Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Մեր պետականությունը չի կարող գոյություն ունենալ առանց մեր բանակի, հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանի լրջագույն մարտահրավերները»

Հունվար 28,2022 17:01

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» դաշինքն իր համախոհներին եւ բոլոր ցանկացողներին այսօր հրավիրել էր Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ Մայր Հայաստան հուշարձանի մոտ՝ միասին նշելու Հայկական բանակի վերստեղծման 30-ամյակը, ինչպես նշել էր տարածված հաղորդագրությունում, «Ի հեճուկս մեր թշնամիների եւ Հայկական բանակի տոնը նշելուց խուսափողների… ցույց տալու, որ Հայաստանի տերը հայ ժողովուրդն է, որ հայ ժողովուրդն իրեն չի համարում պարտված…»:

ԱԺԲ խորհրդի անդամ, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով օրվա խորհրդի մասին` ասաց. «Ես կասեի՝ այսօր Հայոց բանակի վերաստեղծման 30-ամյակն է, որովհետեւ մենք բանակ ունեցել ենք շատ վաղուց՝ հարյուրամյակներ եւ հազարամյակներ առաջ: Իսկ հաշվի առնելով, որ ԱԺԲ-ն հստակորեն հանդես է գալիս որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, բնականաբար, նաեւ բանակի այդ իրավահաջորդությունը մենք ընդունում ենք: Այն հաղթական բանակի, որը ստեղծվել է Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա հերոսամարտերով:

Բանակը կարեւորագույն առանցքային կառույցներից մեկն է պետության: Եվ մեր պետականությունը չի կարող գոյություն ունենալ առանց մեր բանակի, հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանի լրջագույն մարտահրավերները:

Ես առաջին հերթին շնորհավորում եմ այսօր բանակի շարքում գտնվող զինծառայողներին, նաեւ բոլոր նրանց, ովքեր ծառայել են, ինչպես նաեւ անպայմանորեն հիշել բոլոր պատերազմներում զոհվածներին, նրանց ընտանիքներին մաղթել ուժ, կորով եւ ամենակարեւորը՝ հաղթանակ մեր պետությանը եւ մեր բանակին, որովհետեւ այդ զոհերը իմաստավորվում են, եթե պսակվում են հաղթանակով: Կորստի ցավը այդքան սոսկալի չէ, եթե կա հաղթանակ: Հաղթանակի բացակայությունն է, որ կորուստն ավելի ուժեղացնում է»:

Մեր խնդրանքով արձագանքելով Ալիեւի այն հայտարարությանը, թե Հայաստանին բանակ այլեւս պետք չէ՝ Արա Պապյանն ասաց. «Ալիեւի տեսանկյունից, իհարկե, Հայաստանին բանակ պետք չի, որովհետեւ նրա, ինչպես նաեւ Էրդողանի նպատակն է՝ ունենալ ինչ-որ փոքր, խեղճ, անգամ խղճուկ մի վարչական միավոր, որի անունը, իբր, կլինի Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն, բայց որը կլինի կամակատարը թուրք-ադրբեջանական ծրագրերի: Բայց մենք դրա հետ չպետք է համաձայնենք: Ժամանակակից բանակների հզորությունը քանակով չի որոշվում: Եվ պետությունը պետք է առաջին հերթին ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնի, այսինքն, դաշնակիցներ ունենա, որոնց միջոցով կարելի է վերականգնել, հզորացնել բանակը եւ մեր շահերը պաշտպանել:

Ես համաձայն չեմ նաեւ Նիկոլ Փաշինյանի այն դրույթին, որ ասում է, թե մենք հարձակվողական բանակ չպետք է ունենանք եւ այլն: Բանակը երկրի անվտանգությունը լուծելու խնդիր ունի: Իսկ այդ անվտանգությունը միայն խրամատներում նստած պաշտպանվելով չէ: Այսինքն, հարձակվել՝ չի նշանակում անարդարացի ինչ-որ մի բան անել, եթե դու թշնամուդ հարձակումը կանխում ես դրանով, ինչը անգամ միջազգային իրավունքն է ամրագրում: Մյուս կողմից, խաղաղությանը հնարավոր չէ պատրաստվել առանց պատրաստվելու պատերազմի: Եթե դու պատրաստ ես պատերազմի, դու խաղաղություն կարող ես ապահովել: Այսինքն, մեր թշնամիները պետք է իմանան, որ անպայմանորեն լրջագույն հակահարված պիտի ստանան: Հետեւաբար, առաջին հերթին մեր պետականությունը մեր պետության առաջնահերթ գործառույթն է: Լուծել երկրի եւ քաղաքացիների անվտանգության հարցը, ապա միայն բարեկեցության եւ այլ հարցեր: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ այդ բարեկեցությունը առ ոչինչ կարող է դառնալ, եթե չես լուծում քաղաքացու անվտանգության հարցը: Քաղաքացին կարող է բարեկեցության բոլոր պայմաններն ունենալ, բայց մի քանի օրում այդ ամենը կորցնել: Նույնն էլ երկիրն է: Մենք պիտի առաջին հերթին լուծենք մեր անվտանգության, պաշտպանունակության հարցը տարբեր բաղադրիչներով. ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, հետո նոր մնացած հարցերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31