Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաստատվել է 171 թեկնածուական ու դոկտորական աստիճան». ԲՈԿ նախագահ

Դեկտեմբեր 17,2021 14:38

«Այս տարի հաստատվել է 171 թեկնածուական ու դոկտորական աստիճան, դրանցից թեկնածուական է 154-ը, իսկ դոկտորական՝ 17-ը: Այդ 154-ն էլ, եթե բաժանենք բնական եւ հասարակական գիտությունների թեւերի, կտեսնենք, որ 61-ը բնական գիտությունների թեւում են, 93-ը՝ հասարակական»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը;

Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատությամբ, որոշակի աճ է գրանցվել. «Չնայած դրան՝ պետք է ասել, որ ընդհանուր թվով պաշտպանությունների թիվը բավականին նվազել է: Նախկինում չափազանց շատ էր, 6-7 տարի առաջ մոտ 600 պաշտպանություն է եղել՝ տարեկան կտրվածքով, իսկ այժմ պաշտպանությունների թիվը 4 անգամ նվազել է: Մեր ունեցած պաշտպանությունների քանակը նույնիսկ բավարար չէ գիտնականների սերնդափոխության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համալրման համար»:

ԲՈԿ նախագահի համոզմամբ, մոտակա տարիներին պետք է այնպիսի քաղաքականություն որդեգրել, որի հետեւանքով պաշտպանությունների թիվը աճի ու գիտնականների բանակը համալրվի:

«Դոկտորականի պաշտպանության պայմանների փոփոխություններ են եղել, օրինակ, 2018-ից ի վեր դոկտորականների համար պայման է դրված, որ պետք է ունենան Web of science, Scopus տպագրություններ: Այս տարի նախորդ տարվա համեմատ երկու անգամ դոկտորակաների պաշտպանության թվի աճ է գրանցվել, ինչը ուրախալի է : Մյուս կողմից պետք է նշել, որ ասպիրանտական տեղերի քանակով է ըստ էության որոշվում նաեւ ելքը; Եթե շատ ասպիրանտական տեղեր տրվեն, կարող են նաեւ շատ պաշտպանություններ լինել: Մյուս կողմից էլ՝ եղած պոտենցիալից ավելի ասպիրանտական տեղերի տրամադրումը կարող է բերել որակի նվազման»,-ասաց Քեռյանը:

Նա հավելեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում ԿԳՄՍ նախարարությունում. «Կարծում եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենանք ասպիրանտական տեղերի ավելացման, որը կբավարարի եւ կնպաստի սերնդափոխությանը»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այսօր գրվող գիտական աշխատանքների որակը, առհասարակ դրանք իրենցից ինչ արժեք են ներկայացնում, Քեռյանն այսպես արձագանքեց. «Թեկնածուական ատենախոսությունների համար առաջադրվող պայմանների առումով պահին երկու հնարավորություն կա՝ ունենալ առնվազն երեք հոդված, որոնցից մեկը կլինի Web of science-ում կամ Scopus-ում ընդգրկված պարբերականներում, կամ վեց հոդված՝ ԲՈԿ-ի կողմից ընդունված պարբերականներում: Այս պահին, եթե նայում ենք բնական գիտությունների թեւին, տեսնում ենք, որ պաշտպանված ատենախոսությունների 65 տոկոսը բավարարում է առաջին պահանջը, իսկ հասարակական գիտությունների թեւում այդ թիվը 2-3 տոկոս է: Ինչ վերաբերում է դոկտորականներին, դրանց պարագայում բոլորն ունեն Web of science-ում կամ Scopus-ում ընդգրկված պարբերականներում հոդվածներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031