Հայաստանի պետական կամերային նվագախմբի հերթական գեղեցիկ համերգը նվիրված էր կոմպոզիտոր, ալտահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ալթունյանի հիշատակին:
Համերգից առաջ ներկայացվեց Ռուբեն Ալթունյանի դերակատարությունը՝ իբրեւ կոմպոզիտոր եւ մշակութային գործիչ, թողած ժառանգությունը: Նշվեց, որ նա Հայաստանից զատ նաեւ Հավանայում է մասնակցել երաժշտական, կրթական գործընթացին, ստեղծել է ուսումնական ծրագրեր՝ ալտի եւ կամերային անսամբլի մասնագիտությունների գծով, հեղինակել՝ ալտի երկմաս դասագիրք կուբացիների համար:

Կարդացեք նաև
Կոմպոզիտորը նշեց, որ երկար ճանապարհ է անցել Ալթունյանի հետ՝ սկսած ուսանողական տարիներից, հետո նաեւ մտերմություն է արել Ալթունյան ընտանիքի հետ. «1960 թվականին, երբ ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իմ ղեկավարը եղավ շատ սիրելի Ղազարոս Սարյանը: Իսկ հաջորդ տարին, երբ երկրորդ կուրս էի, եկավ Ռուբեն Ալթունյանը: Մենք դասարանական աշխատանքներից սկսած՝ բոլոր մանրամասներով ընկերություն ենք արել:
Ինքը մի մեծ առավելություն ուներ՝ ալտահար էր եւ իր արժանի տեղն ուներ իր կվարտետում, ուներ կվարտետի իր ընկերները: Նրանք հետաքրքիր գործունեություն էին ծավալում, որին ես իբրեւ ունկնդիր էի մասնակցում էի: Այդ տարիներին Ռուբենը գրեց իր ամենագեղեցիկ գործերից մեկը՝ Առաջին կվարտետը, որն այնքան մեծ թռիչք էր ուսանող հեղինակի համար: Ես այդ կվարտետի տպավորության տակ եմ առ այսօր»:
Տիգրան Մանսուրյանի խոսքով, Ռուբեն Ալթունյանի կերպարը նվիրյալի կերպար էր՝ իբրեւ դասախոս, երաժշտական կյանքի կազմակերպող անձնավորություն եւ իբրեւ հեղինակ:


Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































