«Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցնեն Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց իտալացի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն:

Բոլոր պատգամավորները հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով, որոնք ուղեկցվում էին ծափահարություններով: Նրանք հայտարարեցին՝ անհրաժեշտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որպեսզի տեղում գնահատի, թե ինչ վիճակում է գտնվում հայկական պատմամշակութային ժառանգությունը: Ըստ պատգամավորների մեծամասնության՝ այժմ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն և նա պետք է պատասխանատվություն կրի:
Կարդացեք նաև

Բանաձեւում հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտերով»:
Շեշտվում է, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական եւ գիտական նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության եւ մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»:
Այնուհետեւ, բանաձեւի նախագծում հիշեցվում է, որ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» եւ հաշվի է առնվում, որ՝ «երկարատեւ հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»:
Նկատի է առնվում, որ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»:
Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթներին առավել մանրամասն կանդրադառնանք քիչ անց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































