Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հավատարիմ մնանք մեր ազգային ոգուն»

Հունվար 24,2022 12:00

Վերջերս Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանում տեղի ունեցած ցերեկույթը նվիրված էր նույն շրջանի ակտիվ, կենսունակ ստեղծագործողներից մեկի՝ մանկագիր Խաչիկ Մարտիրոսյանի լույս տեսած ընտրանուն եւ մյուս գրքերի լուսաբանմանը։

Մինչ միջոցառումն սկսելը հյուրերը ծանոթացան գրադարանի կոկիկ, հարդարված, հարմարավետ, տրամադրություն հաղորդող հարկաբաժիններին, գրապահոցներին, որտեղ պահպանվում են ավելի քան 50.000 գիրք…

Գրադարանի տնօրեն Տաթեւիկ Սարգսյանը ներկայացրեց մայրաքաղաքում ծնված (1939), մանկագիր-երգահան Խաչիկ Մարտիրոսյանի կյանքն ու գրական գործունեությունը, նախասիրություններինը։ Նշեց, որ վարպետ Խաչիկը ծնողասեր է, մանկասեր, ավանդապաշտ, որ մեր կյանքի խորթ երեւույթների, հոռի բարքերի, օտարամոլության դեմ պայքարում է նաեւ երգիծական գրչով՝ առակներով, էպիգրամներով, պարոդիաներով…

Ցերեկույթին իրենց մասնակցությունն էին բերել վարչական շրջանի թիվ 176 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները։ Նրանք հոգեթով, թոթովախոս լեզվով ներկայացրին, հնչեցրին Խաչիկ պապիկի հանելուկները, ոտանավորները, երգերը, քառյակները…
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Համահայկական հայ գրողների միության նախագահ, գրականագետ, զորյանագետ Աբգար Ափինյանը, ռեժիսոր Վաչագան Փահլեւանյանը, գեղանկարիչ Մարտիրոս Պետրոսյանը, բանաստեղծ Հովիկ Գրիգորյանը, դպրոցականներ, ծնողներ։

Օրվա հերոսն իր խորին շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ներկաներին եւ երախտագիտությամբ հիշեց իր բարի, գեղեցիկ, առաքինի ընկերոջը՝ երջանկահիշատակ երաժիշտ-երգահան Հրաչյա Ավետիսյանին. «Անշահախնդիր մարդ էր, օգնում էր գուսաններին, ինձ էլ է օգնել, ոգեւորել, մեծ դեր ունեցել իմ ստեղծագործական կյանքում։ Տեքստերիս հիման վրա երգեր է գրել, վկան՝ «Սրտիս լարերից» գիրքս»։

Եզրափակիչ խոսքով ցերեկույթն ամփոփեց Աբգար Ափինյանը. «Հարգելի բարեկամներ, գրադարանները հայոց ավանդույթները կրողներն են, գրադարանավարները՝ պահապանները։ Պահպանենք այն, հավաքվենք մեր մեծերի վառած հոգեւոր խարույկի շուրջը՝ ջերմանանք նրանց պարգեւած լույսով… Եկել ենք նաեւ մեր հրատարակած հին ու նոր նորդարականներով, նրանց պոեզիայով, արձակով, գրական այլ արժեքներով՝ հարստացնելու ձեր գրադարանը։ Հանդիպումը հոգեշահ էր. ճանաչողական, ուսանելի, որի համար մանկագիր Խաչիկ Մարտիրոսյանը եւ գրադարանի տնօրինությունը ՀՀԳՄ խորհրդի կողմից արժանանում են «Նոր ոսկեդար» դիպլոմ-մրցանակի։ Հավատարիմ մնանք մեր ազգային ոգուն»։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31