Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ. դատարանով հաշմանդամության կարգը վերականգնածին հանձնաժողովն ասել էր՝ վերափորձաքննության կգաս 2019 թ.-ին

Նոյեմբեր 25,2021 13:00

Վարչական դատարանի դատավորն անհամբեր սպասում էր բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի ներկայացուցչին հարցնելու՝ ժամանակի մեքենա ունե՞ն, թե՞ ոչ:

Նոյեմբերի 16-ին վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի որոշմամբ հաշմանդամ կնոջ՝ Հերմինե Ա.-ի հայցը բավարարվեց: Դատարանը պարտավորեցրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը Հերմինե Ա.-ի նկատմամբ հաշմանդամության երրորդ խումբ 01.03.2019 թվականից մինչեւ 22.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար սահմանելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել: Անվավեր ճանաչվեց ՀՀ ԱՍՀՆ բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի 20.11.2020թ. թիվ 62507-2020 գրությունը: Հայցվորի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը (լուսանկարում):

Հայցվոր կողմը դատարան ներկայացրած հայցադիմումով եւ գործի քննության ընթացքում հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանի 2020թ. մարտի 27-ի վճռի հիման վրա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի թիվ 1477372 բժշկասոցիալական փորձաքննական որոշման համաձայն՝ Հերմինե Ա.-ի նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ մինչեւ 2019 թ. մարտի 1-ը: Նշված թիվ 1477372 բժշկասոցիալական փորձաքննական որոշման համաձայն, որը տրվել է 2020թ. հունիսի 16-ին, սահմանվել էր, որ վերափորձաքննության ժամկետն է …2019թ. փետրվարի 26-ը:

Գ. Մարտիրոսյանը բարձրաձայնել էր. «Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարող է փորձաքննվել 26.02.2019 թվականին, երբ արդեն 2020 թվականն է, քանի որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի կողմից տրված 16.06.2020 թվականի որոշմամբ վերափորձաքննության ժամկետ է սահմանվել 26.02.2019 թվականը: Փաստացի իր նկատմամբ 2019 թվականի մարտից մինչեւ 2020 թվականի փետրվարի 26-ը ընկած ժամանակահատվածի համար չի սահմանվել հաշմանդամության կարգ»: Հայցվորը հայտնել էր, որ իր նկատմամբ կրկին պետք է սահմանվեր հաշմանդամության երրորդ խումբ, քանի որ ինչպես երեւում է փորձաքննությունների արդյունքներից, իրեն մոտ սահմանվել է «Մարգինալ շրջանի լիմֆոմա, պլազմա-բջջային դիֆերենցիայով IV շրջան պերիֆերիկ, ներկրծքային, ներորովայնային հանգույցների, թոքի ախտահարումով, արյունաստեղծ ֆունկցիայի չափավոր խանգարումով» ախտորոշմամբ, որը հանգեցրել է «ինքնուրույն տեղաշարժվելու կարողության» եւ «աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության» աոաջին աստիճանի կենսագործունեության սահմանափակումներ, եւ դրան համապատասխան իր նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ: Այսինքն, պատասխանողը պետք է բավարարեր հայցվորի դիմումը՝ ճանաչելով նրան հաշմանդամ:

Քանի որ հաշմանդամության խմբի ձեռքբերման բազմաթիվ խոչընդոտներ կան նաեւ այլ քաղաքացիների համար, հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված՝ Հավելված 1-ի 30-րդ կետի համաձայն՝ հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը: Նույն հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝ իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ 8-րդ տարվա դիտարկման դեպքում, իսկ նույն որոշման NN 2 եւ 3 հավելվածների համաձայն, համապատասխանաբար, 3-րդ եւ 5-րդ տարվա դիտարկման դեպքում)։

