Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Ծաղկունք»

Ապրիլ 14,2022 12:30

«Բոլորն այժմ կարդալ գիտեն, Ուրեմն փառք՝ կարդացածը հասկացողին»։
Պարույր Սեւակ

Լույս տեսավ ժամանակակից գրականության մատենաշար՝ «Ծաղկունք» համահեղինակային ժողովածուն։ Հրատարակումը նախաձեռնել են Կալիֆոռնիայի հայ գրողների միությունը եւ Երգիծաբանների Համահայկական միությունը։ Առաջաբանով հանդես է եկել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրականագետ, երգիծաբան, շուտով 95 տարեկան դարձող Հրանտ Հորիզոնը։

Ժողովածուն իր մեջ ընդգրկում է չափածո եւ արձակ ստեղծագործություններ։ Հաշվի առնելով ներկա իրադրության ճգնաժամը, ժողովածուի մասնակիցները հոգեբանական խնդիրների լուծման, հաղթահարման համար կյանքի, ազգի գոյապահպանման նոր բանալիներ են բացահայտում։

Հեղինակներից Սուսաննա Գյուրեղյանն իր պատումներից մեկում Պոլ Վեռլենի տողերով է բնորոշել մեր ժամանակը.

Անձրեւը մաղում է քաղաքի վրա.
Սիրտս լալիս է,
Ի՞նչ է այս տաղտուկը,
Որ պատել է հոգիս…
Որ դավաճանվա՞ծ է առանց պատճառի…

Իսկ Հովհաննես Շանթէն շարունակում է իրավիճակից ելնելու հենքը.

Այրված հուշերի մի ամբողջ կիտուկ,
Բայց լուսաբա՜ցն է նորովի բացվում.
Ու կարծես մեկից սթափվում եմ ես…
Այդ նախամարդն է մեր մեջ արթնացել…։

Գուրգեն Միքայելյանը արձանագրում է.

Մայրերը չեն մահանում,
Սեր են դառնում, արշալույս,
Արեգակներ որ ծնեն՝
Առավոտներ պարգեւեն…։

Գրիգոր Բանանցը խորհում է.

Լինելու համար՝ փնտրի՛ր ինքդ քեզ։
Անվերջ որոնիր, գտի՛ր ինքդ քեզ։
Հավատա՛ Աստծուն, որ չվարանես,
Սիրիր ե՛ւ հուսա, ե՛ւ դու կհասնես…։

Սվետլանա Գրիգորյանը լավատեսական ուղերձ է հղում.

Դե՝ հիմա էլ, ի՛մ ժողովուրդ,
Եկե՛ք ապրենք ու պայքարենք,
Հայոց հողիս սատա՛ր կանգնենք,
Հպարտանանք ու փայփայենք…։

Իրինա Արամյանն էլ իր պատկերակոչն է հղում.

Մի՛ հաշտվիր կորուստներիդ հետ…
Մի՛ հարմարվիր ցավին,
Ու հերոսներ ծնիր…
Ու սխալներդ բոլոր՝ թող մնան անցյալում… ։

Նունե Աղաջանյանը շարունակում է նույն ոգով.

Վիրավոր վերքերդ,
Արյունոտ հողերդ,
Քո փառքով կբուժես,
Հայաստանս…։

Գայանե Խաչատրյանը հայրենականչով է ոգին զորացնում.

Կանչում ես գիրկդ՝ համայն հայերին,
Որ քեզանով են երջանիկ, հպարտ,
Դու պիտ առաջնո՛րդ լինես իմ ազգին,
Բարության կռվում՝ պի՛տ լինես անպարտ…։

Սուրիկ Գրիգորյանը հավատամք է դրսեւորում.

Մենք, միայն մենք կարող ենք
Կառուցել մեր եկեղեցին՝
Ամենաբարձր լեռան վրա…։

Նույն ոգով են գրված նաեւ Բյուրեղիկ Մնեյանի, Սոֆյա Սարգսյանի, Զեմֆիրա Մկրտչյանի, Արգամ Ափրիկյանի, Արմինե Մելքումյանի, Ռիտա Առաքելյանի, Գոռ Պողոսյանի, Ագապի Գրիգորյանի, Ալվինա Փաշինյանի, Վահան Մարտիրոսյանի գործերը։

Տողերիս հեղինակն էլ այսպես է ամփոփում «Ծաղկունք»-ի ծաղկեփունջը.

…Մեր աչքերում լուռ՝
Ներդաշնակվում է հավերժությունը…
Եվ մենք փնտրում ենք
Մարդկային խիղճն
Ու նժարում ենք՝
Մեր ժամանակի երազանքները…

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930