Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի հայանպաստ նախագծի մանրամասները՝ Դավիթ Շահնազարյանից

Մարտ 09,2022 02:44

«Առավոտի» ձեռքի տակ է՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված եւ մարտի 8-ի ուշ երեկոյան հաստատված՝ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւի նախագիծը

Ինչպես «Առավոտ»-ին անցյալ շաբաթ հայտնել էր Դավիթ Շահնազարյանը, Եվրախորհրդարանի առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է՝ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւը, որի քվեարկությունը տեղի կունենա մարտի 10-ին։

Պաշտոնական Բաքուն հետեւողական շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների վերացումը՝ չնայած ժամանակ առ ժամանակ հրապարակված դատապարտող հայտարարություններին ու հոդվածներին: Ադրբեջանական լայնածավալ լոբբիստական ջանքերի պայմաններում, որով տարիներ շարունակ Բաքուն գործել եւ գործում է ընդդեմ Հայաստանի, Արցախի ու համայն հայության, Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում այս նախագծի ընդգրկվելն արդեն իսկ կարելի է լուրջ հաջողություն համարել, եւ արձանագրել, որ դա հնարավոր է դարձել հետեւողական աշխատանքի շնորհիվ:

Այժմ խնդրի մասին հրատապ բանաձեւն ընդգրկվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում եւ դա վկայում է այն մասին, որ եվրոպացի պատգամավորների համար եւս Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականությունն արդեն ակնհայտ ու անհերքելի փաստ է: Ընդունվելու պարագայում այս բանաձեւը հետագայում կարող է բավական կարեւոր եւ արդյունավետ գործիք դառնալ Ալիեւյան ռեժիմի՝ Արցախի հայկականության հետքը վերացնելու քաղաքականությունը կանխելու ուղղությամբ։

Մեզ հաջողվեց մանրամասներ իմանալ Դավիթ Շահնազարյանից Եվրախորհրդարանում ժամեր առաջ ավարտված խմբակցությունների քննարկման վերաբերյալ, որի արդյունքում վերջնականապես համաձայնեցվել է նախագծի տեքստը, որն առաջիկա հինգշաբթի քվեարկվելու է Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Դավիթ Շահնազարյանը մեզ տրամադրեց քիչ առաջ ընդունված նախագծի ամբողջական, արդեն վերջնական տեքստը։

Մեջբերենք մի քանի կարեւոր հոդվածներ նախագծից:

Այսպես, բանաձեւում Եվրոպական խորհրդարանը՝ հաշվի է առնում, որ՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, մինչդեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից դիտավորյալ մեծ վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց տաճարը գնդակոծվել է, ինչպես նաեւ ավերման, գործառույթի փոփոխության ժամանակ։ Հակամարտության ընթացքում եւ դրանից հետո այլ եկեղեցիներ եւ գերեզմանատներ վնասվել են, ինչպիսիք են՝ Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Սուրբ Եղիշեն: Նկատի է առնվում, որ նախագահ Ալիեւը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները»:

Բանաձեւում հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտերով»:

Շեշտվում է, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական եւ գիտական ​​նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության եւ մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»:

Այնուհետեւ, բանաձեւի նախագծում հիշեցվում է, որ՝ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» եւ հաշվի է առնվում, որ՝ «երկարատեւ հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»: Նկատի է առնվում, որ՝ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»:

Նախագծում հաշվի է առնվում, որ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն դրա ոչնչացման եւ վնասման, այլեւ՝ պատմության կեղծման եւ այսպես կոչված՝ «կովկասյան ալբանացի» ներկայացնելու փորձերի միջոցով»: Այստեղ հիշեցվում է, որ՝ «2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը՝ պատասխանատու է՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար:

Հատկանշական է, որ առանձին կետով Եվրոպական խորհրդարանը արձանագրում է, որ «Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու եւ ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը եւ Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը» եւ որ ընդունում է, որ՝ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռեւիզիոնիզմի եւ հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական ​​մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմի, բռնության հերոսացման եւ տարածքային պահանջների դրսեւորմամբ, որոնք սպառնալիք են հանդիսանում Հայաստանի Հանրապետությանն ու Հարավային Կովկասի խաղաղությանը եւ անվտանգությանը»:

