Երևան-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ տեղակայված Արփի գյուղում կարևոր խնդիր է լուծվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), չորս տարի շարունակ՝ 2018 թվականից, այս գյուղում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագիր են իրականացրել: Փողոցների արտաքին լուսավորության վերջին փուլն իրականացվել է 2021 թվականին:
Ընդհանուր առմամբ, գյուղի ամբողջ երկայնքով փողոցային լուսավորություն ապահովելու նպատակով, այդ ամբողջ ընթացքում տեղադրվել է 234 LED-լուսարձակ։ Լուսավորված տարածքը կազմել է 9 կմ ճանապարհ, որից 2,5 կմ-ը լուսավորվել է 2021 թվականին՝ 62 լուսարձակի տեղադրմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Արենիի համայնքապետարանը: Տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Արփիում ավարտել են երկարաժամկետ արդյունք ապահովող՝ էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացի վերջին փուլը:
«Այս ծրագիրը շատ կարևոր է ոչ միայն բնապահպանական, էներգախնայողության, համայնքային միջոցների տնտեսման, այլև մարդկանց անվտանգության ապահովման և հոգեբանական առումով: Այն թույլ է տալիս ոչ միայն երկարաժամկետ արդյունք ապահովել, այլև մեր հնարավորության սահմաններում՝ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև զարգացման առկա տարբերությունը: Ենթակառուցվածքների զարգացումը, թվարկված բոլոր առավելություններին զուգահեռ՝ քաղաքակիրթ պայմաններ է ապահովում հեռավոր մարզերում ապրողի համար: Տարիների՝ մեր գործընկերության հիմքում եղել է թվարկված նպատակների իրականացումն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորումը: Մեծ խնդիրները հնարավոր է լուծել նաև փոքր ծրագրերի միջոցով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարդացեք նաև
«Ուրախությամբ կարող ենք նշել, որ 2021-ին մեր առաջ դրված նպատակներից ևս մեկին կարողացանք հասնել։ Արփի գյուղը գրեթե ամբողջությամբ ապահովված է փողոցային լուսավորությամբ։ Ծրագրի արդյունքում Արփիի բնակիչներն ունեն առավել ապահով միջավայր, որը կնպաստի նաև համայնքային կյանքի աշխուժացմանը», – ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:
Էներգախնայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
























































