Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան․ «Մենք, մեծ հաշվով, ժողովրդավարության նահանջ ենք տեսնում»․ «Փաստ»

Փետրվար 03,2022 09:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ զրույցում անդրադարձանք օրերս ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին: Այնտեղ անդրադարձ էր կատարվել նաև դատաիրավական բարեփոխումներին, բարձր էր գնահատվել նաև 2018 թ.-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը: «Սա կարող է դիտարկվել և՛ որպես կանաչ լույս, և՛ հենց վերոնշյալ լռության համատեքստում, որովհետև եթե իրենք չեն արձագանքում կամ արձագանքում են հակառակ կերպով, դա նորից լռություն է: Վերջերս հարցազրույցներից մեկում ասել էի, էլի ասեմ՝ դասական իմաստով թող չցանկացողը ես լինեմ, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը չափազանց բարձր լինի, բայց եթե տեսնում ենք, որ կան խնդիրներ, որոնք կարող են շատ մեծ բացասական հետևանքներ ունենալ երկարատև պատկերում, ապա ինչպե՞ս չբարձրաձայնել այդ մասին:

Ու հարց է առաջանում, թե ո՞ւմ է դրանով լավություն անում նույն միջազգային հանրույթը, որովհետև մենք, ի վերջո, բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ Հայաստանում դատական համակարգն իրապես անկախ լինի, որ իրավապահ մարմինները գործեն օրենքին և իրավունքին համապատասխան: Մինչդեռ միջազգային հանրությունը չարձագանքեց նաև այնպիսի խայտառակ խախտումների, ինչպես 6 ամիս պատգամավորին ապօրինի պահելն է, դատական համակարգում մակագրման էլեկտրոնային համակարգը, կարելի է ասել, խլելն է: Գումարենք նաև ԲԴԽ-ում տիրող իրավիճակը չնկատելը: Այս ամենն, ի վերջո, երկարատև ու լուրջ խնդիրներ է առաջացնելու: Ամենամեծ խնդիրն այն չէ, որ դրանից զուտ հանրային, քաղաքական գործունեություն իրականացնող մարդիկ են տուժում: Բնավ: Այս 4 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ ծավալի քաղաքական հետապնդումներ են իրականացվել: Ամենամեծ խնդիրն այն է, որ, ի վերջո, նման վարքագծից տուժում են մեր սովորական, իրենց առօրյա կյանքով ապրող մարդիկ, որոնցից ոչ ոք երաշխավորված չէ, որ իր նկատմամբ էլ կարող է մի օր քրեական հետապնդում հարուցվել: Ու երբ քրեական հետապնդման մակարդակն այսպիսին է, երբ ԲԴԽ-ն նման մակարդակի է, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ:Մենք իրավունքի ճգնաժամ ենք ունենալու, որովհետև գործընթացը հենց դրան էլ տանում է»,- շեշտեց զրուցակիցը:

Խնդիրը դիտարկելով ավելի լայն համատեքստում ու անդրադառնալով նաև քաղաքական գործընթացներին հաջորդող քրեական հետապնդումներին՝ Ա. Վարդևանյանը նշեց. «Մենք, մեծ հաշվով, ժողովրդավարության նահանջ ենք տեսնում: Տեսնում ենք նաև նահանջ ժողովրդավարական արժեքներից ու սկզբունքներից: Սա մեծ ցավով եմ արձանագրում, որովհետև յուրաքանչյուր իրավաբան միշտ շահագրգռված է, որ ժողովրդավարության մակարդակը բարձր լինի, քանզի այդ դեպքում նորմերը, օրենքները սկսում են արդյունավետ կերպով գործել: Հակառակ դեպքում ամենից շատ տուժում է հենց մասնագիտական հանրույթը, այդ իսկ պատճառով ես շատ մեծ ցավով եմ սա նշում: Այո, նույն ՏԻՄ ընտրությունները վերածվել են զուտ իշխանության ցանկությունների իրացման հարթակի, և եթե ժողովրդավարությունը չի ապահովվում, ապա տեսնում ենք այն, ինչ կատարվում է հիմա: Ինձ համար ամենացավալի օրինակը Վեդի համայնքինն է: Իշխանական թեկնածուն՝ իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Վեդիում մասնակցում է ընտրություններին ու չի ստանում ժողովրդի քվեն: Այսինքն, Վեդի համայնքի բնակիչները չցանկացան այդ անձին իրենց համայնքի ղեկավար տեսնել, և իրենց իշխանությունն այդպես իրացրեցին: Բայց ի՞նչ է հաջորդում դրան: Վեդիում տեղի են ունենում գործընթացներ, որ ամեն կերպ ընտրությունների արդյունքները տապալված համարվեն, նշանակվեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ արտահերթի կազմակերպումը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվում նույն անձը, որը չէր ստացել Վեդիի համայնքի բնակիչների վստահության քվեն: Սա ցույց է տալիս, թե ինչպես են այս իշխանությունները հրաժարվում ժողովրդավարական արժեքներից»:

Վարդևանյանը նշեց, որ չի անի պնդում, թե ՀՀ անկախությունից ի վեր ժողովրդավարությունը չափազանց բարձր էր ու հիմա է նահանջ ապրում: «Հայաստանում միշտ էվոլյուցիոն ճանապարհով ժողովրդավարության մակարդակը բարձրացել է: Այսինքն, մենք տարեցտարի ունեցել ենք դինամիկ աճ: Դա բավարա՞ր էր, թե՞ ոչ. կարծում եմ՝ ոչ, բայց դրական դինամիկայի գործընթացն ակնհայտ էր: Այս իշխանությունները եկել էին խոստմամբ, որ ժողովրդավարությունը պետք է այնպիսի բարձր նշաձողի հասցնեն, որ այն անառարկելի լինի, որ անհնար լինի իրավիճակ, երբ ՏԻՄ ընտրությունների դեպքում այնպիսի պատկեր լինի, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում, Վեդիում: Ըստ այդ խոստման, չէին կարող լինել նաև քաղաքական հետապնդումներ, ու, բնական է, պատգամավորները չէին կարող վեց ամիս կալանավորված լինել, դատավորը տեռորի չէր կարող ենթարկվել, ինչ է թե իշխանությանը ոչ հաճելի ու ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորել: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ դատախազությունը ինչ հիմնավորում է ներկայացրել դատավորի նկատմամբ քրեական հետապնդման մասով: Ասում է՝ դատավորը մարդուն սխալ է կալանավորել, այդ իսկ պատճառով մենք իր նկատմամբ քրեական հետապնդում ենք իրականացնում:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ այն մյուս գործերով ինչո՞ւ ոչինչ չի իրականացվում, որտեղ մենք ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի որոշում ունենք առ այն, որ կալանավորումներն ապօրինի են եղել: Այդ գործերով դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու ուշացման պատճառը ո՞րն է, Արմեն Դանիելյանի նկատմամբ ինչո՞ւ քրեական գործ չեն հարուցում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28