Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրում մի թողեք ոչ մի կարող մարդու, ոչ մի նյութական հարստություն». Պատմաբանը՝ Ասադ Կարաեւի հույժ գաղտնի նամակի մասին

Հունվար 28,2022 16:50

Aravot.am-ի խնդրանքով պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն անդրադարձավ Ղարաբաղի հեղկոմի նախագահ Ասադ Կարաեւի հույժ գաղտնի նամակին՝ ուղղված Գորիսի հեղկոմի նախագահին, որտեղ Կարաեւը դժգոհում է, թե «դեռ զինաթափված չէ Զանգեզուրի գյուղերի 90 %-ը, գլխատված եւ առանց առաջնորդների չի թողնված Զանգեզուրի հայությունը, մտավորականությունն ու ռազմական պարագլուխները մինչեւ հիմա գյուղերում են»: Նամակում նաեւ ասվում էր. «Զանգեզուրում մի թողեք ոչ մի կարող մարդու, ոչ մի նյութական հարստություն, որպեսզի այդ նզովյալ ցեղը՝ հայերը այլեւս չկարողանան կանգնել ոտքի վրա»:

«Կարաեւը 1919 հուլիսի 19-ին Շուշիից է գրել նամակը…Այդ նույն նամակի շարունակության մեջ գրում է, որ մոտ օրերս Գորիս կժամանի Արմենակ Ղարագյոզյանը: Ասում է՝ նա ուշանում է փողի պատճառով. «Մինչեւ չստանա 22 միլիոն ռուբլի, չի մեկնի… Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի դրանից: Նա խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Չենք կասկածում, որ շուտով մեզ կուրախացնեք Ղափանը Ադրբեջանին միացնելու լուրով։ Եթե չունեք ուժ, ապա ունեք փող: Ինչո՞ւ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով մի ինչ-որ Աժդահ (Նժդեհին նկատի ունի-Է.Մ.) փաշայի գոյությամբ: Ձեռք առեք օրհնված միջոցներ: Այն ո՞ր հային երեք միլիոն ռուբլի տաս, որ չբերի այդ մարդու (Նժդեհի) գլուխը: Եթե փողի կարիք ունեք՝ հեռագրեք, կուղարկենք… Ողջույնով Ասադ Կարաեւ»,-հայտնի նամակին հղում է անում պատմաբանը:

Եվ հատուկ ընդգծում Կարաեւ նամակի վերջում արված գրությունը. «Զինվորականներով հարուստ որոշ տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, մի ռուս զինվոր սպանեք եւ դրանում մեղադրեք հայերին: Գիտեք, թե ինչ կանեն ռուսները… Զանգեզուրում մի թողեք ոչ մի որևէ կարգին մարդու, ոչ էլ հարստություն, որպեսզի այդ անիծյալ ցեղը այլևս չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են վարվել, այդպես պիտի անեք նաև դուք»:

Պրոֆեսորը նշում է, որ այս նամակը Նժդեհն ուղարկել է Հայաստան՝ ռազմական նախարարին, իր հետախույզներն են Ասադ Կարաեւի հույժ գաղտնի նամակը հայտնաբերել. «Նժդեհը ռազմական նախարարին ուղարկվող գրության մեջ գրում է. «Ուղարկում եմ ձեռքս ընկած մի դոկումենտ, որից երեւում է, որ «մեծամասնականները» անձնավորելով ադրբեջանական քողարկված վտանգը, համառորեն ձգտում են զինաթափելու, տնտեսապես քայքայելու, գլխատելու եւ ապա տեղահանելու կամ բնաջնջելու Զանգեզուրի հայությունը»:

Ապա մեկ ուրիշ դրվագ ներկայացրեց Խուրշուդյանի «Ղարաբաղի հարցի արդարացի լուծումը» աշխատությունից, որտեղ խոսվում է այն մասին, որ Կարաեւը գումար է տվել Արմենակ Ղարագյոզյանին եւ Լեւոն Միրզոյանին, որպեսզի 1923թ օգոստոսին Ղարաբաղի հանրաքվե անցկացնեն՝ իբր Ղարաբաղի հայ բնակչությունը համաձայն է միանալու Ադրբեջանին: Ըստ էության, սակայն, կեղծել են, քանի որ այդպիսի հանրաքվեի բնակչությունը չի մասնակցել:

Պատմաբանին հարցրինք՝ արդյոք իր կարծիքով փոխվե՞լ է ադրբեջանաթուրքական քաղաքականությունը: «Չեմ կարծում, թե ինչ-որ բան փոխվել է: Նրանք նորից կարող են գործի դնել կաշառելու քաղաքականությունը, որը միշտ կիրառել են: Հիմա կոնկրետ փաստեր չունենք ձեռքներիս տակ, բայց եւ ադրբեջանցիները, եւ թուրքերը դա միշտ կիրառել են՝ ընդ որում ոչ միայն հայերի, այլ մյուս ժողովուրդների հանդեպ: Այնպես որ Կարաեւի նամակը պատահական չէ»,-շեշտում է պատմաբանը:

«Կառավարությունը որոշել է Ղարաբաղը եւ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու համար հատկացնել 200 մլն ռուբլի։ Նորեն ու նորեն կրկնում եմ իմ խորհուրդը՝ չափսոսաք եւ ոչ մի գումար։ Ավելացրեք ռոճիկները, տվեք նվերներ եւ այն ամենը, ինչ կուզեն»,- պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը 1920 -1921 թթ» գրքին հղում անելով՝ Կարաեւի նամակի մասին է խոսում պարոն Մինասյանը:

Կարաեւը նաեւ խորհուրդ է տվել շտապել, քանի իրավիճակը չի փոխվել. «Անգլիան քնած չէ, Բաքվում ենթադրություններ կան, որ նա կարող է Թուրքիային իր կողմը գրավել եւ եթե դա տեղի ունենա մինչեւ Զանգեզուրն Ադրբեջանին միացնելը, ապա Զանգեզուրը կարելի է կորած համարել: Եվ Ալլահը թող օրհնի մեզ… Ընկերական ողջույնով՝ Ասադ Կարաեւ»:

Պատմաբանը մանրամասնում է. «Այսինքն` ասում է՝ ինչքան կարող եք փողով արեք ամեն ինչ…Ասում է՝ գիտենք, որ մեր զորքերը ջախջախվեցին, բայց զորքերի փոխարեն մեր փողը հրաշքներ է գործում, չափսոսաք ոչ մի գումար, ավելացրեք ռոճիկները, տվեք պարգեւավճարներ եւ այն ամենն ինչ նրանք ուզում են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31