Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն ռեժիմը, նույն կուսակցականները

Փետրվար 01,2022 10:00

Հայկական քաղաքական դիսկուրսում կան ընդամենը երկու տեսակի հայեր՝ «հայրենասեր», «ազգին նվիրված» եւ «թուրքեր», «դավաճաններ»: Բանավեճը գնում է այն մասին, թե ում պետք է կպցնել այդ պիտակները: Միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների դեպքում նույնպես աշխատում է այդ՝ չափազանց պարզունակ ու սուբյեկտիվ «երկճյուղումը» (դիխոտոմիան). կախված նրանից, թե արդյոք այս կամ այն պատվիրակի պահվածքը ձեռնտու է տվյալ քաղաքական խմբին՝ նրան կարելի է անվանել կա՛մ «ազգասեր», կա՛մ «դավաճան»:

Այդ իմաստով ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության աշխատանքը «դասական» օրինակներ է տալիս: Արդեն հեռավոր 2004 թվականին իշխանությանը դուր չէին եկել այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավորներ Շավարշ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի քվեարկություններն ու ելույթները, եւ Բաղրամյան-26-ից «Զվարթնոց» օդանավակայան էին գործուղել «աշխատավորության ներկայացուցիչներին», որպեսզի նրանք ամոթանք տան «ադրբեջանական գործակալներին»:

2013 թվականին սպառնալիքներ էին հնչում ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հասցեին, որը հանդգնել էր «կեղտոտ լվացքը» դուրս հանել եւ «համագործակցել» ադրբեջանցի պատվիրակների հետ, բայց այդ անգամ ամեն ինչ ավարտվեց առանց պատգամավորի ուղղությամբ շպրտվող լոլիկների, ձվերի եւ կոպեկների:

Այժմ մենք ապրում ենք թվային դարաշրջանում եւ ֆիզիկական հետապնդումներին եկել է փոխարինելու, այսպես ասած, «կիբերբուլինգը», երբ ինչ-որ մի կենտրոնից հրահանգ ստանալով՝ սոցցանցերում հարձակում է սկսվում այս կամ այն անձի վրա: Ճիշտ նույն արտահայտություններով, ինչպես նախորդ երկու դեպքերում, անցած շաբաթ գրոհ էր սկսվել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Հայկ Մամիջանյանի վրա: Ճիշտ նույն ձեւով, ինչպես ժամանակին ՀՀԿ-ական պատգամավորներն էին դա անում, հիմա էլ ՔՊ-ականներն են իրենց պարտավորված զգում մի երկու «քաղցր խոսք» ասել Մամիջանյանի հասցեին՝ հիմա էլ նա է «ադրբեջանական գործակալ»: Ընդ որում, չեմ կասկածում՝ ով ավելի կոշտ բառապաշարով կարտահայտվի ընդդիմադիր պատգամավորի հասցեին, նա իր կարիերայում առաջ գնալու ավելի մեծ հնարավորություն կունենա: Ինչպես եւ ՀՀԿ-ի դեպքում, խոսում են ոչ թե խմբակցության բոլոր անդամները, այլ 10-15 հոգի, որոնք եւ կազմում են «կուսակցական ակտիվը»:

Համաձա՞յն եմ ես Մամիջանյանի քվեարկության հետ, թե՞ ոչ՝ տվյալ պարագայում կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ՔՊ-ականների պնդումները, թե իբր իրենք ավելի ժողովրդավար են, ավելի ազատամիտ են, ավելի հանդուրժող, քան ՀՀԿ-ականները, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական ռեժիմն է նույնը, այնպես էլ՝ այն մարմնավորող իշխանությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ցեղասպանությունը վատ բան է, որովհետեւ դա մեզ հետ է տեղի ունեցել, իսկ եթե դա տեղի ունենար ոչ թե մեզ հետ, այլ ասենք Աֆրիկայի բնիկ ժողովուրդների կամ էլ Կենտրոնական Ասիայի քոչվոր ժողովուրդների հետ, դա կընկալվեր պարզապես ցավալի երեւույթ: Բայց քանի որ մենք ենք անցել այդ դժոխքով, ուրեմն մենք պետք է դառնանք ցեղասպանության դեմ պայքարող առաջամարտիկը’ որտեղ էլ այն կատարվի, երբ էլ այն կատարված լինի, ում հետ էլ այն տեղի ունենա: Մեզ պետք չի, որ աշխարհը ճանաչի միայն մեր ցեղասպանությունը եւ օրենքով այն ճանաչի հանցագործություն, մեզ պետք է, որ մե՛նք առաջին հերթին ճանաչենք ցեղասպանություն ապրած ժողովուրդների իրավունքները եւ դատապարտենք դրանց կազմակերպիչներին եւ կատարողներին, ինչպես նաեւ բանակցությունների ժամանակ խստագույն նախապայման դնել ոչ միայն մեր, այլ մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունները օրենքով ճանաչվեն հանցագործություն, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն, դրանց օրենքով էմբարգո ենք հայտարարում, իսկ կողմնակիցներին հորդորում, որ նրանք էլ տնտեսական թե քաղաքական կամ ռազմական էմբարգո հայտարարեն: Սա է կոչվում սկզբունքայնություն: Օրենքը սիրուն բառերից հզոր գործող զենքի է վերածվում, երբ այն պաշտպանվում է եւ հաղթում է անօրինականության պայմաններում: Խնդիրների անհատականացումը հատուկ է փոքր մարդկանց կամ փոքր ժողովուրդներին, մեծ մարդիկ եւ մեծ ժողովուրդները’ ազգերը ապրում են օրենքների ու սկզբունքների պաշտպանության ու հարձակման անընդմեջ պայքարի բնական պայմաններում, որն էլ բերում է օրենքի եւ սկզբունքի հաղթանակի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28