Նկատենք, որ բանաձեւի վերոնշյալ կետով, փաստացի, արձանագրվում է պաշտոնական Բաքվի հայատյաց քարոզչությունը՝ որպես պետական քաղաքականություն, ընդ որում, նաեւ 2020թ. նոյեմբերին ընդունված հրադադարի մասին եռակողմ հռչակագրի ընդունումից հետո, ասել է թե՝ խաղաղության պայմաններում:

Շատ կարեւոր է, որ բանաձեւում Եվրախորհրդարանն ընդգծում է՝ «Պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը»: Այս համատեքստում Ադրբեջանին կոչ է արվում՝ «հրաժարվել իր մաքսիմալիստական ​​նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բարեխիղճ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»:

Նկատենք, որ այս կետում, փաստացի, Եվրախորհրդարանը պաշտոնական Բաքվին մեղադրում է ծավալապաշտական ու ռազմատենչ քաղաքականություն վարելու մեջ եւ շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ եւ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում, այսինքն՝ բանակցային գործընթացը պետք է շարունակվի՝ հենց այդ հարցով: Սա պաշտոնական Բաքվի վերջին ամիսների քարոզչության լիովին հակառակ դիրքորոշումն է, քանի որ Ալիեւը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե՝ «ԼՂ խնդիրը լուծվել է, պատերազմով ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է եւ Բաքուն հասել է իր նպատակներին»:

Եվրախորհրդարանը նաեւ՝ «կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել ԱՄԴ-ի ժամանակավոր որոշումը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, կամ, այլ կերպ վերացնելուց հայկական պատմական մշակութային ներկայությունը, կամ արգելելուց հայերի մուտքն այդ վայրեր եւ դրանցից օգտվելը» եւ «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային եւ կրոնական որեւէ շինություն եւ վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ, եթե կան մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման նոր դեպքեր, դրանք պետք է անհապաղ լուծվեն միջազգային հանրության կողմից»:

Այնուհետեւ Եվրախորհրդարանը «կոչ է անում Հանձնաժողովին օգտագործել բոլոր առկա լծակները Լեռնային Ղարաբաղում վանդալիզմի, մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման գործողությունները կանխելու համար»:

Սրանք մի քանի կետեր են նախագծից, ամբողջական տեքստը, հավանաբար, ժամեր անց կհրապարակվի Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում։

Մեր հարցին` ՀՀ իշխանություններն այս անգամ մասնակցություն ունեցե՞լ են այս նախագծի առաջ մղմանը, Շահնազարյանն ասաց, որ այս անգամ էլ ՀՀ Ազգային Ժողովն՝ իր խորհրդարանական գործիքակազմով ընդհանրապես որեւէ կապ չի ունեցել եւ «մատը մատին չի տվել», սակայն ԵՄ-ում Հայաստանի առաքելությունն այս նախագծի շուրջ որոշակի աշխատանք տարել է։

Ցավոք, բանաձեւի նախագծում կան նաեւ իրականությանը չհամապատասխանող, մեզ համար, մեղմ ասած, անցանկալի երկու կետեր, որոնք Ադրբեջանի ակտիվ ու լայնածավալ, ըստ Շահնազարյանի՝ «կատաղի լոբբինգի» եւ «եվրոպական բալանսավորված քաղաքականության» կողմնակիցների ջանքերով են վերջին պահին հայտնվել նախագծում։ Սակայն այդ կետերը որեւէ կերպ չեն թուլացնում փաստաթղթի բացառիկ կարեւորությունը։

Կարելի է ենթադրել, որ առաջիկա երկու օրերին եւս Ադրբեջանը բազմապատկելու է ջանքերը, որպեսզի Եվրախորհրդարանում մարտի 10-ին կայանալիք լիագումար նիստում բանաձեւի որոշ սկզբունքային կետեր քվեարկությամբ տապալի։ Սակայն արդեն կարելի է գրեթե համոզված կանխատեսել, որ բանաձեւի նախագիծը մեզ համար կարեւորագույն դրույթներով մարտի 10-ին կընդունվի, եւ կդառնա Եվրախորհրդարանի բանաձեւ՝ Ադրբեջանի համար դրանից բխող բոլոր հետեւանքներով։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031