Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբ այլեւս չկա. Արման Բաբաջանյան

Փետրվար 24,2022 15:44

«Իրավիճակը արտառոց է եւ աննախադեպ, իսկ դա նշանակում է, որ մի քանի անգամ ավելի զգուշավոր պետք է լինել՝ այս իրավիճակում քայլեր իրականացնելիս»,- Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ. ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց փորձագետ Էդգար Վարդանյանը՝ համաձայնելով Սոսի Թաթիկյանի այն դիտարկմանը, որ ամենաօպտիմալ տարբերակը պաշտոնական Երեւանի համար, հնարավորինս քիչ խոսելն է:

Միաժամանակ, նրա գնահատմամբ, հստակ պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այն առումով, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ կողմ չէ, թեեւ քաղաքակրթական առումով, ինչպես բազմիցս նշել են ՀՀ իշխանությունները, արեւմտյան քաղաքակրթության մաս է կազմում եւ կիսում է քաղաքակիրթ աշխարհի արժեքները՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլն. «Հայաստանի դիրքորոշումն առնվազն չպետք է հակասի ՄԱԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշումներին»:

Նման իրավիճակում, ըստ բանախոսի, ակնհայտ է դառնում, որ մեծ դեր ունի տեղեկատվական անվտանգությունը եւ սա առիթ է, որ Հայաստանում՝ իշխանություն, փորձագետներ, կառուցողական ընդդիմությունը եւ հանրային այլ շերտեր, խնդրին ուշադրություն դարձնեն, քանի որ առաջիկայում սրվելու է ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի հակամարտությունը:

Քննարկման մասնակիցները կարեւորեցին նաեւ Հայաստանի կողմից այլընտրանքային ճանապարհներ գտնելը, տնտեսական ուղիների դիվերսիֆիկացումը, քանի որ Կիեւի միջոցով բավական շատ են դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումներն, իսկ Ուկրաինան արդեն փակել է իր օդային ճանապարհներն, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներս արդեն բեռնափոխադրումների խնդիրներ են լինելու: Դրա հնարավորություններից մեկն էլ դիտարկվում է այսօր Վիեննայում տեղի ունենալիք ՀՀ եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը:

Բանախոսները չափազանց վտանգավոր են համարում նաեւ ՀԱՊԿ կազմում Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելը, քանի որ չի բացառվում՝ հարված լինի նաեւ Ղրիմին, ինչի դեպքում միանգամայն հիմնավորված կլինի ՌԴ-ի համանման պահանջը ՀԱՊԿ-ին:

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմամբ էլ՝ չափազանց էական է այս պահին քաղաքական միակամությունը եւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը միակ ընդունելին դարձնելը, որը նաեւ միջազգային հանրության համար ուղերձ կլինի, որ ներքին սպառնալիքների հարցում հայաստանյան քաղաքական ուժերը միասնական են՝ անկախ նրանից, որ վերջին շրջանում, արտաքին կողմնորոշումների համատեքստում, տարաձայնությունները ավելի էին սրվել: Եթե այսօր Վիեննայում հաջողվեն ՀՀ-ի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման արդյունքները, ըստ նրա, Ադրբեջանից ու Թուրքիայից սպառնալիքներն էականորեն կարող են նվազել:

«Արցախի մասով, կարծում եմ, այլեւս խոսել Մինսկի խմբի կենսունակության մասին, ավելորդ է: Չկա այլեւս այդպիսի խումբ : Մենք պետք է հասկանանք, թե Արեւմուտքի եւ ՌԴ-ի դիմակայության այս պայմաններում ի՞նչ նոր հարթակներ կարող են առաջ գալ՝ միջնաժամկետ հեռանկարում, որովհետեւ մոտ ապագայում դրանք չեն կարող լինել, որտեղ Արեւմուտքը, ՌԴ-ն եւ միգուցե տարածաշրջանի այլ մասնակիցներ, իրենց մասնակցությամբ, կարողանան տեւական խաղաղություն եւ լուծում բերել արցախյան հիմնախնդիրն եւ Հայաստանի առջեւ կանգնած անվտանգային հիմնահարցերին»,- ասաց նա՝ կարեւորելով Ղազախստանում այսօր կայանալիք գագաթնաժողովը եւ Հայաստանի դիրքորոշումը, քանի որ չկա Հայաստանի վերջնականացված դիրքավորում, ինչը ամենամտահոգիչն է:

Նա համամիտ է մյուս բանախոսների հետ, Հայաստանի համար կարեւոր է չեզոքության պահպանումը, քանի որ պատերազմը կարող է ընդգրկել նորանոր տարածքներ: Մասնավորաբար, Չինաստանի ուղղությամբ՝ Թայվանի մասով, արդեն իսկ կան զարգացումներ: Նրա գնահատմամբ, մենք պետք է կարողանանք այնպիսի դիրքավորման մղել Բաքվին եւ Անկարային, որ աշխարհաքաղաքական այս նոր հանգրվանից օգտվելու քայլեր չձեռնարկեն: Այս համատեքստում, նա կարեւորում է նաեւ այսօր Մոսկվայում կայանալիք Պապիկյան-Շոյգու հանդիպման արդյունքները:

Դանիել Իոաննիսյանն էլ խոսեց տնտեսական ռիսկերի մասին, մասնավորաբար, ռուբլու անկման, ինչը հանգեցնելու է ՀՀ-ից ՌԴ եւ ԵԱՏՄ արտահանվող ապրանքների սպառման հետ կապված խնդիրների, նաեւ ՌԴ-ում գտնվող հայ աշխատանքային միգրանտների եկամուտների, տրանսֆերտների նվազման հետ կապված խնդիրներ են լինելու: ՀՀ-ի անվտանգային խնդիրների համատեքստում էլ նա նկատեց, որ նման իրավիճակներում տուժում են այն երկրները, որոնք թույլ են, իսկ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն իր թշնամիների համեմատ, որոնք նկրտումներ ունեն Սյունիքի մարզի նկատմամբ, թույլ է: Իսկ ադրբեջանական կողմից վերջին օրերին ապատեղեկատվական սադրանքները մտահոգիչ են, մանավանդ, որ իր գնահատմամբ ՀՀ-ի «դաշնակիցը», որը պետք է ապահովի ՀՀ-ի անվտանգությունն, այդ թվում նաեւ Սյունիքի մարզում, լավ պատճառ ունի՝ դա չանելու:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28