Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի՝ խաղատներում մեծ գումարներ տանուլ տալու տվյալները հանրային քննարկման առարկա են դեռեւս 2008թ․-ից»․ Խաչատուր Սուքիասյանի փաստաբան

Նոյեմբեր 24,2021 14:08

«Ոչ բոլոր դեպքերում անձը կարող է պնդել հրապարակայնորեն հերքելու պահանջը, քանի որ նորմը սահմանում է պատասխանատվության միջոցի՝ վրա հասնելու նախապայմաններ։ Մասնավորապես, զրպարտությունը պետք է տեղ գտած լինի լրատվական գործունեություն իրականացնողի տեղեկատվության մեջ, իսկ հերքումը պետք է տարածվի նույն՝ լրատվության միջոցով»,-վարչական դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցի քննության ընթացքում առարկություններ ներկայացնելիս այսօր հայտարարեց Խաչատուր Սուքիասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի՝ «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում․․․» արտահայտությունը Սերժ Սարգսյանը համարում է զրպարտություն, պահանջում վճարել մեկ միլիոն դրամի փոխհատուցում եւ հերքում տարածել ԱԺ ամբիոնից, ինչպես նաեւ՝ ԱԺ կայքի միջոցով։

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը նշեց․ «Բոլոր այն դեպքերում, երբ դատարանը հայտարարի, որ արտահայտությունն իրոք զրպարտություն է, միեւնույնն է, դատարանը չի կարող բավարարել հերքման պահանջը, եթե զրպարտություն գնահատված արտահայտությունը տեղ չի գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ։ Հերքման պահանջն էլ դուրս է նշյալ տիրույթից։ Այդ դեպքում կարելի է ներկայացնել միայն մինչեւ երկու միլիոն դրամի բռնագանձման պահանջ։ Հակառակ դեպքում, ինչպես վճռաբեկ դատարանն է արձանագրել, դա կհամարվի խոսքի ազատության սահմանափակում»։

Ապա Աննա Տոնոյանն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանի վերոնշյալ արտահայտությունը զրպարտություն համարելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի փաստաբանների պնդմանը․ «Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն արձանագրել են, թե որ դեպքերում է արտահայտությունը հնարավոր համարել զրպարտություն։ Նախ, արտահայտությունը պետք է լինի փաստի մասին, այսինքն՝ պարունակի հստակ եւ կոնկրետ տեղեկություններ, այսինքն՝ չպետք է լինի վերացական։ Բացի այդ, արտահայտությունը չպետք է համապատասխանի իրականությանը, լինի անհիմն, ոչ հավաստի։ Մյուս նախապայմանն այն է, որ արտահայտությամբ անձը պետք է մեղադրվի հանցանքի-զանցանքի համար։ Մեր գնահատմամբ՝ միայն մեկ նախապայմանն է առկա՝ այն, որ արտահայտությունն արվել է հրապարակայնորեն։ Մնացած վավերապայմանները բացակայում են, ուստի արտահայտությունը չի կարող որակվել որպես զրպարտություն, եւ պատասխանատվություն վրա հասնել չի կարող։ Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները եղել են գնահատողական դատողություններ»։

Աննա Տոնոյանը շեշտեց․ «Տվյալ դեպքում Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ, որոնք լայն հետաքրքրություն են վայելում հանրության շրջանում։ Մասնավորապես, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խաղատներում մեր գումարներ տանուլ տալու վերաբերյալ տվյալները հանրային քննարկման առարկա են դեռեւս 2008թ․-ից, երբ Սերժ Սարգսյանն ընտրվել է որպես նախագահ։ Այդ տեղեկությունները բազմիցս ներկայացվել են տարբեր աղբյուրներում։ Հարցն անգամ քննարկվել է ԵԽԽՎ լիագումար նիստում։ Ստացվում է, որ այն, ինչի մասին խոսել է Խաչատուր Սուքիասյանը, նորություն չէ, այլ լայն քննարկման թեմա է 13 տարի։ Ավելին՝ ըստ FIP.am-ի՝ Սերժ Սարգսյանը 16 անգամ Բադեն-Բադեն է մեկնել․․․տվյալ դեպքում Խաչատուր Սուքիասյանի դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե Սերժ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելուն, այլ հանրությանն այնպիսի տեղեկություններ ներկայացնելուն, որոնք ունեն լայն հետաքրքրություն։ Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը դուրս չէ Սարգսյանի վերաբերյալ հանրության շրջանում ձեւավորված կարծիքից, որ Սերժ Սարգսյանը կազինոներում խաղում է ու գումարներ տանուլ տալիս, ուստի չեն կարող որակվել որպես արատավորող»։

Աննա Տոնոյանը եզրափակեց՝ ասելով, որ Խաչատուր Սուքիասյանը չի ունեցել Սերժ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ, եւ նրա արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում հանցանքի-զանցանքի մեջ, ուստի գտնում են, որ երրորդ նախագահի հայցը ենթակա է մերժման։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930