Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ, որ այդտեղ 100-ից ավելի չեմ կարող գնալ, ընդդիմությունը գազը սեղմում է 140, թե բա՝ ժողովուրդ, այսինչ վարորդը ավտոն գցեց ձորը». Վիգեն Խաչատրյան

Մարտ 04,2022 21:01

«Պատկերացրեք, մեր պետությունը մի հատ մեքենա է եւ իշխանությունը այն մարդն է, որը վարում է այդ մեքենան: Մեր որոշ ընդդիմադիրներ հետեւյալ կեցվածքն ունեն՝ тормуз՝ արգելակ: Այս մեքենան ինձ են վստահել վարել, ասում են՝ տոռմուզին ձեռք չտաս, գազը ես եմ սեղմում, քո գործը չի: Ես գիտեմ, որ այդտեղ 100-ից ավելի չեմ կարող գնալ, սեղմում է 140, թե բա՝ ժողովուրդ, այսինչ վարորդը ավտոն գցեց ձորը: Բա լավ, մեր նպատակը դա՞ է: Ես պիտի պատասխան տամ, ինչ արագություն եմ հավաքել, ինչ պիտի անեմ: Մեր մոտ որոշ ընդդիմադիրների նպատակն է ոչ թե այն, որ այդ մեքենան տեղ հասնի, այլ՝ ապացուցի, որ տեսա՞ք, ձորն ընկավ: Դրանից ո՞վ է տուժում, բացի մեր ժողովուրդն ու մեր պետությունը: Եթե ընդդիմության նախագիծը նրա համար է, որ գազը սարքի 140, մեքենան ձորն ընկնի, ասում ենք՝ եղբայր, էս ի՞նչ եք անում, հո հալվա ասելով բերանդ չի՞ քաղցրանում, ռեալ չի դա»,- այսպես ընդդիմության վարքագիծը Aravot.am-ի հետ զրույցում նկարագրում էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Իսկ թե ինչպես էր ընդդիմությունը ոտքը «գազին դնում» ու 140 բացում, օրինակներից մեկը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր, որն առաջին ընթերցմամբ քննարկվեց այսօր: Նա առաջարկում է սահմանել, որ եթե պայմանագրային զինծառայողը կադաստրից տեղեկանք է ներկայացնում այն մասին, որ ինքը, իր ընտանիքի անդամը չունեն սեփականություն, սա արդեն հիմք է, որ ՊՆ-ն բնակարանի վարձավճարի փոխհատուցումը տա՝ որեւէ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ վարձակալության մասին վկայական չպահանջելով։ Հայկական իրականությունում բնակարանը վարձով տվողները հարկ չտալու համար պայմանագիր չեն կնքում ու զինծառայողը խնդրի առաջ է կանգնում, կեղծիքի համար քրգործերի մեջ ներքաշվում: ՔՊ-ականները ընդունում են, որ խնդիր իսկապես կա, բայց ընդդիմադիրի բերած նախագծին դեմ են՝ ասելով, թե այլ լուծում է պետք:

Այս առնչությամբ Վիգեն Խաչատրյանն ասաց. «Սկզբունքայի մի հարց մենք պիտի ճշտենք՝ չպիտի խրախուսենք մեր երկրում հարկ չտալը: Այնպես չի, որ մեկ օրում դա լուծելու ենք: Ու այստեղ խնդիրն այն չի, որ զինվորականների համար բացառություն անենք կամ մեկ ուրիշի համար բացառենք: Բացառություն պիտի այստեղ չլինի: Պատգամավորներից մեկն առաջարկեց լրավճար տալ, այդտեղ էլ Թագուհի Թովմասյանը ասեց՝ քննարկել ենք այդ տարբերակը, լուրջ ծախսերի է բերում: Հիմա պիտի լուծում գտնենք: Բայց ամենասխալ մոտեցումն է առաջարկվել՝ բերեք գումարը տանք, պրծնենք, էլի, իրենք իրենց ճարը տեսնեն: Դա ճիշտ չի»:

