Խոշորացված Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ չհամակերպվող ՔՊ-ականներն ու նրանց համակիրներն այսօր առավոտից բողոքի ցույց էին անցկացնում նախկին Արփի համայնքի վարչական կենտրոնում՝ Բերդաշենում։

«Ջեմմա Հարությունյանին չենք թողնի մոտենա մեր համայնքապետարանի շենքին, չենք թողնի փաստաթղթերը հանձնեն։ Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթերը հանձնենք։
Մենք ո՛չ մարզպետ ունինք, ո՛չ էլ դեպուտատ, էն վախտ, երբ որ դեպուտատին ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզի։ Հիմի «պասլատ» են էրել, ճիշտը որ կսենք՝ ձեր սրտին դուր չի գա՞։
Կարդացեք նաև
Ոստիկաններն էլ, որոնք եկել են մեզի էստեղից հեռացնելու, շատ լավ հասկանում են իրավիճակը։ Մենք մեր ձայնին տեր կկանգնենք, վախենալու ոչինչ չունինք», -ասում էին ցուցարարները։
Շիրակի փոխոստիկանապետերից մեկը հավաքվածներին հորդորեց չբորբոքել կրքերը, իրենք հսկողություն են սահմանում, որպեսզի Ամասիա խոշորացված համայնքի նորընտիր իշխանության ներկայացուցիչները գան և փաստաթղթերի հանձնում-ընդունումը կատարեն։
«Չէ՛, չեն մտնի, թող պատասխանը ստանան, հեռանան, գալու իմաստ ո՞րն է»-ասում էին ցուցարարները։

Ոստիկաններից մեկն ասաց․ «Ես ծառայություն եմ մատուցում», բնակիչը հակադարձեց․ «Ես էլ իմ ապագան եմ որոշում»։


Նա նաև նշեց, որ ընդունող-հանձնող հանձնաժողովի ներկայացուցիչները եկան Բերդաշեն՝ առանց Ջեմմա Հարությունյանի։
«Նրանք ներս են մտել, մենք ասինք՝ ժողովրդի պահանջն է, չենք հանձնում թղթերը, 90 տոկոսը մեր օգտին է քվեարկել։ Թողեցին, հեռացան»,- տեղեկացրեց Մերգել Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, որը ստացավ երեք ձայն, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը ստացավ 6 ձայն և որի թեկնածուն՝ Ջեմմա Հարությունյանն, ընտրվեց համայնքապետ։
ՔՊ-ն, որը 16 ձայնով առաջ էր անցել «Արփի Ամասիա» դաշինքից, ինքնաբացարկ էր հայտնել, հրաժարվել վեց մանդատներից՝ պահանջելով նոր ընտրություններ։
Ըստ նրանց, Ամասիայի համայնքապետի պաշտոնը պիտի զբաղեցներ ՔՊ-ն։ Նրանք բողոքարկել են ընտրությունների արդյունքները՝ դիմելով Վերաքննիչ դատարան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































