«Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլի հատվածի մասին է»,-այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այս գիշեր ադրբեջանցիների՝ Գորիս-Կապան ճանապարհին մաքսային եւ սահմանային հսկողության կետեր տեղադրելուն։
«Կարող է այլ հարց ծագել՝ իսկ հնարավո՞ր չէ բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի եւ համապատասխան մաքսային, անձնագրային հսկողության․«Այսինքն, երբեւէ չենք քննարկել եւ չենք քննարկելու որեւէ միջանցքային տրամաբանություն։ Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում, եւ կարեւոր է նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունն ու պայմանավորվածությունն հրապարակային հաստատել է նաեւ ՌԴ-ն։ Եվ հենց այս համատեքստում է, թերեւս, Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը։ Որպեսզի ավելի հստակեցնեմ՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11 հայտարարությունների դրույթներին, մասնավորապես՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակելու մասով։ Մենք շահագրգռված ենք բոլոր ենթակառուցվածքներն ապաշրջափակելու հարցում եւ հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների։
Վերադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ընդգծեմ՝ ՀՀ-ն նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային եւ անձնագրային հսկողության կետեր։ Այս չափազանց կարեւոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն եւ ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձեւավորվում եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