Մեր դիտարկմանը, որ պատգամավորներին բյուջեից ձեռքի ծախս են տալիս 250 հազար դրամ ու դրա համար ոչ մի հաշվետվություն չեն ներկայացնում, թե ոնց են ծախսել գումարը՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Ձեր ասած օրինակով հարկե՞ր են թաքցնում, դա ներկայացուցչական ծախսեր են: Հաշվետվություն ո՞ւմ ներկայացնեն: Օրենքը, որ ընդունվել է, ենթադրվե՞լ է հաշվետվություն ներկայացնել: Մենք պիտի սովորենք օրենք կատարել, եթե օրենքը կատարյալ չի՝ կատարելագործենք ու հանուն հարցի լուծման օրենք չշրջանցենք: Այս երեք սկզբունքները պետք է դարձնել կյանքի նորմ, որը չկա մեզանում, աջուձախ ընդունված է եղել, որ ով ինչ շնորհք ունի, դրսեւորում է ու շրջանցում է օրենքը»:

Նա ասաց, որ զինծառայողների բնակարանի հարցը կարելի է այլ կերպ լուծել, ասենք, գյուղում տունը դատարկ է, պետք է տանք սպային, ապրի. «Հանրային հարգալից վերաբերմունքը դեպի բանակը պիտի ձեւավորենք, մեզ են պաշտպանում այդ սպաները, զինվորները, մենք պիտի ամեն ինչով իրենց աջակցենք, բայց դա չի նշանակում հարկ չվճարելը խրախուսելու օրենք առաջարկել: Ես հասկանում եմ, որ խնդիր կա, բայց ամենավատ լուծումն է առաջարկվում»:

Դիտարկմանը, որ 81 զինծառայողի դատում են հիմա, քրգործեր են հարուցվել՝ վարձակալած բնակարանի փաստաթղթերի համար՝ Վիգեն Խաչատրյանը արձագանքեց. «Ո՞վ է ասում դատվելու մասին՝ Մադու իրավունքների հանձնաժողովի նախագահը, որը եթե գիտի, որ մարդ է դատվում, որը պիտի չդատվի, նա պիտի պաշտպանի: Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ օրենքո՞վ են դատում, թե՞ անօրեն, օրենք է խախտել, թե՞ գլխին սարքում են: Ինքը ասում է՝ 20 մլն այսպես ասած պատճառված վնասը, այսինքն, վնաս չի պատճառվել, մարդուց գանձո՞ւմ են: Դա խորհրդարանի ամբիոնում խոսելու ոճ չի, հանրահավաքի լավ ելույթ է: Բայց գալ ամբիոնից ասել, թե՝ ես չգիտեմ ինչ սկզբունքով են ընտրել զինծառայողներին…Ճշտի՛ր: Կասկած է հարուցվում, որ հատուկ մարդիկ են ընտրվել: Մենք փոխադարձ անվստահության մթնոլորտը ոչ թե պիտի լարենք, այլ մեղմացնենք: Ի՞նչ է նշանակում՝ եթե պատգամավորին կարելի է, ուրեմն սպային էլ: Չէ՛, պատգամավորին չի կարելի, եթե գիտես, որ պատգամավորը օրենք է խախտում, խնդիրը սրի, թող պատժվի, բայց ի՞նչ է նշանակում՝ եթե սրան կարելի է, ուրեմն սա էլ: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Կամ, եթե ասում է՝ չգիտեմ ինչ սկզբունքով են մարդկանց դատում՝ ճշտիր, եթե կասկած կա, ո՞վ է քեզ խանգարում: Բայց եթե չես հայտնաբերել, մի հնչեցրու, որովհետեւ դա հավելյալ լարվածություն է ստեղծում սպայական կազմում: Եթե պատգամավորի նախագիծը կառավարության բացասական եզրակացության է արժանացել, պիտի բոլոր ճանապարհներով նա պարզի, թե ինչու է բացասական, ոչ թե գա ասի՝ պարզվում է բացասական է: Գնայիք կառավարություն, ճշտեիք պատճառն ինչ է: Սպան այնտեղ նստած ասում է՝ ապահովեք ինձ բնակարանով: Ճիշտ է ասում: Մենք այնպես պետք է անենք, որ այդ խնդիրը լուծելուց օրենքներ չխախտենք, կամ օրինազանցման նոր դաշտ չձեւավորենք: Մեր հիմնական նպատակն այսօր ընդհանուր պիտի լինի հետեւյալը՝ օրենքները պիտի կատարվեն, օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն: Մենք այս ապրելաոճին սովոր չենք, որովհետեւ տարիներով աջուձախ հակառակն ենք արել ու միանգամից դա կյանքի նորմ սարքելը դժվար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031