Վարչական դատարանը հանգել էր հետեւյալին. սույն գործի փաստերի համաձայն՝ վարչական դատարանի 27.03.2020 թվականի թիվ ՎԴ/6262/05/18 վարչական գործով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը Հերմինե Ա.-ին հաշմանդամության համապատասխան խումբ սահմանել պարտավորեցնելու պահանջը բավարարելու համար հիմք է ընդունել Հերմինե Ա.-ի առողջական վիճակը, որը հիմք էր հանդիսացել 2015-2016 թվականներին վերջինիս 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչելու համար, առնվազն չէր բարելավվել, այլ՝ վատթարացել է: Դատարանը եզրակացնում է. «Եթե 2015-2016 թվականներին հայցվորի առողջական վիճակը համապատասխանում էր 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու չափանիշներին, իսկ 2017 թվականին՝ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու չափանիշներին, ապա խնդրո առարկա հանդիսացող 29.03.2018թ. որոշմամբ եւս նա պետք է ճանաչվեր 2-րդ կամ առնվազն 3-րդ խմբի հաշմանդամ»:

Դատարանի գնահատմամբ. «Գործում առկա ապացույցները բավարար են սույն գործով պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու համար, քանի որ այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում հայցվորի նկատմամբ սահմանվել էր հաշմանդամության խումբ (2-րդ, հետագայում նաեւ՝ 3-րդ խումբ) ոչ միայն առկա են, այլեւ՝ հայցվորի առողջական վիճակը, ինչպես վերը նշվեց, վատթարացել է (նա ստացել է քիմիաթերապիա եւ ձեռք է բերել ուղեկցող հիվանդություններ)»:

Տվյալ դեպքում դատարանը պատասխանողի ուշադրությունն էր հրավիրել եւ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ 16.06.2020 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը կայացրել է այնպիսի որոշում, որով Հերմինե Ա.-ի նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ մինչեւ 01.03.2019 թվականը, միաժամանակ նույն որոշմամբ որպես վերափորձաքննության ժամկետ սահմանելով 26.02.2019 թվականը. «Այսինքն Հերմինե Ա.-ին ազդարարվել է վերջինիս հաշմանդամ ճանաչելու հարցի հետագա լուծման նպատակով որոշման կայացումից ավելի քան մեկ տարի առաջ վերափորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, որն իր իրավունքների վերականգնման համար դատական պաշտպանության դիմած անձը օբյեկտիվորեն եւ ակնհայտորեն չի կարող կատարել»։

Դատարանն արձանագրել է, որ նշյալ թիվ ՎԴ/6262/05/18 վարչական գործով կայացված վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ, ուստի այն ենթակա է կատարման։ Քննարկվող դատական ակտով պարտապանին պարտավորեցվել է Հերմինե Ա.-ի նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ՝ հիմք ընդունելով, որ դատական ակտի կայացման պահին դատարանի գնահատմամբ, այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում հայցվորի նկատմամբ սահմանվել էր հաշմանդամության խումբ (2-րդ, հետագայում նաեւ՝ 3-րդ խումբ) ոչ միայն առկա են, այլեւ՝ հայցվորի առողջական վիճակը վատթարացել է (նա ստացել է քիմիաթերապիա եւ ձեռք է բերել ուղեկցող հիվանդություններ): Այսինքն, հաշվի առնելով, որ դատական ակտով արդեն իսկ հաստատվել է, որ 2018 թվականից մինչեւ դատական ակտի կայացման օրը Հերմինե Ա.-ի մոտ առողջական վիճակի այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեին վերջինիս առողջական վիճակի բարելավմանը, վարչական մարմնի վրա դրվել է պարտականություն՝ հայցվորի նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ, սահմանելով հաշմանդամության համապատասխան խումբ:

Ըստ դատարանի՝ վարչական մարմինը, անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից պարտավոր էր՝ Հերմինեի նկատմամբ սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ, ինչպես նաեւ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված՝ հավելված 1-ի 30-րդ կետի կարգավորումները եւ թիվ ՎԴ/6262/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստական հանգամանքները, որ պետք է Հերմինե Ա.-ի նկատմամբ սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ՝ գործի քննության ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի փաստացի կատարումը, որից հետո նշանակել վերջինիս հերթական վերափորձաքննությունը (դիտարկումը), ինչը չէր արել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930