Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում մոլեգնում է ռուսական սպառնալիքը

Մարտ 03,2022 09:30

«Ո՞վ կարող է վստահ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումն ու Արդահանը չեն…», անհանգստացած են թուրք ընդդիմադիրները

Այն, որ Արեւմուտքը ռուս-ուկրաինական պատերազմում միանշանակ սատարելու է Ուկրաինային եւ դրա հետեւանքով ընդդեմ Ռուսաստանի աննախադեպ պատժամիջոցներ են այսօր կիրառվում, թերեւս, սպասելի էր: «Ռուսաստանի բարեկամ», «Պուտինի ընկեր» Թուրքիայի նախագահի քայլերն այս օրերին եւս՝ անսպասելի չեն: Թե՛ Ղրիմի հարցնում, թե՛ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Էրդողանը մի քանի առիթներով հստակ ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օրերս Ուկրաինային եւ Ռուսաստանին կոչ է արել ներդրում ունենալ ողջ աշխարհում խաղաղության հաստատման գործում ու դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա պատեհ առիթը բաց չի թողել եւ անդրադարձել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտին, հիշեցնելով նաեւ Թուրքիայի մղումները: Էրդողանը դրական է համարել այն, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Ուկրաինայի՝ միությանն անդամակցելու հեռանկարը։ Միաժամանակ, նա կոչ է արել ԵՄ-ին նույնպիսի զգայունություն ցուցաբերել դաշինքին Թուրքիայի անդամակցության հայտին՝ անդամ պետություններին քննադատելով անկեղծ չլինելու համար: «Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար սպասում է 1960-ականներից, եւ այժմ քննարկումներ են սկսվել Ուկրաինային ԵՄ անդամ դարձնելու շուրջ։ Մենք դրական ենք գնահատում Ուկրաինայի՝ միությանը միանալու ջանքերը։ Բայց ինչո՞ւ Թուրքիան անդամ չէ։ Ինչո՞ւ դեռ կասկածներ ունեք մեր վերաբերյալ, թե՞ մեզ վրա հարձակում պետք է լինի, որպեսզի այդ հարցը (ԵՄ-ին անդամակցությունը) հայտնվի ձեր օրակարգում»,- ասել է նա։ Էրդողանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ ԵՄ-ն հապաղել եւ ձգձգել է հանրապետության անդամակցության գործընթացը, արեւմտյան գործընկերներին մեղադրել է՝ «ոչ անկեղծ լինելու» ու «միայն խոսելու» սովորություն ունենալու մեջ:

Ռուս-ուկրաինական պատերազմի թոհուբոհը, կարելի է ասել, որոշակի ցնցումներ է առաջացրել Թուրքիայում: Մարտի 1-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիան 3 ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնեց. «Թուրքիան պահանջել է Ռուսաստանից չեղարկել Սեւծովյան նավատորմի մեջ չմտնող նավերի՝ նեղուցներով անցնելու հարցումը» եւ վստահեցրել է, որ ռուսական կողմը համաձայնել է այդ պահանջին։

Թուրքիայում այսօր առկա տրամադրությունները, եթե հիմք ընդունենք, ապա կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում դիտարկվում են որպես խիստ վտանգավոր թուրքական շահի տեսանկյունից: Ռուս-ուկրաինական լարումն իր գագաթնակետին դեռ չէր հասել, փետրվարի 21-ին արդեն թուրքական մամուլում Մոսկվայի «հեռահար նպատակներն» էին քննարկում: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ էին հայտնել, թե մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները: «Նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878թթ. Օսմանյան կայսրություն-Ռուսաստան պատերազմի հետեւանքով էին հիշյալ շրջանները փոխանցվել ռուսական կայսրությանը», ըստ Ermenihaber.am-ի՝ նշել էր թուրքական պարբերականը: «Haberler»-ը հիշեցրել էր նաեւ, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով՝ «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Պարբերականում նման գրառումներ էին ի հայտ եկել. «Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու», «Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող Կարսի ու Արդահանի, ինչպես նաեւ նեղուցների մասին ասել այն, ինչ այսօր ասում է Ուկրաինայի մասին», «Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի», «Դոնբասը ռուսական հող է, բոլշեւիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել», «Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք, եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:

Թուրքական պարբերականներում վերոնշյալ մեկնաբանություններից օրեր անց, երբ արդեն ռուս-ուկրաինական պատերազմը թեժացել էր, Թուրքիայի ընդդիմադիր IYIP կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կուսակցական հավաքի ընթացքում բուռն ծափահարությունների ներքո հայտարարեց. «Ո՞վ կարող է վստահ ասել, որ Թուրքիան ապահով է Ռուսաստանի ներկայիս վիճակում։ Ո՞վ կարող է վստահ ասել, որ Պուտինի գլխում Կարսը, Էրզրումն ու Արդահանը չեն… Այսօր մեր տարածաշրջանի բոլոր անկախ պետությունները նման հարցեր են հնչեցնում իրենց երկրներում։ Տարածաշրջանում կա միայն մեկ երկիր, որը չի գիտակցում, որ իր անվտանգությունը վտանգի տակ է եւ գոհ է Ռուսաստանի ներկայիս վիճակից, եւ դա, ցավոք, Թուրքիան է»։ Ըստ թուրք ընդդիմադիրի՝ «Պուտինը հատել է սահմանագիծը, չեզոք մնալու ժամանակը չէ, ժամանակն է հստակ դիրքորոշման, ժամանակն է պատժամիջոցների կիրառման»:

Պաշտոնապես, Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի, սակայն գործնականում ընդդեմ Կրեմլի քաղաքականության կիրառվում են յուրօրինակ թուրքական «պատժամիջոցներ»: Ուկրաինան նոր «Բայրաքթարներ» է ստացել, որոնք արդեն մարտական հերթապահության են անցել, օրերս հայտնեց Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Ավելանում է օգնության ծավալը։ Ավելանում է երկրների թիվը, որոնք մեզ օգնություն են ցուցաբերում։ Ուկրաինա են ժամանել նոր «Բայրաքթարներ», որոնք արդեն մարտական հերթապահության են անցել։ Կլինեն նաեւ «Սթինգերներ» եւ «Ջավելիններ»»,- գրել էր նա։
Նկատենք, որ մարտի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց էր ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ եւ կոչ արել Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատել` մարդասիրական նկատառումներից ելնելով։ Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Շոյգուի հետ զրույցում Աքարը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության եւ մարդասիրական օգնության առաքման համար։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 03.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031