Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկ» ՔԿՀ-ում գործող դպրոցի ճակատագիրը հնարավոր է հստակեցվի

Փետրվար 02,2022 13:00

ԿԳՄՍ նախարարությունից հույս են հայտնել, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններից հետո լուծում կտրվի խնդրին

Օրերս «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ խոսելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի մասին՝ բարձրաձայնել էր մի քանի խնդիրների մասին: Նա նշել էր, որ գործող օրենսդրությամբ հանրակրթական կրթությունը պարտադիր է մինչեւ անձի 19 տարին լրանալը, բայց իրենց դիտարկումները քրեակատարողական հիմնարկներում ցույց են տվել, որ բազմաթիվ են անձինք, որոնց 19 տարին լրացել է, սակայն չունեն կրթություն:

Նա մասնավորապես անդրադարձել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գործող Արթիկի երեկոյան դպրոց ՊՈԱԿ-ին, որը իրականացնում է 19 տարին լրացած անձանց կրթություն, բայց մինչ օրս չունի հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում: Ու քանի որ Լիցենզավորման մասին օրենքով լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացվեն որոշ փաստաթղթեր, բայց այդ փաստաթղթերը ՊՈԱԿ-ը չի կարող ներկայացնել այն հանգամանքով պայմանավորված, որ ՔԿՀ-ի ներսում է գործում, եւ այդ հիմնարկը որպես ուժային կառույց՝ այդ փաստաթղթերը չի կարող դուրս բերել:

«Առավոտը» այս թեմայի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նախարար Վահրամ Դումանյանի անունով: Հետաքրքրվել էինք՝ արդյոք մտադի՞ր է ԿԳՄՍ նախարարությունը լուծել այս խնդիրը, եւ ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ: «Առավոտի» հարցմանը պատասխանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները եւ այդ կազմակերպություններում շահառու հանդիսացող անձանց կրթություն ստանալու իրավունքի գերակայությունը` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ արդարադատության նախարարությունը աշխատանքային կարգով բոլոր շահառուներին հաշվառում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` ապահովելով վերջիններիս կրթություն ստանալու իրավունքի իրացումը:

ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում նախատեսվել է համապատասխան դրույթ՝ ըստ որի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններ կարող են սահմանվել այդ կազմակերպությունների կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքի ընդունումից հետո նշված կազմակերպությունների գործունեությունները առավել կհստակեցվեն»,-նշված ՝է «Առավոտի» հարցմանը ԿԳՄՍ նախարարությունից ուղարկված պատասխանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28