Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը փոխում է ազատության մեր ընկալումները

Հոկտեմբեր 20,2021 14:30

Հարցերի պատասխաններն այնքան էլ ակնհայտ չեն

Ինձ համար ակնհայտ է, որ եթե անգամ կոնկրետ այս կորոնավիրուսի համավարակը մարդկությունը կարողանա հաղթահարել, միեւնույն է, 21-րդ դարում մենք, մեր երեխաները, մեր թոռները ապրելու են գլոբալ մարտահրավերների պայմաններում՝ լինեն դրանք նոր համավարակներ, կլիմայի ճգնաժամ, թե արհեստական բանականության «ի չարս» կիրառումը, որն այդ դեպքում կարող է դառնալ ավելի վտանգավոր, քան ատոմային ռումբը: Այդ բոլոր մարտահրավերները կապված են, իհարկե, գլոբալ զարգացումների հետ. խիստ կասկածում եմ, որ հնարավոր կլինի արգելել մոլորակի տարբեր երկրներում ապրող մարդկանց ազատ շփումները, արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը:

Բայց ազգային մակարդակում մակերեսի վրա գտնվող լուծումը ազատությունների սահմանափակումն է: Չե՞ս ուզում պատվաստվել, կստիպենք՝ աշխատանքից կհանենք, գործի չենք թողնի, կտուգանենք, կստիպենք, որ հիվանդանալու դեպքում քո հաշվին բուժվես, կստիպենք, որ շաբաթը մեկ թեսթ հանձնես, եւ այլն: Այդ մոտեցման տեսանկյունից երկրները բաժանվում են երեք տեսակի, 1/ որտեղ մարդիկ իրար եւ պետությանը վստահում են, 2/ որտեղ մարդիկ իրար եւ պետությանը չեն վստահում, 3/ որտեղ պետությունը թքած ունի, իրեն վստահում են, թե չէ՝ ստիպում է, եւ վերջ: Այդ առումով Շվեդիայում կամ Դանիայում ազատությունների սահմանափակման կարիքը չկա, Միացյալ Նահանգներում որոշ չափով կա, Հայաստանում կա մեծ չափով, իսկ Ադրբեջանում կամ, ասենք, Ուզբեկստանում այդ խնդիրն ընդհանրապես դրված չէ, որովհետեւ ոչ ոք քաղաքացիների կարծիքը չի հարցնում: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ, ինչպես արդեն նշեցի, շփումը բոլոր տեսակի երկրների քաղաքացիների միջեւ էապես հեշտացել է, քան, ասենք, նույնիսկ 1990-ականներին էր, ու այդպիսով, պայմանականորեն ասած, Դանիայի, Հայաստանի եւ Ուզբեկստանի խնդիրները դառնում են մեկ՝ միասնական խնդիր: Հետեւաբար, վերաբերմունքն ազատության հանդեպ նույնպես պետք է որոշ չափով «ունիֆիկացվի»:

Մենք խորը գիտելիքներ չունենք, թե ինչպես է ազատությունը հասկացվում ասիական կամ աֆրիկյան հասարակություններում եւ ընդհանրապես՝ դրվե՞լ է արդյոք նման հարց այդ տարածաշրջանների մտավոր դիսկուրսում: Մեզ ավելի ծանոթ է եվրոպական ավանդույթը, որի հետ մենք՝ հայերս, կապվեցինք առնվազն 301 թվականին (չքննարկենք՝ ճի՞շտ էր դա, թե՞ սխալ՝ այդ խոսակցությունը մեզ կտանի բոլորովին այլ ուղղությամբ): Այդ ավանդույթը գալիս է հունական «պոլիսից», որտեղ ապրում էին ազատ մարդիկ, որոնք, ի տարբերություն ստրուկների, ունեին իրենց իրավունքները, ինչպես նաեւ քաղաքացիական եւ բարոյական պարտավորությունները: Եվրոպական ավանդույթը շարունակվեց միջնադարում՝ մինչեւ 17-18-րդ դար, երբ մարդիկ ստանում էին ազատություններ եւ արտոնություններ իրենց ծնվելու իրավունքով եւ համակարգին իրենց ծառայությունների չափով: 17-րդ դարում, սակայն, անգլիացիներ Լոքը եւ Հոբսը ապացուցում էին, որ ազատություն ունենալու հարցում կարեւոր է ոչ թե հերոսական ծառայությունը, այլ սեփականություն ունենալը: Իսկ 18-րդ դարի վերջերում ամերիկացիներն ու ֆրանսիացիները պնդեցին, որ ազատությունը տրված է մարդկանց բնության (կամ Աստծո) կողմից, եւ այդպիսով բոլորն էլ հավասարապես ազատ են: Այդ պահից ամեն ինչ «խառնվեց», քանի որ, երբ ինչ-որ բան վերաբերում է «բոլորին», այդ պարագայում հասկացությունը կորցնում է իր սահմաններն ու լղոզվում է:

