթացակարգեր են գործելու… Արձանագրում ենք, որ նշյալ փոփոխությունները ոչ միայն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքը, այլեւ անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքից՝ միաժամանակ, հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին եւ ժողովրդավարական պետությունների մոտեցումներին»:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031