Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Գ. Սունդուկյան թատրոնի «Ռոմեո և Ջուլիետում» իշխելու կանայք․ Ջոն Բլոնդելլը բացահայտում է մանրամասները

Սեպտեմբեր 11,2026 15:45 Share

Ռեժիսոր Ջոն Բլոնդելլի (ԱՄՆ) բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ կազդարարվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 105-րդ թատերաշրջանի բացումը: Բեմում կլինի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Մայր թատրոնում կկայանա նաև «Բաց Բեմ» նոր հարթակի բացումը: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ տարիներ առաջ, երբ իր ուսուցիչ Սոս Սարգսյանի հետ մամուլի ասուլիսի էր մասնակցում, և ասուլիսը կրկին բազմամարդ էր, ու հիշեց, թե ինչպես է վարպետն ասել, որ հրաշալի է, երբ թատրոնը այսքան հետաքրքրություն է առաջացնում, ուրեմն հրաշալի է:

Նա տեղեկացրեց թատրոնի տարածքի հետ կապված փոփոխությունների մասին, ասաց նաև, որ ի թիվս այլնի՝ մանկական կրթական նախագծեր էլ ունեն: 105-րդ թատերաշրջանի համար նախատեսվող իրադարձությունների մասին խոսեցին նաև այդ նախագծերի մասնակիցները:

ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Վիրաբյանը նշեց, որ ուրախ է ասուլիսին հանդիպել նման ներկայացուցչական կազմի, այսինքն՝ մարդկանց, որոնք ինչ-որ ձևով առնչվելու են թատրոնի հետ: «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դռները բաց են բոլոր ստեղծագործողների առաջ, հատկապես այն մարդկանց առաջ, որոնք խիզախում են Սունդուկյան թատրոնում ներկայացում բեմադրել, կամ որևէ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ… Վստահ եմ, որ այն նախագծերը, որոնք փորձում ենք իրականացնել թատրոնի հետ, բերելու են թատրոն նոր ստեղծագործողների և հանդիսատեսի մեծ հոսք են բերելու»,-ասաց փոխնախարարը:

Ամերիկացի հայտնի թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, «Լիտ մուն» թատերական ընկերության ու Վերոնայի Շեքսպիրի Ֆրինջ փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ջոն Բլոնդելլը սերտորեն կապված է հայաստանյան թատերական կյանքի հետ։ 2020-ական թվականներին նա «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների Ֆոնդ» նախագծի շրջանակներում որպես բեմադրիչ հրավիրվել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

«Այս միջավայրում, այս տարածքում, այս դերասանների հետ այս թատրոնում, Վարդանի հետ աշխատելու մեջ ինչ-որ բան կա… Վարդանը մեծ մասամբ «այո» է ասում: Երբ որևէ գաղափար եմ ունենում կամ երբ ուզում ենք որևէ բան փորձարկել, շատ է աջակցում: Այս մարդիկ ունեն հսկայական թատերական երևակայություն: Նրանք իսկապես գեղեցիկ ու խորը գեղարվեստական հոգի ունեն: Սա իսկական գործընկերություն է և խորը ստեղծագործական ուղի: Երբ աշխատում ես Շեքսպիրի հետ, հատկապես «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի վրա, առերեսվում ես մարդկային հիմնարար հարցերի հետ, և այստեղ՝ այս թիմի հետ դա անելը, չափազանց արժեքավոր ու վարձահատույց փորձառություն էր»,-նշեց ամերիկացի ռեժիսորը:

Մանրամասն՝  տեսանյութում

Aravot.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց՝ «Ռոմեո և Ջուլիետը» աշխարհում ամենաշատ բեմադրվող գործերից է, ինչ նոր ասելիք կամ լուծումներ է բերել Մայր թատրոնի բեմ, որն է եղել հայ դերասանների հետ համագործակցության ամենամեծ մարտահրավերը Շեքսպիրի այս մեկնաբանության մեջ, արդյոք լեզվական և մշակութային տարբերություններն անդրադարձել են փորձերի ընթացքի վրա:

Նա ասաց, որ հիմնական վերակառուցումը, որ պիեսում ընտանիքների և վերոնական մշակույթի ուժի աղբյուրը դարձրել ենք կանանց երևակայությունը, մարմիններն ու զգացմունքները. «Մենք վերաբաշխել ենք դերերը․ Կապուլետների ընտանիքը ղեկավարում է կին, Մոնտեկիների ընտանիքը՝ նույնպես, իշխանը ևս կին է։ Սա բխում է մի քանի տարբեր հայեցակետերից. առաջին՝ իսկ ինչո՞ւ կանայք չպետք է խաղան այդ դերերը։ Եվ երկրորդ՝ համաշխարհային շեքսպիրյան պրակտիկայում ժամանակակից միտումներից մեկը բեմում որոշակի հավասարությունն է տղամարդկանց և կանանց դերակատարումների միջև։ Ինչ վերաբերում է այս խմբի հետ աշխատանքին, ես պարզապես հիացած եմ։ Երկու ներկայացումներն էլ, որ բեմադրել եմ Սունդուկյանում, ինձ համար իսկապես հրաշալի ընթացք և փորձառություն են եղել»։

Ջոն Բլոնդելլն ընդգծեց, որ այլ թատերախմբերի հետ ներկայացումներ բեմադրելիս միշտ համեմատում է Սունդուկյան թատրոնի հետ և վերստին համոզվում, թե ինչ բարձր մակարդակի թատրոն է Մայր թատրոնը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930