«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք եւ դատապարտյալներն օրեր առաջ ահազանգել էին, որ խախտվել է իրենց տեսակցության, ինչպես նաեւ պատշաճ բուժհետազոտություն ստանալու իրավունքը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել էր «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ անազատության մեջ գտնվողները իրենց հարազատների հետ տեսակցություն կարող են ունենալ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունենալու պարագայում։ Ըստ ահազանգողների՝ նրանք դիմել էին պատվաստվելու համար, բայց ՔԿՀ-ից պատասխանել էին, որ պիտի դեռ սպասեն։
«Այսօր կազմակերպություն զանգահարեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձինք՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում արդեն սկսել են հերթագրել նրանց, ովքեր ցանկություն ունեն պատվաստվելու։ Հավանաբար թե՛ մեր, թե՛ լրատվամիջոցների հրապարակումներից հետո սայլը տեղից շարժվել է»,-ասաց Իրինա Մանուկյանը։ Նա նշեց նաեւ, որ հարցը կարգավորելու համար դիմել էր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։
Ավելացնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ քննության շրջանակներում պարզելու մեղավոր անձանց շրջանակը, հետագայում բացառելով նաեւ նմանատիպ խախտումները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