«Առավոտը» տարիներ առաջ շարք ուներ. ներկայացվում էին հետաքննող լրագրողները: Նրանք դատական, իրավական լրագրության ոլորտում մեծ ներդրում ունեցողներն էին: Այս օրերին հաճախ վիրտուալ հարթակներում տեղի-անտեղի բարձրացվում է այն հարցը, թե ոչինչ չի արվել երեսուն տարի առաջ՝ անկախությունից հետո, մասնավորապես, 1988թ. երկրաշարժի տարիներին, 90-ականներին, Արցախյան առաջին պատերազմի, տեղի ունեցած քաղաքական սպանությունների վավերագրությունները թղթին հանձնելու ուղղությամբ: Հարկ եմ համարում ներկայացնել 1992-94-ին լույս տեսած գիրք-գրքույկները, որոնք անկախությունից հետո հետաքննական լրագրության նախակարապետներն էին: Հետագայում կներկայացնեմ նմանատիպ մոռացված պատմագրություններ:
Արթուր Մկրտչյան. «Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում»
1992-ին «Միքայել Վարանդեան» տպարանում 10 000 տպաքանակով լույս տեսավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի գրքույկը: Հադրության դեպքերի մասին Ա. Մկրտչյանը գրել է 4.06.1991-ին: Գրքի առաջաբանում նշվում է, որ Արթուր Մկրտչյանը Հադրութի իրադարձությունների ականատեսն է, անմիջական մասնակիցը, զենքը ձեռքին կռված:
Կարդացեք նաև
«Սպասելի էին արդյոք այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան շրջանում, եւ հնարավո՞ր էր դրանք կանխել, թե՝ ոչ: Առաջ անցնելով միանգամից պատասխանեմ, որ ընդհանուր քաղաքական առումով եւ տեսականորեն սպասվում էին այդ իրադարձությունները եւ այն կարելի էր կանխել միայն բարձր քաղաքական մակարդակով: Գործնականում քչերն էին սպասում ու հավատում իրադարձությունների նման ընթացքին եւ փաստորեն ոչինչ կամ շատ քիչ բան ձեռնարկվեց: Պիտի ասել, որ համընդհանուր խուճապի ու շփոթվածության պայմաններում հնարավոր չէր ավելին անել բռնագաղթը կանխելու համար: Սակայն այսօր բոլորը միանշանակորեն այն կարծիքին են, որ վճռական լինելու դեպքում հնարավոր էր գոնե գյուղերի բռնագաղթը, թալանը կանխել ու որոշ տեղերում դա հաջողվեց: Սակայն մյուս կողմից էլ վճռական լինելուն խանգարեցին ստույգ տեղեկությունների պակասը եւ կրկին ու կրկին խուճապն ու շփոթվածությունը: Եթե Ստեփանակերտում չանսալով Հադրութից գնացող ահազանգերին՝ մայիսի 13-ին կատարվածը համարեցին ընդամենը անձնագրային ռեժիմի ստուգում ու հանգստացրին շրջանի ղեկավարությանը, իսկ 14-ին, 15-ին էլ փաստորեն էականորեն ոչինչ չձեռնարկվեց, չնայած ակնհայտ էին արդեն դեպորտացիայի ուղղությամբ կատարվող գործողությունները, ապա Հադրութում 15-ին, 16-ին արդեն հոգեբանորեն շատ շատերը հաշտվել էին դեպորտացիայի մտքի հետ ու չէին կասկածում, որ մեկ-երկու օրից հետո ալիքը կհասնի շրջկենտրոն»,-գրել էր Արթուր Մկրտչյանը:
Ահավասիկ մայիսի 14- ից մի դրվագ. «Մայիսի 14-ին ստուգումները եւ վայրագությունները շարունակվում էին, մարդկանց ստիպում էին ստորագրել դիմումներ մարզի տարածքը կամավոր թողնելու մասին: Երեկոյան լուր ստացվեց Ջիլանում երկու տուն վառելու մասին: Սպասվում էր, որ հաջորդ օրը ստուգումներ կլինեին Հադրութում: Ուշ գիշերին շրջկենտրոնում տեղի ունեցավ միտինգ, որի ընթացքում ժողովրդին կոչ արվեց լինել զգոն, զսպված եւ տեղիք չտալ պրովոկացիայի: Պետք է ասել, որ այդ օրերին Գետաշենի