Երբ ես ասում եմ՝ «բոլորն ազատ են», «բոլորը բարի են», «բոլորը խաբեբա են», բնականաբար, ճշգրտող մի հարց է առաջանում՝ ո՞ր մասով, ո՞ր չափանիշով, որ բնագավառում են դրսեւորվում այդ լավ կամ վատ հատկանիշները: Ես ազա՞տ եմ խոսում, ազա՞տ եմ մտածում, ազատորե՞ն եմ դավանում իմ կրոնը: Գուցե ես ազատ եմ փողոց դուրս գալ փետուրներից «կարած» հագուստո՞վ, ազատ եմ (մոտենալով թեմային) թույլ չտալ, որ իմ մարմնի մեջ որեւէ ասեղ մտնի: Իսկ գուցե կինն ու տղամարդն ազատ են պայմանավորվել, որ տղամարդը վճարի, իսկ կինն իր մարմի՞նը վաճառի: Եվ ինչո՞ւ մարդն ազատ չէ ստրուկներ պահել, եթե ստրուկ դարձած մարդիկ միանգամայն կամավոր, պայմանագիր ստորագրելով որոշել են ստրկության գնալ: Ի դեպ, երբ 1776 թվականին ամերիկացի հիմնադիր հայրերը հռչակեցին «աստվածային» կամ «բնական» ազատությունները, նրանցից շատերը շարունակում էին ստրուկներ պահել, եւ անազատության այդ ծայրահեղ դրսեւորումը պահպանվում էր գրեթե ողջ 19-րդ դարի ընթացքում:

«Եհովայի վկաներն» ազա՞տ են իրենց երեխաներին չբուժել՝ այդպիսով մահացու վտանգի ենթարկելով նրանց: Կարծես թե՝ ոչ, դրա վերաբերյալ համապատասխան հոդվածներ կան: Այդ դեպքը շա՞տ է տարբերվում պատվաստումներից կամ դիմակ կրելուց հրաժարվելու դեպքերից: Իրավական առումով՝ այո, տարբերվում է, քանի որ երկրորդ դեպքում քրեական պատասխանատվություն չի նախատեսվում (առայժմ, համենայնդեպս): Ինչպես եւ շատ այլ դեպքերում՝ ես վերեւում թվարկածս բոլոր հարցերի վերջնական պատասխանը չունեմ: Ես ձեզ հետ միասին մտածում եմ, հարգելի ընթերցող: Եվ ձեզ էլ առաջարկում եմ հեշտ պատասխաններ չփնտրել եւ առավել եւս՝ որեւէ երեւույթին դրական կամ բացասական պիտակ չկպցնել:

Անձամբ ինձ սրտամոտ է չափավոր մոտեցումը: Անընդունելի են երկու ծայրահեղությունները՝ երբ անհատական ազատությունը կա՛մ բանի տեղ չի դրվում, կա՛մ այնքան է բացարձակացվում, որ ձեռք է բերում, կասեի անգամ, էքստրեմիստական բնույթ: 1990-ականներից սկսած մոտ 20 տարի աշխարհում տիրում էր առաջին ծայրահեղությունը: 2010-ականներից եւ մանավանդ կորոնավիրուսի պայմաններում մարդկային միտքն ընկնում է երկրորդ ծայրահեղության մեջ: Նույն Արեւմուտքում սկսել են խոսել ինչ-որ «կոլեկտիվ ազատության» մասին՝ ասելով, թե այն, ինչ քարոզվում էր վերջին 2-3 դարերում (այդ թվում՝ ֆրանսիացիների եւ ամերիկացիների հայտնի հռչակագրերը), այլեւս արդիական չէ:
Բայց մի բան կարելի հաստատ ասել՝ կորոնավիրուսի եւ այլ գլոբալ փոփոխությունների ազդեցության տակ ազատության մասին պատկերացումները փոխվելու են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031