«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Նոյեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է TikTok-ի վերաբերյալ նախնական եզրակացություն՝ հայտարարելով, որ TikTok-ի ալգորիթմը կարող է խախտել ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը, քանի որ օգտատերերին ներքաշում է, այսպես կոչված, «ճագարի բնի էֆեկտի»՝ տեղեկատվական փակ շրջանի մեջ։
Օրինակ՝ անչափահասը TikTok-ում դիտում է նիհարելու, արտաքին տեսքի կամ սննդակարգի մասին մի տեսանյութ։ TikTok ալգորիթմն արձանագրում է նրա հետաքրքրությունը և սկսում անընդհատ առաջարկել նույնաբովանդակ նյութեր։ ինչքան երեխան դիտում է, այնքան համակարգը դա ընկալում է որպես ավելի մեծ հետաքրքրություն և շարունակում է նույն թեմայով նյութեր մատուցել։ Աստիճանաբար նրա լրահոսը լցվում է նույնատիպ բովանդակությամբ։ Երբեմն՝ ավելի ծայրահեղ, ավելի հուզական և հոգեբանորեն ավելի վնասակար նյութերով։
Նույնը կարող է տեղի ունենալ տխրության, մեկուսացման, հոգեկան առողջության խնդիրների կամ մարմնի արտաքին տեսքի վերաբերյալ բարդույթների հետ կապված դեպքում։ Այսպիսով, երեխան, մարդն աստիճանաբար հայտնվում է տեղեկատվական մի միջավայրում, որտեղ անընդհատ տեսնում է նույն թեմայի տարբեր դրսևորումները, ավելի է խորանում դրա մեջ ու դուրս գալը գնալով դժվարանում է։
Կարդացեք նաև
Ամենակարևոր խնդիրն այն է, որ ալգորիթմը դիտման տևողությունը կամ նյութի հավանումը կարող է TikTok-ն ընկալել որպես հետաքրքրության ապացույց, մինչդեռ մարդը կարող է պարզապես կանգ առած լինել այդ տեսանյութի վրա, անհանգստացած լինել կամ նույնիսկ հոգեբանորեն ազդված լինել դրանից։
Եվրահանձնաժողովի արձանագրած մյուս խնդիրն այն է, որ TikTok-ի բիզնես մոդելը խրախուսում է օգտատերերին հնարավորինս երկար մնալ հարթակում։ Ալգորիթմը սովորում է, թե ինչն է գրավում մարդու ուշադրությունը, և ավելի շատ նմանատիպ բովանդակություն է առաջարկում։ Արդյունքում՝ մարդու ուշադրությունը պահելու համար ստեղծված համակարգը խորացնեում է նրա անհանգստությունը, արտաքին տեսքից դժգոհությունը կամ այլ հոգեբանական խնդիրները։ Փաստորեն, համակարգի հաջողությունը չափվում է սխալ ցուցանիշով, ստեղծելով հենց այն վնասը, որը պետք է կանխեր։
Եվրահանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ TikTok-ը պետք է փոխի իր «For You»՝ «Քեզ համար» բաժնի սկզբունքները։ Ավելի մեծ նշանակություն տա օգտատիրոջ նախասիրություններին, դիտման տևողությունը չօգտագործի որպես բովանդակություն առաջարկելու հիմնական ազդանշան, օգտատերերին հնարավորություն տա վերահսկելու իրենց առաջարկվող բովանդակությունը և այլն։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ համակարգը դեռևս ավելի մեծ նշանակություն է տալիս դիտման ժամանակին, քան օգտատիրոջ իրական ցանկությանը և նախասիրություններին։
Եթե նախնական եզրակացությունները հաստատվեն, հանձնաժողովը կարող է տուգանել ընկերությանը՝ TikTok-ի տարեկան համաշխարհային շրջանառության 6 տոկոսի չափով, պատկերացնո՞ւմ եք ինչքան գումարի մասին է խոսքը։
Իմ կարծիքով՝ այս գործընթացի ամենակարևոր նշանակությունը սոցիալական ցանցերի նկատմամբ պատասխանատվության նոր սկզբունքի ձևավորումն է։ Մինչ այժմ տեխնոլոգիական ընկերությունները հիմնականում շեշտել են, որ իրենք ընդամենը հարթակ են, որտեղ օգտատերերն իրենք են ստեղծում և տարածում բովանդակությունը։ Բայց Եվրամիությունը բարձրացնում է մեկ այլ հարց․ իսկ ի՞նչ պատասխանատվություն ունի ընկերությունը իր ալգորիթմի աշխատանքի համար, որն ընտրում, դասակարգում և մատուցում է այդ բովանդակությունը։ Եթե ընկերությունը գիտի կամ պետք է իմանա, որ իր համակարգի նախագծումը կարող է կանխատեսելի վնաս հասցնել, արդյո՞ք այն կարող է ամբողջ պատասխանատվությունը թողնել օգտատիրոջ վրա։
Այս հարցը վերաբերում է նաև Facebook-ին, Instagram-ին և մյուս բոլոր հարթակներին։
Եվրամիությունը փաստացի փորձում է սահմանել նոր չափանիշ․ թվային ընկերությունների հաջողությունը չի կարող չափվել միայն օգտատիրոջ՝ հարթակում անցկացրած ժամանակով։ Պետք է հաշվի առնվեն նաև մարդու իրավունքները, հոգեկան առողջությունը և հատկապես երեխաների պաշտպանությունը։
Ի վերջո, ամենակարևոր հարցն այն է, թե ո՞վ է վերահսկում մեր ուշադրությունը՝ մե՞նք, թե՞ ալգորիթմը, որը մեր փոխարեն որոշում է՝ ինչ ենք տեսնելու հաջորդիվ։



















































