«Դադարեցրե՛ք երեխեքի սպանդը», «Մայրերը սպասում են որդիներին»,-այսօր այսպիսի ցուցապաստառներով կառավարության շենքի առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց արեցին: Նրանք նաեւ պաստառների վրա գրել էին՝ «ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանի համար չէ»:
Քաղաքացիների զայրույթը հարուցել էր մասնավորապես երկու օր առաջ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ինչի արդյունքում երեք զինծառայողներ զոհվեցին:
Իզաբելլա Սարգսյանի խոսքով, այսպես չի կարող շարունակվել, պետք է վերջ դնել այս ամենին. «Որպես քաղաքացի պահանջում ենք, որ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրի՝ այս հարցին վերջ դնելու համար: Ինչի՞ են մարդիկ գալիս իշխանության, գալիս են, որ հարցերը լուծեն, եթե չեն կարող լուծել, ուրեմն՝ չեն կարող: Ընդհանրապես, մարդիկ չպետք է զոհվեն, խաղաղ բնակիչները չպետք է զոհվեն, մենք պետք է դնենք խնդիր, որ այս հարցը լուծվի, վե՛րջ»:
Կարդացեք նաև

Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, խաղաղությունը չի կարող կեղծ թեզ լինել, չկա ողջամիտ մարդ, որը դեմ լինի խաղաղությանը. «Խաղաղությունն անխուսափելի է, հարցն այն է՝ ինչքանով են ողջամիտ մեր արած քայլերը: Ինչքանով են հանուն Հայաստանի հանրապետության իրականացվում գործողություններ: Մեկ տարի անց մեզ համար հասկանալի է, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, դրանք չեն աշխատում եւ պարբերաբար ունենում ենք նոր զոհեր, նոր կորուստներ, պետք է մտածել նոր առաջարկներ անել, նոր մեխանիզմներ մշակել»:
Նինա Կարապետյանցի կարծիքով, այս իրավիճակի լուծումը կարող է լինել խաղաղապահ ուժերի ներգրավումն այս տարածաշրջան. «Մոնիտորինգային խմբեր ներգրավել: Այն, ինչ մեզ առաջարկվում է՝ չի աշխատում: Ռուսական խաղաղապահները մեր խնդիրը չեն լուծում, մենք չենք ստանում ո՛չ ՀԱՊԿ-ի արձագանքը, ո՛չ Ռուսաստանի: Պետք է լինեն միջազգային մոնիտորինգային խմբեր, միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք, գոնե մի փոքր կզսպեն Ադրբեջանի ագրեսիան: Միջազգային հանրությունն ունի այդ հնարավորությունը մի զանգով խնդիրը լուծելու: Չկա մի այդպիսի ղեկավար, որը նույնիսկ, եթե տիեզերական մասշտաբի դիկտատոր է, նա չունի այդ հնարավորությունը, օրինակ՝ մերժելու ԱՄՆ նախագահին, չունի հնարավորությունը մերժելու ԵՄ-ի այդ ամբողջական կազմին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ























































