Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոմատոլոգիա. Հայացք ներսից

Փետրվար 10,2022 14:30

«Առավոտի» զրուցակիցն է Հայ Ստոմատոլոգների Միության նախագահ, «Վան Մեդ» կլինիկայի տնօրեն, բժիշկ-ստոմատոլոգ Գագիկ Քալանթարյանը (գլխավոր լուսանկարում` աջից):

-Պարո՛ն Քալանթարյան, երեկ Ստոմատոլոգների միջազգային օրն էր, ինչի առիթով շնորհավորում եմ Ձեզ: Տոնն ամեն տարի համախմբում է նաեւ մեր երկրի մասնագիտական միավորումներին, ոլորտի մասնագետներին: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս բացատրել, որ մեր երկրում այդքան շատ են ստոմատոլոգիական ասոցիացիաները եւ միավորումները:

-Գուցե թղթի վրա՝ այո, շատ են: Դաշտում առանձնանում են ակտիվությամբ Հայ Ստոմատոլոգների Միությունն (ՀՍՄ), ու Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիան (ՀՍԱ), որոնք ունեն կոնկրետ գաղափարախոսություն: Մնացած ՀԿ-ները նեղ մասնագիտական են եւ իրենց հետաքրքրությունների եւ գործունեության շրջանակը սահմանափակ է նեղ պրոֆեսիոնալ հարցերի քննարկմամբ: Օրինակ՝ Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիան սահմանափակվում է այդ ենթաոլորտի խնդիրներով: Օրթոդոնտիայի կամ իմպլանտոլոգիայի ասոցիացիաները՝ իրենց: Հենց անվանումն է խոսում գործունեության մասին եւ, իմիջիայլոց, անդամների մեծ մասը ներգրավված են, թե՛ Հայ Ստոմատոլոգների Միությունում, թե՛ Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայում: Կան նաեւ գրանցված, բայց վաղուց չգործող:

-Ձեր կարծիքով Ճիշտ չէ՞ր լինի նախաձեռնել ՀԿ-ների միավորման գործընթաց եւ հանդես գալ մեկ կազմակերպության ներքո: Գուցե այդ դեպքում ավելի արդյունավետ դառնա հասարակական գործունեությունը:

-Այս գաղափարը պարբերաբար հնչում է ստոմատոլոգների շրջանում, սակայն խոսակցություններից եւ բարի ցանկություններից առաջ չի գնում: Մենք դրական ենք նայում այս հարցին, բայց դա հնարավոր է, երբ համընկնում են միավորվող ՀԿ-ների գաղափարախոսությունները, ներկա վիճակի գնահատումը եւ մասնագիտության զարգացման տեսլականները:

Մենք կողմ ենք, որ ՀԿ-ների գործունեությունը ոչ մի ձեւով չսահմանափակվի: Եվ դեմ ենք ՀՍԱ-ի կողմից պարբերաբար հնչող կոչերին՝ տալ իրենց ազգային ասոցիացիայի կարգավիճակ՝ հատուկ լիազորություններով եւ արտոնություններով: Իմ կարծիքով, բոլորիս գործունեությունն է ազգային, ի նպաստ ստոմատոլոգիայի եւ բնակչության առողջության, իսկ գեղեցիկ բառի տակ թաքնված է մասնագիտական դաշտը մոնոպոլիզացնելու եւ առողջ մրցակցությանը խոչընդոտելու միտումը: Առավել եւս, երբ առաջարկվում է մեկ հասարակական միավորմանը վերապահել պետական գործառույթներ, արտոնություններ եւ վերահսկողական լիազորություններ: Այդ առաջարկը հիմնավորվում եւ շահարկվում է նաեւ Համաշխարհային ստոմատոլոգիական ֆեդերացիայում (FDI ) մեր հանրապետությունից միակ ներկայացված լինելու հանգամանքով: Հայտարարվում է, որ ամեն երկրից FDI–ի անդամ կարող է լինել մի ասոցիացիա, որը հեռու է իրականությունից: FDI-ում գործում են 190 ասոցիացիաներ՝ 130 երկրներից եւ ակնհայտ է, որ կան երկրներ, որ ներկայացված են մի քանի ասոցիացիայով: Այդ կառույցի դռները ոչ մեկի առաջ փակ չեն եւ նույնիսկ նախատեսված է անդամակցություն՝ տարբեր կարգավիճակներով:

