Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր սիրում են կյանքը, ուրեմն սիրում են թատրոնը»․ Արմեն Էլբակյան

Հունվար 27,2022 10:30

Հունվարի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված թատրոնի 100-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«Այս պահին այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու պետք է կոչել ընտրյալ։ Հարյուր տարիների ընթացքում այս թատրոնը սիրողների և սիրվողների պակաս չի ունեցել»,-ասաց նա։

Վարդան Մկրտչյանի խոսքով՝ թատրոնով են չափել իրենց առաջադիմությունը հին աշխարհի մարդիկ, և քաղաքակիրթ երկրների կողմից լավ թատրոն ունենալու ձգտումը շարունակվում է։ «Հարգանք և խոնարհում բոլոր այն մարդկանց, որոնք հարյուր տարիների ընթացքում իրենց տաղանդի և կարողությունների շնորհիվ մեզ են փոխանցել մեծ կարողություն»,- հավելեց պարոն Մկրտչյանը։

Վարդան Մկրտչյանի խոսքով՝ այսօր թատրոնն ապրում է գեղարվեստական նոր վերելք և իրենք կրում են թատրոնը առաջ մղելու պատասխանատվությունը։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Փառք ու խոնարհում բոլոր այն մեծանուն ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ անմահացել է հայկական մշակույթը»,-ասաց նախարարը: Նրա ձեւակերպմամբ՝ մայր թատրոնն ապրում է նոր շրջան և այդ ընթացքն իրականանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ։

«Ես երջանիկ եմ, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնը հասավ իր հարյուրամյակին»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Էլբակյանը։Նրա խոսքով՝ սունդուկյանցիները միշտ փորձել են պահպանել թատրոնի ավանդույթները, տեսակը և ազգային մտածողությունը, իսկ այսօր էլ իրենք են նույնն անում։ «Ովքեր սիրում են կյանքը, նշանակում է՝ սիրում են թատրոնը»,- ասաց Արմեն Էլբակյանը։

Ընդունելությանը ներկա էին թատրոնի մարդիկ: Դերասան Ալբերտ Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ապրում է թատրոնով։ «Առանց թատրոնի ես չկամ»,-ասաց Դավիթ Հակոբյանը։ Դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանի խոսքով, թատրոնն իր տունն ու ընտանիքն է։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31