սինդրոմը իր դերը խաղաց Հադրութում՝ փաստորեն կաշկանդելով եւ զերծ պահելով ակտիվ գործողությունից: Միեւնույն ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց մի պատվիրակություն ուղարկելու մարզային ղեկավարության հետ հանդիպելու եւ ստեղծված վիճակից դուրս գալու եւ քաղաքական քայլեր ձեռնարկելու համար: Հիմնականում շրջանառվում էր բանակցությունների անհրաժեշտության գաղափարը եւ արդեն հնչում էին առաջարկություններն անմիջապես Մութալիբովին դիմելու մասին:…Սակայն հեռագիրը չտրվեց, որովհետեւ շրջանի ղեկավարությունը այնուամենայիվ չէր համարձակվում ինքնուրույն այդ քայլին գնալ, իսկ մարզկենտրոնը որոշակի ոչինչ չէր անում: Այնտեղ ձերբակալվել էին Հադրութի ութ միլիցիոներներ: Մայիսի 15-ին Արփագյադուկում սպանվեցին գյուղի 11 ծերունի բնակիչներից 4-ը…Ինչպես արդեն նշել եմ՝ 17-ից հսկողության տակ վերցրեցինք Ցոր եւ Ծամձոր գյուղերը: Առաջինի թալանը ամբողջությամբ կանխել հնարավոր չեղավ, իսկ երկրորդը կարողացանք ապահով պահել…26-27-ին հետ վերադարձավ Հադրութում գտնվող քարագլխեցիների մի մասը… 28-ին առաջին ջոկատը մշտական տեղադրվեց Մուլքուդարայում: Այս գյուղի հարցում դժվարն այն էր, որ ամբողջ գյուղը քշվել էր Գորիս եւ Հադրութում գյուղից նախկինում վերաբնակվածները ընդամենը մի քանի հոգի էին: 31-ին անձամբ ինքս մի ուրիշ ջոկատի հետ գնացի փոխելու տղաներին: Այն, ինչ տեսա գյուղում, մի նախադասությամբ կարելի է բնորոշել՝ «Այստեղով թուրքն է անցել»: Այնուամենայնիվ, մենք մտածում էինք, որ ամեն ինչ կորած չէ, եւ ոգեւորությամբ աշխատում էինք, որպեսզի տներում լույսերը վառ լինեն, եւ տպավորություն ստեղծվի, թե գյուղը կենդանի է»: Ականատես Արթուր Մկրտչյանը ներկայացնում է ադրբեջանական Գերագույն խորհրդի որոշման մասին՝ թուրքերով վերաբնակեցնելու մասին, հունիսյան դեպքերի մասին, երբ մի քանի գյուղեր բնակեցվին ադրբեջանցիներով:
«Մարդորսություն. առաջին մաս»
«Միջազգային Կարմիր խաչի ընկերությունից հանձնաժողով այցելեց կալանախուց: Շեկ, բարակիրան ֆրանսուհին օճառ, ատամի փոշի ու մածուկ բաժանեց: Մայորի դեմքին դառը ժպիտ խաղաց:
– Բերաններում ատամ չեն թողել, սրանք ատամի փոշի են բաժանում:
Ֆրանսուհին հարցական նայեց թարգմանչին:
– Կալանավորը գոհ է նվերից,-թարգմանեց ուղեկիցը»: Հատվածը հայ առաջին գերիների մասին արցախցի լրագրող Նվարդ Սողոմոնյանի «1991. «Կոլցո» գրքից է:
Գիրքը տպագրվել է 1994-ին ԼՂՀ պոլիգրաֆիայի, մամուլի եւ գրքի առեւտրի պետական կոմիտեի տպարանում: Գրքի տպաքանակը եղել է երկու հազար:
Ինչպես առաջաբանում հեղինակն է գրում. «Գրքում շյուղ առ շյուղ վերարտադրվել է ողբերգությունն այն մարդկանց, ովքեր ադրբեջանական բանտերում վերապրեցին համակենտրոնացման ճամբարների ողջ Գողգոթան: Ողբերգությունն այն մարդկանց, որ պիտի հաղթեին, բայց որոնք այդ ահավորության մեջ անգամ կարողացան մարդ մնալ: Նրանք մեր պայքարի, հիշատակության արժանի առաջին կենդանի նահատակներն են»:
Հետաքննության մեջ տեղ են գտել Աշոտ Բալայանի, Էմիլ Բալայանի, Խորեն Բունիաթյանի, Շահբազյանի հանդիպումներից, դատաբժշկական փորձաքննության նմուշներից, Ղարիբ Հարությունյանի դատաքննությունից, գետաշենցի Սարգիս Հակոբկյոխյանի հարցաքննությունից….