Քաջատեղյակ լինելով այդ կառույցի հետ համագործակցությանը, քանի որ եղել եմ անդամակցության գործընթացի ակունքներում, կարող եմ ասել, որ 25 տարվա ընթացքում որեւէ նշանակալի ծրագիր կամ աջակցություն Հայաստանի ստոմատոլոգիական ոլորտի համար չեմ կարող մտաբերել: Իմիջիայլոց, գործող ՀԿ-ները նույնպես ունեն արտասահմանյան գործընկերներ, բազմաթիվ կապեր եւ շատերն ընդգրկված են միջազգային միավորումներում: Ցանկանում եմ նաեւ Ձեզ հարցնել. Ձեր կարծիքով, այս մոտեցումները համատեղելի՞ են մեկ հարթակում գործելու համար: Մենք ինչպես կարող ենք միավորվել մի ասոցիացիայի հետ, որը լինելով հասարակական միավորում, ցանկանում է ունենալ մենաշնորհ եւ միայնակ օժտված լինել պետական լծակներով:

-Ի՞նչ կարծիք ունեք մասնավոր կրթության վերաբերյալ: Մեր երկրում մասնագետների քանակը որեւէ ձեւով կարգավորվո՞ւմ է:

– ՀՀ կրթությունն ազատականացված է եւ կարգավորվում է համապատասխան օրենքներով: Բացի ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետից, արդեն երկար տարիներ գործում են նույնանման ֆակուլտետներ մասնավոր ԲՈՒՀ-երում:

Մենք կողմ ենք կրթության բազմազանությանը եւ հայտարարում ենք, որ այդ ոլորտում չպետք է լինի պետական մենաշնորհ: Իսկ մեր ընդդիմախոսները փաստացի դեմ են մասնավոր կրթությանը՝ առաջարկելով լուրջ սահմանափակումներ: Մեր կարծիքով, կրթության ոլորտը պետք է գտնվի պետության լուրջ վերահսկողության տակ եւ ԲՈՒՀ-երը, անկախ իրենց սեփականության ձեւից, պարտավոր են ապահովել որակյալ կրթություն:

Մեկ այլ խնդիր է ուսանողների թվաքանակի քվոտավորումը, որոնք մասնագետ դառնալով համալրում են ստոմատոլոգների՝ առանց այլ էլ մեծաքանակ բանակի շարքերը: Որոշ երկրներում գործում են նորմատիվներ, որոնք դիտակում են 10000 բնակչությանը անհրաժեշտ մասնագետների քանակը: Մենք չունենք նման նորմատիվային կարգավորումներ, բայց տեսանելի է, որ դաշտը գերհագեցած է: Այս հարցում չկա պատրաստի դեղատոմս, բայց պետք է փնտրել լուծումներ եւ մեր մոտեցումները շեշտակի տարբերվում են: Ոչ թե պետք է փակել մասնավոր բուհերը, այլ քվոտավորել աբիտուրենտների քանակը, այդ թվում մայր բուհում: Բուհական կրթությունը ստանալուց հետո, անհրաժեշտ է եւս մի շատ կարեւոր ատեստավորման փուլ, առանց որի չի թույլատրվի մասնագիտական գործունեությունը: Դա պետք է իրականացնի մի այլ անկախ լիազորված մարմին, որը կվերահսկի ԲՈՒՀ-ում ստացած թեորետիկ եւ ամենակարեւորը՝ մանուալ գիտելիքների մակարդակը: Գործող մասնագետները նույնպես պետք է անցնեն այդ համակարգով: Այս դեպքում անհրաժեշտ է մշակել չափորոշիչներ, հաշվի առնելով մասնագիտական փորձը եւ ստաժը, մասնագետի տարիքային խումբը եւ գուցե այլ գործոններ:
Մենք շատ ենք կարեւորում, որ ստոմատոլոգները եւ գործող կլինիկաներն աստիճանաբար միանան երկրում գործող Armed էլեկտրոնային գրանցման համակարգին: Այն կարեւոր հարթակ է վերահսկման եւ ազգաբնակչության ստոմատոլոգիական առողջության որակի բարելավման համար:

Կարեւորը, որ պետք է սկսել եւ առաջ գնալ:

-Ստոմատոլոգիական կրթության համակարգը համահո՞ւնչ է ժամանակակից միջազգային չափանիշներին:

-Ստոմատոլոգի մասնագիտությանը բնորոշ է մի առանձնահատկություն, որն անչափ կարեւոր եւ անհրաժեշտ պայման է: Դա ձեռքի հմտության ունակությունն է, որից շատ դեպքում կախված է բժշկի՝ որպես մասնագետ կայանալը: Հաճախ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ուսման ընթացքում հայտնաբերում են, որ չունեն կամ թույլ զարգացած են այդ ունակությունները եւ հրաժարվում են շարունակել ուսումը դեռ ցածր կուրսերում: Այսինքն՝ մենք ի սկզբանե կարեւորում ենք ոչ թե միայն թեորետիկ գիտելիքները, այլ նաեւ մանուալ: Իսկ թե ինչպես դա իրականացնել, ունենք կոնկրետ առաջարկներ գործընթացը կազմակերպելու համար եւ անչափ կարեւորում ենք, որպեսզի ուսանողներն արդեն ցածր կուրսերում աշխատեն պացիենտի հետ:

Այսօր ստոմատոլոգիական կրթության կազմակերպիչները ներկա վիճակը բացատրում են օրենսդրական խոչընդոտներով, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Մենք առաջարկում ենք մեր գործընկերներին մշակել եւ նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք միտված կլինեն բարելավել ստոմատոլոգիական կրթության համակարգը: Զարգացած երկրներում ընդունված է, որ ապագա մասնագետը արդեն ավագ կուրսերում սկսում է աշխատել պացիենտների հետ, հմուտ մասնագետների հսկողության ներքո՝ կատարելով թերապեւտիկ, պրոթեզավորման, վիրաբուժական մանիպուլյացիաներ եւ գործողություններ, իսկ արդյունքները ֆիքսվում են գնահատման համակարգով: Այնտեղ, երիտասարդ մասնագետն ավարտելով ԲՈՒՀ-ը, պատրաստ է եւ կարողանում է իրականացնել ընդհանուր ստոմատոլոգի գործառույթները: Դիպլոմը հավաստելով բուհի ավարտը, հանդիսանում է նաեւ ընդհանուր ստոմատոլոգի մասնագիտությամբ աշխատելու թույլտվություն: Շարունակել կրթությունը, թե սկսել աշխատանքային գործունեություն, ինքն է որոշում: Իսկ մեզ մոտ այդ հնարավորությունը բացակայում է, օրդինատուրայում ուսանելը պարտադիր պահանջ է ստոմատոլոգ աշխատելու համար:

Մենք չենք կիսում այդ մոտեցումը եւ կարծում ենք, որ օրդինատուրայում սովորողների քանակը պետք է լինի սահմանափակ եւ պետք է լինի նախապայման՝ ավարտել ԲՈՒՀ-ը պարտադիր բարձր ուսման ցուցանիշներով եւ ունենալ ընդհանուր բժիշկ-ստոմատոլոգի առնվազն մի քանի տարվա մասնագիտական փորձ: Օրդինատուրան խորը մասնագիտական կրթություն է եւ չի կարող լինել մասսայական՝ իսկ այսօր մենք ունենք հարյուրավոր օրդինատորներ: Մյուս կողմից համալսարանական բազաների քանակը եւ հնարավորությունները չեն բավարարում ոչ միայն կլինիկական փորձ ձեռք բերելու, այլ թեկուզ լիարժեք պատկերացնելու բուժական պրոցեսը: Ուսանողը եւ օրդինատորը եզակի բացառությամբ չեն կարողանում անձամբ մասնակցել բուժման պրոցեսին եւ բնական է, լիարժեք չեն տիրապետում մանուալ հմտություններին: Իմիջիայլոց, մեր կրթական համակարգում մագիստրատուրայի եւ օրդինատուրայի մասնագիտական ծրագրերն իրարից այդքան էլ չեն տարբերվում եւ շատ դեպքերում դասավանդվում է նույն դասախոսական կազմով:

Ըստ ձեզ, եթե ուսանողը, ապագա մասնագետը չի տեսել պացիենտ, ատամ չի բուժել, չի կատարել ստոմատոլոգիական մանիպուլյացիաներ, ինչպե՞ս պետք է բուժի հիվանդին: Այդպիսով կորցվում է տարիներ, իբր թե այդ ժամանակահատվածում պետք է լիարժեք մասնագետ դառնա: Ոչ այդքան արդյունավետ երկարում են սովորելու տարիները, երբ այդ ամենը կարելի էր ուսանել բակալավրիատի եւ մագիստրատուրայի տարիներին: Ցավոք, մեր ընդդիմախոսները չեն կիսում մեր պատկերացումները եւ մոտեցումները:

-Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր ոլորտում գնային քաղաքականությանը:

-Յուրաքանչյուր ստոմատոլոգիական կլինիկա կամ առանձին մասնագետ ազատ է մատուցված ծառայությունների գները որոշելու հարցում: Գնային քաղաքականությունը բազմաշերտ է եւ շատ ժամանակ պետք է իրապես արտացոլի մասնագետի գիտելիքը, փորձը, կրթությունը եւ տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը: Այդ դեպքում դա ընկալվում է արդարացի, թե՛ բժշկի, թե պացիենտի կողմից: Հաճախ մենք հանդիպում ենք այդպես կոչված «գնային դեմպինգի»: Դա նույնպես մոտեցում է, կիրառվում է որպես մարկետինգային քայլ: Բայց այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ եւ ծառայությունների գները պետք է լինեն իրատեսական՝ չվնասելով ոլորտում աշխատող գործընկերների գործունեությանը: Մենք դեմ չենք, եթե մասնագետը որոշում է աշխատել ցածր գներով, ավելի մեծաքանակ մարդիկ կբարելավեն իրենց առողջությունը: Բայց դա ընդունելի չէ, երբ կատարվում է որակի հաշվին, որի վերահսկողությունը անչափ կարեւոր եւ պետական խնդիր է: Ոչ որակյալ ցուցաբերած ծառայությունների համար բժիշկը կամ կլինիկան պետք է խիստ պատասխանատվություն կրեն: Ցավոք նման գործընթաց այսօր չկա:

