Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարող է Ալիևի հակաիրականան քաղաքականությունը շրջվել իր դեմ. Էլդար Մամեդով

Հոկտեմբեր 22,2021 18:45

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը ծավալուն հոդված է հրապարակել՝ վերլուծելով, թե ինչպես կարող է Ադրբեջանի հակաիրական քաղաքականությունը հակառակ էֆեկտն ունենալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի և Ջեյհուն Բայրամովի միջև անցած շաբաթվա հեռախոսազրույցից հետո առաջ եկած լարվածության թուլացման հույսը երկար չի տևում:

Զանգից մի քանի օր անց Անկախ պետությունների համագործակցության հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Իրանին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Ռուսաստան և Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործելու մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքեց «Ալիևի ապշեցուցիչ պնդումները»:

Բաքվի վարչակարգը, յուղ լցնելով իր հակաթեհրանյան արշավի վրա, ձերբակալեց մի շարք ադրբեջանցի շիա հոգևորականների, որոնք համարվում էին «իրանամետ», այդ թվում՝ Բաքվի Ջումա մզկիթի նախկին իմամ Իլղար Իբրահիմօղլուին և մզկիթին կից գործող կրոնական maide.az կայքի գլխավոր խմբագիր Սարդար Բաբաևին: Թե՛ Իբրահիմօղլուն, թե՛ Բաբաևը սովորել են Իրանում, բայց եթե առաջինն ազատ արձակվեց երկար ու մանրամասն հարցաքննությունից հետո, Բաբաևին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց դավաճանության համար: Բաքուն նաև այդ գործը կօգտագործի ԱՄՆ-ում և Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու համար՝ որպես պատնեշ Իրանի կողմից աջակցվող «իսլամական ծայրահեղականության» դեմ:

Այս վերջին միջադեպերը կտրականապես վկայում են այն մասին, որ, գոնե առայժմ Ալիևը չի ցանկանում թուլացնել լարվածությունը Թեհրանի հետ: Բաքվի ռազմական հաջողությունը Հայաստանի դեմ ակնհայտորեն քաջալերել է նրան բացահայտ մարտահրավեր նետել նաև իր հարավային հարևանին: Երբ Իրանը լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում Ադրբեջանի սահմանների մոտ, նրա զինանոցը հիմնականում անտեսվեց ադրբեջանական կառավարամետ կայքերում, քանի որ այն որևէ կերպ չէր համապատասխանում Իսրայելի և Թուրքիայի կողմից սնուցվող Ադրբեջանի բարձրտեխնոլոգիական սարքավորումներին: Ալիևը հույսը դնում է Անկարայի և Թել Ավիվի շարունակական ռազմական և դիվանագիտական ​​աջակցության վրա՝ որպես բավարար զսպող միջոց Թեհրանի դեմ։

Իսրայելի աջակցությունը, ըստ Ալիևի հաշվարկների, պետք է փոխակերպվի նաև Վաշինգտոնի աջակցության, առավել ևս, երբ Իրանի միջուկային գործարքի վերակենդանացման հեռանկարները մնում են անորոշ, և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացնում է «այլ տարբերակների» մասին, եթե դիվանագիտությունը ձախողվի։

Այս համատեքստում, քանի Իրանի հարաբերությունները Պարսից ծոցում իր ավանդական մրցակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դանդաղորեն հալչում են, Ադրբեջանը դառնում է հակաիրանական գործունեության այլընտրանքային հարթակ։ Փաստացի, 2020թ. Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Վաշինգտոնի մի շարք վերլուծաբաններ ձգտում էին հակամարտությունն ընդլայնել դեպի Իրան՝ այն հույսով, որ Իրանի ադրբեջանցիները հետապնդող ձիերի դեր կկատարեն վաղեմի այս բազեների երազանքների իրականացման ճանապարհին. այն է՝ օպտիմալ կերպով երկրի մասնատում ըստ էթնիկական պատկանելության, կամ, առնվազն, զինված անջատողական շարժումների խթանում, որը կստիպի Թեհրանին շրջվել դեպի ներս: Երկու արդյունքներն էլ կարող էին դիտվել որպես մեծ հաղթանակ Իսրայելի ՝ Իրանի ոխերիմ թշնամու համար, ինչը կարևոր շարժառիթ է փորձագետների այս խմբի համար: Թեհրանի և Բաքվի միջև լարվածության աճով այս բազեներն այդ նպատակը տեսնում են իրենց հասանելիության սահմաններում: Իսկ Ալիևը, կարծես, կարծում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելու հնարավոր օգուտները գերազանցում են Իրանին զայրացնելու ռիսկերն ու ծախսերը:

Այնուամենայնիվ, Ալիևի վստահությունը թվում է անտեղի և հակաարդյունավետ: Իրանի զորավարժությունները Ադրբեջանի սահմանների մոտ ներխուժման նախապատրաստություն չէին, այլ ավելի շուտ նպատակ ունեին Բաքվի ուշադրությունը գրավելու Թեհրանի դժգոհության վրա: Թեև Իրանը անցած տասնամյակի մեծ մասն անցկացրել է Պարսից ծոցի մարտահրավերների դեմ պայքարում, Կովկասի վրա համեմատաբար քիչ ուշադրություն է դարձրել: Այնուամենայնիվ, Իրանն ապացուցել է, որ ասիմետրիկ պատերազմի ոլորտում շատ հարմարվող և էժան մասնագետ է: Ալիևի քաջագործությունների վստահ հետևանքներից մեկն այն է, որ Թեհրանն այժմ կենտրոնանալու է Ադրբեջանի դեմ իր զսպող ուժն ավելացնելու վրա:

Այդ նպատակին հասնելու համար Թեհրանի կողմից ավանդաբար կիրառվող համեմատաբար ծախսարդյունավետ մարտավարությունը պրոքսիների ձևավորումն է: Բաքվի հետ վերջին լարվածության ժամանակ տեղեկություններ հայտնվեցին Ադրբեջանում Հուսեյնիտների ստեղծման մասին՝ ի հիշատակ նահատակված շիա իմամի։ Այն ուշադրություն է գրավել իր դրոշի վրա Իսլամական հեղափոխության պահապանների՝ Իրանի էլիտար անվտանգության ուժերի տարբերանշանով: Հյուսեյնիտները, սակայն առայժմ կարծես թե ավելի շատ մեդիա աժիոտաժ են, քան իրական ուժ:

Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ներկայացնում է այլ լանդշաֆտ՝ ի տարբերություն  այն երկրների, որտեղ Թեհրանը հաջողությամբ մշակել է պրոքսիներ, օրինակ ՝ Լիբանանը կամ Իրաքը: Չնայած շիաների մեծամասնությանը՝ խորհրդային աթեիզմի տասնամյակները և դրան հաջորդած անկախության տարիներին աշխարհիկ թյուրքական ազգայնականության վրա մեծ շեշտադրումը քայքայել են Ադրբեջանի կապը շիիզմի հետ: Փաստացի, Ալիևի վարչակազմերը՝ և՛ Իլհամը, և՛ նրա հայրը՝ Հեյդարը, խրախուսել են սուննիզմի տարածումը երկրում՝ որպես Ադրբեջանին Իրանից հեռացնելու և Թուրքիային մերձեցնելու միջոց: Թուրքամետ տրամադրությունները մեծապես ամրապնդվել են Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո:

Կառավարությունը նաև որոշ ավելի խելացի մոտեցում է որդեգրել երկրում դեռևս բնակվող շիա հավատացյալների նկատմամբ: Եթե նախկինում այն ​​մեծապես հենվում էր բռնաճնշումների վրա, այժմ համագործակցում է հեղինակավոր կրոնական առաջնորդների հետ՝ փորձելով ստեղծել մի տեսակ ազգային-շիիզմ՝ հավատքի տարբերակ, որը քաղաքականապես պետականամետ է և անկախ Իրանից: Այդպիսի օրինակներից է շեյխ Շահին Հասանլին, ով սկսեց 1990 -ականներին որպես արմատական ​​խոմեյնիական ​​հասարակության անդամ, և այժմ հանդիսանում է պաշտոնական կրոնական հաստատության մաս: Իրանի հետ ճգնաժամի պայմաններում Հասանլին հստակորեն հեռացրեց իրեն և ադրբեջանցի շիաներին Թեհրանից: Բաքվում լուրեր են շրջանառվում, որ նա կարող է փոխարինել Կովկասի մուսուլմանների խորհրդի (պետական ​​մարմնին, որը պատասխանատու է «պաշտոնական իսլամի» համար) գործող նախագահին:

Այդուհանդերձ, երկրում դեռևս մնում են ոչ աննշան թվով մարդիկ, որոնք դժգոհ են կոռուպցիայից և սոցիալ-տնտեսական անհավասարություններից, որոնք չափազանց ակնհայտ են դարձել Ալիևների դինաստիայի օրոք: Թեև պատերազմում հաղթանակը կարող է որոշ ժամանակով ստվերել այս մտահոգությունները, դա հավերժ չի տևի: Ալիևի կողմից ոչնչացված աշխարհիկ ընդդիմության պայմաններում միանգամայն կարելի է պատկերացնել, որ դժգոհությունը գոնե ինչ-որ չափով կստանա կրոնաքաղաքական ձև՝ երկարաժամկետ հեռանկարում Թեհրանին տալով գործողությունների որոշակի ազատություն։

Թեհրանի հետ պայքարում պանթուրքական ​​ասպեկտի վրա չափազանց մեծ շեշտադրումը նույնպես կարող է տհաճ հետևանքներ ունենալ Բաքվի համար: Իրանի որոշ պատմական տոհմերի՝ Սաֆավիդների և  Քաջարների թյուրքական ծագման ընդգծումը փաստարկ չէ Իրանից անջատվելու համար, ինչպես կպնդեին Բաքվի որոշ գաղափարախոսներ, այլ ավելի շուտ ամրապնդում է Իրանի ադրբեջանցիների կապը Իրանի հետ:

Փաստացի Բաքու-Թեհրանի վերջին բռնկումը կրկին արթնացրեց Կովկասի վերաբերյալ Իրանում վաղուց քնած տեսակետը, թե այն 19-րդ դարում իրենից անջատել է Ռուսական կայսրությունը: Իրանական ազգայնականության աճը ՝ թե՛ իր կրոնական, թե՛ աշխարհիկ ձևերով, մեկ այլ երկարաժամկետ հետևանք է, որը Ալիևը և նրա կողմնակիցները չկարողացան կանխատեսել: Դրա հետևանքներից մեկն այն է, որ Թեհրանն արդեն սկսել է շրջվել դեպի Երևան ՝ դրանով իսկ իր հայամետ դիրքորոշման վերաբերյալ Բաքվի հեգնական պնդումները դարձնելով ինքնաիրագործող մարգարեություն: Օրինակ, Իրանը որոշեց օգտագործել Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, որպես Հյուսիս-Հարավ առևտրի խողովակ, մի նախագիծ, որի մեջ Ադրբեջանը մեծ ներդրում է արել՝ որպես իր հետնավթային բարգավաճման խաղաթուղթ:

Թեև նման նախագծերն ավելի շատ երկարաժամկետ բնույթ են կրում, Իրանն արդեն իր տրամադրության տակ ունի իր պայմանական զսպման միջոցները. հրթիռները, որոնց հեռահարությունը ծածկում է Ադրբեջանի ողջ տարածքը: Իրանը ցուցադրել է Սաուդյան Արաբիայի նավթահանքերի վրա ճշգրիտ հարվածներ հասցնելու իր կարողությունը՝ չնայած Միացյալ Նահանգների հետ Էռ-Ռիադի անվտանգային սերտ հարաբերություններին: Ընդհանուր առմամբ նման հարվածը կնշանակեր զանգվածային սրացում և կհանգեցներ վրեժխնդրության, հնարավոր է ՝ Թուրքիայի մասնակցությամբ, ուստի դրա ձեռնարկման շեմը չափազանց բարձր կլինի: Այնուամենայնիվ, Իրանի ղեկավարները նախկինում բազմիցս ցույց են տվել, որ եթե անկյուն մղվեն, չեն վարանի հարվածներ հասցնել իրենց ենթադրյալ թշնամիներին: Այդպիսով, Ալիևի նորահայտ կոպտությունն ու սադրանքը Իրանի նկատմամբ վտանգում են խաթարել Ադրբեջանի երկարաժամկետ անվտանգությունը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031