Վերջինիս հարցաքննությունից.
«Աշխատավայրդ, զբաղմունքդ:
– Հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վիրաբույժ:
– Գրոհայինների՞ն էր բուժում:
– Չէ, մարդկանց:
– Մինչեւ վերջ ինչի՞ էիր սպասում, հույսդ ինչի՞ վրա էիր դրել, որ Հայաստանից օգնություն կգա՞:
– Ես բժիշկ եմ, իրավունք չունեի լքել հիվանդանոցը, գյուղը, քանի դեռ հիվանդներ, վիրավորներ կային:
– Գրոհայիններ եւ ծայրահեղականներ:
– Նրանք խաղաղ բնակիչներ են, դուք լավ գիտեք…»:
Հեղինակը մեջբերումներ էր կատարել Ռուսաստանի Գերագույն խորհրդի մարդու իրավունքների կոմիտեի փաստաթղթերից՝ խորհրդարանական ունկնդրման, այն ժամանակահատվածն է, երբ հարցերի հարց մնում է՝ կոնկրետ ում կարգադրությամբ եւ ինչի հետ կապված են հանվել ներքին զորքերը Գետաշենից ու Մարտունաշենից ապրիլի վերջին, արտերկրի լրագրողների մասնակցությամբ 1991թ. մայիսի 14-ի Մութալիբովի տված մամուլի ասուլիսից, ԽՍՀՄ ԳԽ նախագահության 1990թ. հունվարի 15-ի հրամանագրից…
Գերիներից մեկի՝ Խորենի հետ զրույցից մի հատված գործընկերոջս գրքից.
«Քեզ որտեղից գերի վերցրին, Խորեն:
– 91-ի հոկտեմբերն էր: Բերդաձոր-Ստեփանակերտ ավտոբուսը շրջապատեցին եւ վերցրին:…Ուշադիր նայիր ինձ, քանի՞ տարեկան կլինեմ:
– 40-45:
Դառը քմծիծաղ հայտնվեց դեմքին:
– 25 տարեկան եմ: Հիմա հասկացա՞ր, ինչու չեմ ուզում պատմել:
-….
– Ավելի լավ չէ՞ պատմեմ Կամոյի՝ մեր հրամանատարի մասին, որ Մաղավուզում խփված տանկի մեջ մնաց: Հարձակվեցինք ու մեր ընկերների դիակները ետ վերցրեցինք, որ թուրքը չպղծի: Հետո էլի նահանջեցինք:
– Այնտեղ, Շուշիի բանտում դաժա՞ն էին վարվում,- նորից զրույցը շուռ եմ տալիս:
– Ձեռքերս ու ոտքերս տարածեցին խաչի նման, ամրացրին պատին: Երկաթե շղթան ձեռներն առան:…Քեզ մի բան պատմեմ՝ երեւի չհավատաս: Այն մեկ ամսից հետո մոռացել էի մեր տան ճանապարհը, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ բան է այդ»:
Երբ նորից վերընթերցեցի այս պատմությունները, աչքիս առաջ մերօրյա գերիներն էին. 44-օրյա պատերազմից հետո մենք նրանց անազատության մեջ պահելով, հնարավորություն չտվեցինք դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, խոսել, պատմել, ներկայացնել իրենց հետ կատարվածի մասին գոնե հանուն պատմության, հանուն արդարության: Չգիտեմ էլ՝ կխոսե՞ն նրանք երբեւէ…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.02.2022