Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավախություն կա, որ հայ մամուլի դեմ կարող է կիրառվել «ընտրողական արդարադատություն». CPJ

Հունվար 10,2022 16:33

Երբ Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո նոր իշխանություն եկավ, թվում էր, թե նախկին խորհրդային այդ պետությունում խոսքի ազատության նոր դարաշրջան է բացվելու: Բայց տեղում լրագրողները մտավախություն ունեն, որ այդ օրերը կարող են անցյալում մնալ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր օրինագծեր է առաջ բերում վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, իր կայքում գրում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համաձայն՝ այլ անձանց վիրավորելու կամ զրպարտելու մեջ մեղավոր ճանաչված մարդիկ կտուգանվեն նախկինում սահմանված տուգանքի եռապատիկի չափով՝ համապատախանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ:

Խորհրդարանականները պնդում են, որ այդ միջոցներն անհրաժեշտ են ապատեղեկատվության և վիրավորական բառապաշարի դեմ պայքարելու համար: Բայց մամուլի ազատության ջատագովները CPJ-ի հետ զրույցում մտավախություն են հայտնել, որ նոր օրենքները կարող են օգտագործվել որպես գործիք՝ ճնշելու քննադատող լրատվամիջոցներին, և կհանգեցնեն ինքնագրաքննության՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլի դեմ դատական հայցերը վերջին տարիներին կտրուկ ավելացել են:

Հայաստանի խորհրդարանից և Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի գրասենյակից չեն պատասխանել CPJ-ի հարցումներին:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը CPJ-ին ասել է, որ այդ փոփոխությունները սպառնալիք են իշխանություններին քննադատող լրագրողների համար: Ըստ նրա՝ այդ միջոցառումները «թափանցիկ փորձ են կիրառելու ընտրողական արդարադատություն այն լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ընդդիմադիր են տրամադրված կառավարության հանդեպ»:

CPJ-ն հիշեցնում է, որ նախկինում, երբ Փաշինյանն ինքը լրագրող էր, տուգանվել է հենց զրպարտության հոդվածով, երբ 1999թ. այն ժամանակ դեռ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը դատական հայց էր ներկայացրել նրա «Օրագիր» թերթի դեմ՝ զրպարտության հոդվածով: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ հիշեցրել է, որ այդ տուգանքը վճարել չկարողանալու պատճառով թերթը սնանկացել է:

Երբ Փաշինյանն իշխանության եկավ, լրագրողներն ակնկալում էին առավել ազատ մեդիա միջավայր և վաղուց ուշացած բարեփոխումներ այդ ոլորտում: Ի տարբերություն իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանը խուսափում էր ուղղակիորեն միջամտել լրատվական լուսաբանումներին և արդյունքում մեդիա բազմազանությունն ընդլայնվել է:

Այնուամենայնիվ, ակնկալվող ռեֆորմները, այդ թվում պաշտոնական տեղեկատվության ստացման հասանելիության և հեռուստատեսային շուկայի ազատականացման հարցում չնյութականացան, քանի որ իշխանության գալով՝ Փաշինյանի կառավարությունը առճակատման հարաբերություններ հաստատեց մամուլի հետ (որի մի մասը շարունակում է սերտ կապեր պահպանել նախկին ռեժիմի հետ) և ցույց տվեց, որ գնալով ավելի զգայուն է քննադատության նկատմամբ, հատկապես Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտությունից հետո, գրում է CPJ-ը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31