Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Անդրանիկ Թեւանյանի, Քոչարյանի օրոք Ադրբեջանն ընդունել էր, որ Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս

Նոյեմբեր 07,2021 14:52

«Ինչո՞ւ պարտվեցինք եւ ինչո՞ւ ենք շարունակում պարտվել։ Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է իմանալ շատ կարեւոր բան՝ ՀՀ քաղաքացիներն ու հայկական վերնախավը, մեծ հաշվով, չնչին բացառություններով, ունիկալ եզրահանգման են եկել, ունիկալ վարքագիծ են դրսեւորել 94-ից հետո։ 1994-ից հետո քաղաքական վերնախավն  ու հատկապես իշխանությունը  անտեր թողեց հաղթանակը, եւ քաղաքականությունը դարձրեց անբարոյական»,-այս մասին այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումում, որը կազմակերպել է «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը։

Թեւանյանը ներկայացրեց իր տեսակետը, թե ինչպես քաղաքականությունը դարձրեցին անբարոյականություն, որը  հանգեցրեց Հայաստանի պարտությանը․ «Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ստեղծված Ղարաբաղ անունը կրող կոմիտեն, որը հետագայում եկավ իշխանության, եւ պատերազմից հետո հայտարարեց եւ ընդունեց մի քաղաքականություն, համաձայն որի Ղարաբաղի խնդիրը բեռ է Հայաստանը զարգացնելու համար, այդ վերնախավն անբարոյական է։ Այդ անբարոյական քաղաքական վերնախավից ծնվել է այսօրվա անբարոյական քաղաքական իշխանությունը, որովհետեւ այս իշխանությունը հետեւանք է եւ թերմացքն  է այն իշխանության, որը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրը բեռ է եւ Հայաստանին խանգարում է զարգանալ»։

Ըստ Թեւանյանի, կա երկու վարկած՝  տգիտության կամ դավաճանության հետեւանքով է պարտությունը եղել․«Անկախ նրանից, թե սա եղել է տգիտության,  թե դավաճանության հետեւանք, ես պնդում եմ, որ այս պարտությունը եղել է այս իշխանության սրտով, նույնիսկ եթե դա նրանք չեն գիտակցել։ Դա ենթագիտակցական մղում է, որովհետեւ այն միջավայրից, որտեղից, որ իրենք դուրս են եկել , այդ միջավայրը քաղաքականապես անբարոյական էր, որովհետեւ հաղթանակած պատերազմից հետո հայտարարելով, որ Ղարաբաղի խնդիրը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, երբ դու եղել ես Ղարաբաղյան շարժման առաջնորդներից, դա նշանակում է այլասեռել Հայաստանի  քաղաքական կյանքը, բովանդակազուրկ դարձնել, եւ ըստ էության, նպաստել պետականության կորստին»։

«Հայաստան» խմբակցության  պատգամավորի ներկայացմամբ՝ 1994-ից հետո  գաղափարական վեճի երկու մոդել կար․«Մի մասը, որ իշխանության մեջ էր, հայտարարում էր, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման, այսինքն, փաստացի  Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու եւ վերջերս էլ  ուղիղ տեքստով հայտարարեցին, որ իրենց ծրագիրը դա է եղել՝ Ղարաբաղը լայն ինքնավարությամբ թողնել Ադրբեջանի կազմում, առանց Ղարաբաղի հարցերը լուծելու եւ  առանց հայ-թուրքական  հարաբերությունները կարգավորելու, որի տակ նրանք նկատի ունեն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումից փաստացի հրաժարումը, ահա այս երեկու զիջումները եթե չլինեին Անկարային եւ Բաքվին, Հայաստանը զարգանալու հնարավորություն չուներ։ Մյուս  մասն իշխանության մեջ, որը  ներկայացված էր Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ղարաբաղի քաղաքական վերնախավ, Դաշնակցություն, ԱԺՄ եւ այն, որոնք այդ պահին ընդդիմություն էին, գտնում էին, որ Ղարաբաղի հարցը չի կարող լինել խոչընդոտ Հայաստանի զարգացման համար։ Այո, Ղարաբաղի խնդիրը ծանր բեռ է, բայց դա չի կարելի է ասել, որ թեփի դեմ պայքարելու համար պետք է գլուխը կտրել։

1998 թվականին հաղթեց այն թեզը, ըստ որը, Ղարաբաղի խնդիրը չի կարող խոչընդոտել Հայաստանի զարգացմանը։ 98 թվականի իշխանափոխությունից առաջ քաղաքական իշխանությունը  ներկայացնում էր որ ՀՀ ՀՆԱ-ն չի կարող աճել, Հայաստանում հարկերը չեն կարող ավելանան, տնտեսությունը չի կարող զարգանալ, սփյուռքը ոչ մի կոպեկ ներդրում չի անի, Հայաստանից արտագաղթը կշարունակվի։ Սա հայտարարել է պետության առաջին դեմքը 1997-ին անվտանգության խորհրդի նիստում»։ Ապա Թեւանյանը ներկայացրեց 1998-ից հետո իրավիճակը, նշելով՝ 1998 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի ամենախաղաղ շրջանն էր․«Բացարձակապես չենք մտածել այն մասին, որ կարող է պատերազմ լինի, ՀՆԱ-ն վեց անգամ աճել է, բյուջեն՝ ութ անգամ, աղքատությունը կտրուկ կրճատվել է, տասը տարվա ընթացքում ներգաղթ է եղել, Ղարաբաղի խնդիրը էականորեն փոխվել է միջազգային ընկալման մեջ։ Այդ տասը տարվա ընթացքում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում  թողնելու գաղափարից մենք եկել ենք մի վիճակի, որն իհարկե, երազանքների գագաթնակետը չէր՝Մադրիդյան սկզբունքները, բայց եկել էինք մի վիճակի, որ միջազգային հանրությունն ընդունել էր, որ Ղարաբաղը կարող է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս, Ադրբեջանն էլ էր ընդունել այդ մոտեցումը»։

Թեւանյաննի դիտարկմամբ՝  2008-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանից հետո ՀՀ նախագահն էր Սերժ Սարգսյանը,  պետք է շտկվեին այն սխալները, որոնք մինչ այդ կային, իսկ միջազգային դաշտում, Թեւանյանի կարծիքով, մենք պետք է շարունակեինք պնդել Արցախի ինքնորոշման իրավունքը․ «Բայց  սրա գագաթնակետը 2007-ն էր, դրանից հետո մենք ունեցել ենք նահանջ»։

Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ այս իշխանությունը ռեւանշի է հասել 2018-ին, եւ այդ ժամանակ հասարակությունում  կար պոռթկում․«Արդարացի ընդվզում, սպասումներ, որոնք սրանք գողացան, այսինքն, հանրությունը չի սխալվել քաղաքական փոփոխության գնալու հարցում , հանրությունը սխալվել է իշխանության սխալ մարդկանց բերելու  հարցում։  Հիմա  այդ սխալը պետք է ուղղվի։ Մեր բոլորիս խնդիրն է՝ այս իրավիճակը փոխել, իշխանությունից վռնդել այս քաղաքական  անբարոյականներին եւ ձեւավորել նոր ազգային իշխանություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930