Գոյություն ունի այդ երեւույթի մի այլ դրսեւորում, երբ դա իրականացվում է կրթությունը չավարտած եւ շատ դեպքում աշխատանքի իրավունք չունեցող անձերի կողմից, որոնք գործում են այդպես կոչված ստվերում՝ խուսափելով նաեւ հարկային պարտավորություններից: Զիջելով գիտելիքով եւ հմտություններով դաշտում գործող մասնագետներին եւ բնական է՝ չդիմանալով մրցակցությանը՝ կիրառում են ցածր գներ շնորհիվ ոչ լիարժեք որակի, բուժման որոշ փուլերի կրճատման եւ շատ դեպքերում անտեսմանը: Նշված բոլոր գործոնները, իհարկե, բերում են ինքնաարժեքի նվազեցմանը եւ հնարավորություն են տալիս սպասարկել պացիենտներին ցածր գներով: Մենք դեմ ենք այս երեւույթներին:

-Ինչո՞վ է առանձնանում ձեր գործունեությունը այլ ՀԿ-ներից:

-Թափանցիկ աշխատաոճով, երկու տարին մեկ հաշվետու ընտրական կոնֆերանս կազմակերպելով, արդյունքում՝ նոր նախագահի եւ վարչության ընտրություն: Ես՝ ինքս ընտրվել եմ ՀՍՄ-ի նախագահ անցյալ տարվա գարնանը եւ թվով արդեն երրորդն եմ: Ինձնից հետո, համոզված եմ, կընտրվի ավելի երիտասարդ եւ փորձառու անձնավորություն, որը կբերի նոր մոտեցումներ, առաջնորդվելով մեր հիմնարար գաղափարներով՝ որակյալ կրթություն, բարենպաստ օրենսդրական դաշտ, մասնագետների սոցիալական պաշտպանվածություն եւ պացիենտների որակյալ սպասարկում: Ունենք կայքէջ, որտեղ արտացոլվում է մեր գործունեությունը, հրատարակվում է ամսագիր: Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք կոնֆերանսներ, անպայման մեկը Երեւանից դուրս՝ մարզերում: Համավարակը վնասել է ինչպես բոլորի, այդպես էլ մեր գործունեությանը: Բայց հուսով եմ, որ շուտով կվերադառնանք, մեր նախկին գործելաոճին:

Ի տարբերություն ՀՍՄ-ի, մասնագիտական ՀԿ-ում, եզակի բացառությամբ երկար տարիներ չեն փոխվում նախագահները: ՀԿ նախագահը մենաշնորհ է դարձնում իր պաշտոնը, փոխում կանոնադրությունը եւ հարմարեցնում իր անձին, կառչում է աթոռից՝ զրկելով բազմաթիվ հասարակական գործունեությամբ հետաքրքրվող գործընկերների իրենց ներդրումն ունենալ ստոմատոլոգիայի զարգացմանը:

Ամփոփելով մեր զրույցը ցավ եմ հայտնում, որ այս պարզ ճշմարտությունները չեն ընկալում նույնիսկ համալսարանական կրթությամբ զբաղվող դասախոսները: Վերջնական նպատակը պետք է լինի նա, որ ապագա բժիշկը ավարտելով ԲՈՒՀ-ը լիարժեք պատրաստ լինի իրականացնել ընդհանուր ստոմատոլոգի մասնագիտության բնորոշ գործառույթները: Իսկ հետագայում շարունակաբար կրթվելով եւ հավաքելով մասնագիտական անհրաժեշտ փորձ, համալրի իր պրոֆեսիոնալ գործընկերների շարքերը: Այլ ոչ թե բուհը ավարտելուց հետո փորձի ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ, որը պետք է ստանար ուսանելու ժամանակ՝ կորցնելով ժամանակ, միջոցներ եւ շատ դեպքերում՝ ոչ լավ արդյունավետությամբ եւ հետեւանքներով:

Հարցազրույցը՝
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Գլխավոր լուսանկարում՝ Պարույր Դադուրյանը, Թորգոմ Դաշտոյանը, Գագիկ Քալանթարյանը՝ (աջից):

«Առավոտ» օրաթերթ
10.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28