Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 10-ին. Բոլոր կուսակցություններն արդեն հայտնի են

Նոյեմբեր 03,2021 20:45

Դեկտեմբերի 5-ին կայանալիք Վանաձորի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 9 կուսակցություն եւ 1 դաշինք: Ընտրական Օրենսգրքի 127 հոդվածի 9-րդ մասի համապատասխան թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ գրանցելու ընտրական ցուցակները. «Մենք հասցրել ենք բոլոր գրանցված կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած ցուցակները ստուգել: Եղել են բացթողումներ, որոնք շատ արագ վերականգնվել ու կարգավորվել են, պակաս փաստաթղթերը լրացվել են։ Եվ կարիք չենք համարել, որ այդ 48 ժամը տայինք, չնայած օրենքը նախատեսում էր։ Եթե օպերատիվորեն ամեն ինչ արվել է, էլ դրա կարիքը չի եղել»,- ասաց թիվ 23 ՏԸՀ նախագահ Տիգրան Պապանյանը:

Քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները վիճակահանությամբ որոշեցին իրենց քվեաթերթիկի համարը:

Ընտրություններին մասնակցում է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Այստեղ միավորվել են Տիգրան Արզաքանցյանի ու Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած քաղաքական ուժերը։  Կուսակցության Վանաձորի համայնքապետի թեկնածուն Կարեն Էդարյանն է:

Վանաձորի ընտրություններին մասնակցում է նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Ընտրություններին կմասնակցի նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Իսկ ընտրական ցուցակը գլխավորում է նախկինում Ոստիկանության Լոռու մարզի աշխատակից Վազգեն Թորոսյանը:

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը ներկայացնում է փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը:

Կոմունիստական կուսակցության թեկնածուն կուսակցության տեղի կառույցի ղեկավար Անդրանիկ Ղուկասյանն է։

«Բարգավաճ Հայաստանը» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության Հյուսիսային մասնաճյուղի նախկին տնօրեն Էդգար Բոջուկյանն է:

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Իսկ ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Վանաձորի ընտրություններին կմասնակցի նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ընտրական ցուցակի առաջին համարը Արտավազդ Ալավերդյանն է։

«Հայրենիք» կուսակցության թեկնածուն տեղի կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն է, ով  եղել է Վանաձորի համայնքի ավագանու անդամ։

Առաջադրված միակ դաշինքը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան» դաշինքն է:

Վանաձոր խոշորացվող համայնքում ընտրողների նախնական թիվը 93.838 է: Կազմավորվել է 63 ընտրական տեղամաս: Դրանցից 58-ը տեղակայված են Վանաձոր բնակավայրում, 3-ը՝ Գուգարքում, մեկական ընտրատեղամասեր էլ՝ Շահումյան եւ Դարպաս բնակավայրերում: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 10-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930