«Ամենամեծ արդյունքը սեպտեմբերին ՄԽ համանախագահության եւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն էր, որին հետեւեց նաեւ Ադրբեջանի եւ ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպումը։ Համանախագահները վերահաստատեցին, որ գործում են իրենց մանդատի շրջանակում»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանը (լուսանկարում)՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանի հարցադրմանն այն մասին, թե բանակցությունների վերսկսման ուղղությամբ հայկական կողմն ինչ քայլեր է ձեռնարկել։ «Այս փուլում դա շատ կարեւոր է արձանագրել։ Մենք շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ եւ կարծում եմ՝ մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ, եւ պայմաններ կստեղծվեն՝ խաղաղ գործընթացի լիարժեք ստեղծման համար»,-հավելեց Վահե Գեւորգյանը։
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ՀՀ-ն ինչ դիրքորոշում ունի 3+3 տարածաշրջանային ձեւաչափի վերաբերյալ։ Փոխնախարարը պատասխանեց․ «Վերջին ժամանակներում ականատես ենք, որ միջազգային քաղաքականությունում տարածաշրջանացման գործընթացներ կան։ Եթե մի ժամանակ կարող էինք համաշխարհային խաղացողների հետ ապահովել մեր անվտանգությունը, ապա հիմա ի հայտ են գալիս տարածաշրջանային խաղացողներ, իսկ համաշխարհային խաղացողները մնում են իրենց տեղում։ Այսինքն, եռաստիճան ձեւաչափեր են ստեղծվում՝ համաշխարհային խաղացողներ եւ տարածաշրջանային խաղացողներ։ Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ եւ «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ պետք է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ՝ առանց լավ կամ վատ կանխակալ վերաբերմունք ունենալով որեւէ առաջարկի հանդեպ։ Մեր համար առաջնայինը ՀՀ շահերն են, վտանգների եւ ռիսկերի հաշվարկումը»։
Պաշտոնյայի խոսքով․ «Ամենակարեւոր ընդհանրական մոտեցումն այն է, որ տարածաշրջանային բոլոր համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ձեւաչափերը։ Մեր համար առաջնային է, որ որեւէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ ՄԽ նախագահության հետ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են եւ այս պահին որեւէ որոշման մասին վաղ է խոսել»։
Աննա Գրիգորյանը նկատեց՝ «3+3»-ը հիմք է ստեղծում, որ Թուրքիայի գործոնը տարածաշրջանում էականորեն ավելանա․ «Ինչո՞ւ մինչեւ այս պահը չենք հստակեցրել մեր դիրքորոշումն այն դեպքում, երբ մյուս խաղացողներն արդեն դիրքորոշում են հայտնում»։ Վահե Գեւորգյանն ի պատասխան նշեց․ «Թեման խիստ նոր է, ռիսկերի եւ վտանգների վերլուծության կարիք ունի, ուստի մենք դիտարկում ենք բոլոր առաջարկները՝ վերոնշյալ սկզբունքների վրա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