Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք տակից ձուն չկարգավորենք, կսկսեն շատ հավեր ուտել ու ձու չենք ունենա»

Մարտ 03,2022 13:18

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ձվի շուկայում առաջացած խնդրին։ «Լրատվամիջոցներում կարդում եմ, որ էլի նույն պատմությունն է կրկնվում, հակառակ ձեւով, ձվի գնի կտրուկ, անտրամաբանական գնանկում ունենք։ Սա անհանգստացնում է, որովհետեւ Սուրբ Զատկի շրջանում տիեզերական չափի են հասնում ձվի գները, եւ ես գիտեմ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոնիտորինգի տակ է պահում իրավիճակը»,-ասաց վարչապետը։ Նա դիմելով հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին, ասաց՝ մրցակցության չարաշահման դեպքեր չեք արձանագրել, ինչպե՞ս ենք կառավարելու վիճակը, որ էլի Զատկի տոներին եւ հետագայում նույն խնդիրը չառաջանա, ինչ եղել է նախկինում։

Գեղամ Գեւորգյանի պարզաբանմամբ՝ այս տարվա դեպքն առանձնահատուկ է, որովհետեւ գնիջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից եւ շուկայում նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը․«Շղթայաձեւ ռեակցիա է տվել, այսինքն, այդ տնտեսվարողը գործել է մեկ սուպերմարկետում, սուպերմարկետում գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղերում սկսել է գինն իջնել։ Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անի»։

Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանում մի կողմից լավ իրավիճակ է, ձվի պաշարները, ինքնաբավությունը բարձր է․ «Ունենք պրոֆիցիտ, այդ պոտենցիալի պատճառով է, որ հաճախ սպառումը տեղի չի ունենում եւ սկսում են տնտեսվարողները իջեցնել գները։ Հիմա մենք էկոնոմիկայի նախարարության եւ թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դեպի դրական տեղ ուղղելու, այսինքն՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ աշխարհում հավի մսի շուկան ավելանում է, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ աշխարհում դեֆիցիտն ավելի է մեծանում․«Աշխարհագրությունը մեր երկրում փոխվել է եւ ներմուծման հիմնական ծավալը գալիս էր Ուկրաինայից, հիմա հասկանալի պատճառներով կփոխվի ԱՄՆ եւ Բրազիլիա։ Վերջերս կառավարությունը որոշում էր կայացրել քվոտավորել արտադրողներին եւ ներմուծողներին, շատ կարեւոր հանգամանք է, աննախադեպ է։ Կարծում եմ՝ այս ծրագիրը պետք է հասկանալի լինի տնտեսվարողների համար, որ հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր չկա։ ՀՀ-ն ինքնաբավության մակարդակով 30-33% է եւ այս ծրագրերի ամբողջ ծավալի իրագործման դեպքում էլ ունենք սպառման տեղ։ Նույնը կաթնամթերքի առումով է»։

Նիկոլ Փաշինյանն էլ մի դիտարկում արեց՝ ընդհանուր գնաճի պայմաններում եթե կա կալորիական եւ առողջարար սննդամթերք հավի ձվի տեսքով, որի գինն անկում է ապրում, մարդիկ իրենց սննդակարգում չե՞ն սկսում ավելի շատ ձու սպառել, որովհետեւ էժան է։ Սննդակարգում ձվի՝ շատ կամ քիչ օգտագործելու մասին Գեւորգյանը ոչինչ չասաց, բայց նշեց․ «Մեր այն ծրագրերը, որոնք խթանել ենք, մի քիչ շատ ենք խթանել, էական շատ է արտադրությունը, քան սպառումը»։

Նույն հարցը Փաշինյանը մի քիչ այլ ձեւակերպմամբ հնչեցրեց։ Գեւորգյանը պատասխանեց․ «Ձեր ասածը կլինի հավի մսի սպառման պարագայում, քանի որ տավարի, խոզի ոչխարի մսի օգտագործումը նվազում է, քանի որ թանկ է, իսկ հավի մսինը կավելանա, որովհետեւ նաեւ ավելի շատ սպիտակուց է պարունակում, ավելի էժան է։ Ձվի ավելի շատ օգտագործում էլ կլինի, բայց մեր արտադրությունն ավելի շատ է»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց․ «Եթե մենք տակից ձուն չկարգավորենք, կսկսեն շատ հավեր ուտել ու ձու չենք ունենա»։

«Եղավ հավի եւ ձվի պատմությունը»,-կատակեց Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031