Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն բացառիկ համերգներով հանդես եկավ Երևանում: Տրիոյի համերգները ներկայացրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիան եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած համերգը բավականին ջերմ անցավ: Ունկնդիրը բաց չէր թողնում ֆրանսիացի ջազային երաժիշտներին, որոնք բարձր տրամադրությունը, որակյալ ջազը ու հումորը հրաշալի մեկտեղել էին մեկ համերգում:
Կարդացեք նաև
Ու թեեւ այս համերգից անմիջապես հետո պիտի հանդես գային նաեւ «Մեցցո» ակումբում, սակայն չէին կարող անպատասխան թողնել ունկնդրի` եւս մեկ կատարում լսելու ցանկությունը: Համերգին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Ինչ վերաբերվում է ծագումով հայ Ռեմի Փանոսյանին, նա ասաց, որ շատ հուզված է Հայաստան այցելելու եւ այստեղ համերգ ունենալու համար: Ռեմի Փանոսյանը նույնիսկ մի քանի հայերեն բառ արտաբերեց, որ երեխա ժամանակ լսել էր պապիկից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































