ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Մասնակցային քաղաքականության լաբորատորիաներ» ծրագրի շահառուներին՝ ՀՀ հինգ համայնքներից (Վանաձոր, Իջևան, Գավառ, Արմավիր, Երևան) և այն իրականացնող «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներին:
«Մասնակցային քաղաքականության լաբորատորիաներ» ծրագրի նպատակն է երիտասարդներին դարձնել ժողովրդավարական գործընթացների մասնակից՝ նրանց վերածելով հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման ակտիվ դերակատարների։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով երիտասարդության շեմ է սահմանվել 13 տարեկանը, ինչը հնարավորություն է տալիս, որ դեռևս պատանեկան հասակում նրանք ակտիվորեն ներգրավվեն երիտասարդական քաղաքականության մեջ:
«Կարծում եմ՝ կրթական համակարգը ոչ միայն պիտի գիտելիքի և հմտության փոխանցմամբ զբաղվի, այլև հուզական դաշտի կրթությամբ՝ պատրաստելով դեռևս դպրոցում գտնվող երիտասարդներին ինքնուրույն որոշումների, մասնակցության, քաղաքացիական կրթության: Ուրախ եմ, որ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից իրականացված այսպիսի կարևոր ծրագիր կա, որը հնարավորություն է տալիս քննարկելու հենց մասնակցային քաղաքականության՝ ձեր առաջարկած լուծումները»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:
Կարդացեք նաև
Ներկայացնելով նախաձեռնության բովանդակությունը՝ հանդիպման մասնակիցները նշել են, որ հիմնական նպատակը երիտասարդների ներգրավմամբ տեղական մասնակցային մշակույթը կայացնելն էր՝ նոր մեխանիզմներ մշակելու և առաջարկելու միջոցով: Միևնույն ժամանակ, արդյունավետ մասնակցությունը պահանջում է ոչ միայն քաղաքացիական ակտիվություն, այլև քաղաքական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ, փաստահեն վերլուծության, հանրային քաղաքականության առաջարկների մշակման և պետական ու տեղական ինստիտուտների հետ երկխոսության հմտություններ։
Հայաստանի հինգ համայնքներում փորձագետների միջոցով ու նաև երիտասարդների արձագանքները հաշվի առնելով՝ մշակվել են առանձին քաղաքականության առաջարկություններ:
Քննարկման ընթացքում երիտասարդները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց մշակած առաջարկությունները՝ ուղղված Հայաստանում մասնակցային կառավարման գործիքների և հանրային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մեխանիզմների բարելավմանը։
Ըստ այդմ՝ համայնքներում արձանագրված հիմնական բացերն են թիրախային խմբերի մասնակցության պասիվությունը, քաղաքացիական ակտիվության դրսևորման մասին իրազեկվածության հարթակների պակասը, խնդիրները գերատեսչություններում բարձրաձայնելու հնարավորությունը և այլն: Ըստ ներկայացված առաջարկների՝ կարևորվել է հատկապես հանրակրթական համակարգում, մասնավորապես՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում փոխանցել համապատասխան գիտելիք մասնակցային քաղաքականության կարևորության մասին: Առաջարկվել է նաև պարբերական այցերով իրազեկումներ իրականացնել հասարակության շրջանում, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել ոլորտային լիազոր մարմինների հետ:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































