Այսօր ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը: Նախագիծը դիահերձման ախտաբանաանատոմիական ծառայության մասին է: Առաջարկում են, որ ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվեն բժշկական հաստատություններին կից ստորաբաժանումներում: Գործող օրենքով այդ ծառայությունները մատուցում էին այլ կազմակերպություններ եւս:
Նշենք, որ այդ գործունեության շնորհիվ հայտնաբերվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառները: Գործող օրենքով ամրագրված է, որ եթե բուժառուն մահացել է հիվանդանոցում ու առկա է ճշտված եզրափակիչ կլինիկական ախտորոշում, պարտադիր է ախտաբանաանատոմիական դիահերձում անել: Հիմա առաջարկվում է դա հանել ու ոչ պարտադիր դարձնել: Դա կլինի միայն մահացածի հարազատների ցանկությամբ:
Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքում, երբ բացակայում է դրանց հյուսվածքաբանական հաստատումը, նույնպես պարտադիր էր դիահերձումը: Հիմա առաջարկվում է «չարորակ» բառը հանել, որովհետեւ այսպես թե այնպես նորագոյացությունների դեպքում պարտադիր է հյուսվածքաբանական հաստատումը: Իսկ նորագոյացության դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումը թողնել պարտադիր:
Կարդացեք նաև
Նարեկ Զեյնալյանը որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Եվրոպական տարածաշրջանի 53 երկրում արված հետազոտությունների՝ Հայաստանը առաջին տեղն է գրավում մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումների քանակով: «ՀՀ-ում 2020-ի տվյալներով իրականացվում է մահերի 90 տոկոսի դեպքում դիահերձում, որը ԱՀԿ միջին ցուցանիշից ավելի 3,5 անգամ: Եվրոպական տարածաշրջանի երկրներում միջինում 25,6 տոկոս է կազմում դիահերձումը: Երկրներ կան, 2-3%-ի դեպքում է իրականացվում դիահերձումը, այսինքն, Հայաստանում կատարվում են անհարկի դիահերձումներ: Սա իրենից ենթադրում է նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ, բայց այստեղ առավել կարեւոր է որակի վերահսկողությունը, որը չի իրականացվում այն կազմակերպություններում, որոնք բժշկական հաստատություններին կից չեն: Տեսչական մարմինները իրենց նկատմամբ միայն վերահսկողություն են իրականացնում՝ տեսնելու՝ լիցենզավորման պայմանները պահպանված են, թե չէ, բայց որակի վերահսկողություն չի իրականացվում: Վիճակագրությունը խեղաթյուրված է, մենք ՀՀ-ում տեսնում ենք մահվան պատճառական վերլուծության խեղաթյուրում, այստեղից որպես հետեւանք ունենում ենք ոլորտի ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախս, այդ կազմակերպություններում բժշկագիտություն չկա:
Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ասաց, որ այս փոփոխությունները շատ կարեւոր են ու թույլ կտան ախտաբանաանատոմիական ծառայությունը դիտարկել ընդհանուր հիվանդանոցային ծառայության համատեքստում եւ մահվան վերջնական ախտորոշման առավել ճշգրիտ պատկեր ունենալ:
Ախտաբանաանատոմիական դիահերձումների արդյունքում կատարված վիճակագրական վերլուծությունները նաեւ ազդում են բյուջեի պլանավորման վրա:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