Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ հարց Նիկոլ Փաշինյանին. Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու հարցով խորհրդարանում քննարկում է հրավիրվել

Նոյեմբեր 11,2021 14:46 Share

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրատապ քննարկում է հրավիրել՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, երեկ երեկոյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել նաեւ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Քննարկման մեկնարկին կառավարության որեւէ ներկայացուցիչ ներկա չէր: Քննարկմանը չէին մասնակցում նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները:

Թագուհի Թովմասյանն ընթերցեց հինգ պահանջ, որոնք ուղղված էին կառավարությանը, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանին.

1.Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական հենակետը չի գտնվում ՀՀ տարածքում: Արդյոք արդեն իրականացվե՞լ է դեմարկացիա եւ դեմիլիտացիա: Դրա հիման վրա դուք միայն կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ:

2.Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ այդ մաքսակետը ՀՀ տարածքից դուրս է, ո՞ր քարտեզի հիման վրա:

3.Պետական սահմանի փոփոխություններ երբ իրականացվում են, իրականացվում են ՀՀ պետական սահմանի մասին օրենքի փոփոխությամբ: Մենք, օրենքով որեւէ փոփոխություն չենք իրականացրել, հետեւաբար, սա իրավական տեսանկյունից, խնդրահարույց իրավիճակ է:

4.Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական մաքսային վերահսկողության ներքո մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը:

5.Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Գորիս-Կապան ավտոճանապարհով մեր քաղաքացիների երթեւեկության համար, ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքի, ազատ տեղաշարժի եւ հիմնարար այլ իրավունքներ:

Թագուհի Թովմասյանը նաեւ դատապարտեց այսօր կառավարության շենքի մոտ ինքնաբուխ ցույցի հավաքված քաղաքացիներին բերման ենթարկելը՝ նկատելով, որ ոստիկանները ոչ իրավաչափ ուժ էին կիրառում, ինչը ժողովրդավարությունից հետընթաց է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930